

ԷկոԼուր
«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Ապրես» փոքր ՀԷԿ: «Ապրես» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում՝ Ույծ համայնքի վարչական տարածքում: ՓՀԷԿ-ը կառուցված է Որոտան գետի վրա (երկարությունը 178 կմ): ՓՀԷԿ-ը շահագործում է «Սյունիք» ՍՊԸ-ն:
Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.
- «Ապրես» ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2008թ-ին:
- Ըստ նախագծի՝ ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումը 55.5մ է, հաշվարկային ճնշումը՝ 53.0մ: ՓՀԷԿ-ի հաշվարկային ելքը 3.33մ3/վ է: ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը՝ 1500կՎտ, էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը, ըստ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հոկտեմբերի 1-ի տեղեկանքի, 8.7մլն.կՎտ.ժամ, միջին տարեկան արտադրած էլեկտրաէներգիայի քանակը, ըստ նախագծի, 1.67 մլն կՎտ ժամ, լիցենզիայի ժամկետը` 24.09.2008-24.09.2023թթ., շահագործման ջրօգտագործման թույլտվության ժամկետը` 07.10.2011-07.10.2014թթ.:
- ՓՀԷԿ-ի ջրառի եւ ջրահեռացման կետերի իրական կոորդինատների ՋԹ-ում նշված կոորդինատների միջեւ կան անճշտություններ: ՋԹ-ում նշված ջրահեռացման կոորդինատները մոտ 6 կմ հեռու են կայանի իրական տեղից՝ գետի ափը չեն մատնանշում, այլ՝ սարերի մեջ մի տարածք։
- ՓՀԷԿ-ի բետոնե պատվարի երկարությունը 25մ է, բարձրությունը՝ 8մ: Պատվարից վերև առաջացել է արհեստական լիճ: Նախագծով նախատեսված է եղել 8.7 մ բարձրությամբ, 36 մ երկարությամբ պատվար:
- Գլխամասում առկա է կասկադաձև, մոտ 10 մ երկարությամբ և 8 մ ընդհանուր բարձրությամբ բետոնից կառուցված 6 աստիճան, որոնք ունեն մոտ 60-100 սմ բարձրություն: Նման կառուցվածքը չի կարող ձկնանցարանի դեր կատարել Որոտան գետում բնակվող որևէ ձկնատեսակի համար: Նախագծով նախատեսված է եղել 25.5 մ երկարությամբ, 1.5 մ լայնությամբ ձկնանցարան:
- Բացակայում է ձկնապաշտպան ցանցը: Առկա է 3.6 մ երկարությամբ ստորջրյա աղբորսիչ, որի ճաղերի միջև հեռավորությունը 3.0-3.5 սմ է:
- Աղբորսիչներից հավաքված աղբը լցված է գետի ափին:
- Որոտան գետի տվյալ տեղամասում հանդիպում են հետևյալ ձկնատեսակները՝ կարմրախայտ, արևելյան տառեխիկ, Կուրի բեղաձուկ, Սևանի կողակ /գրանցված է ՀՀ կենդանիների Կարմիր գրքում/, կուրի սպիտակաձուկ, Կովկասյան թեփուղ, արծաթափայլ կարաս: Ձկնային տնտեսություններից այստեղ պարբերաբար հայտնվում է ծիածանախայտը:
- ՓՀԷԿ-ի դերիվացիոն խողովակաշարի երկարությունն, ըստ նախագծի, 1700 մ է, տրամագիծը՝ 1620մմ: Պողպատյա խողովակաշարն անցկացված է գետի ափի երկայնքով։ Այն թաղված չէ խրամուղում և կարող է լուրջ խոչընդոտ հանդիսանալ կենդանիների և մարդկանց համար՝ այդ հատվածում գետին ազատ մոտենալու համար:
- Որոտան գետի վրա կառուցված «Որոտնա ՀԷԿ» (ըստ ՀԾԿՀ-ի 2015թ-ի հունվարի 1-ի տեղեկանքի՝ դերիվացիոն խողովակաշարի երկարությունը՝ 3220մ), «Շինուհայր» (ըստ ՀԾԿՀ-ի 2015թ-ի հունվարի 1-ի տեղեկանքի՝ դերիվացիոն խողովակաշարի երկարությունը՝ 1555մ), «Ապրես» (ըստ ՀԾԿՀ-ի 2015թ-ի հունվարի 1-ի տեղեկանքի՝ դերիվացիոն խողովակաշարի երկարությունը 1700մ), «Որոտան-7» (ըստ նախագծի՝ դերիվացիոն խողովակաշարի երկարությունը՝ 931.37 մ), «Իշխանասար» (ըստ նախագծի՝ դերիվացիոն խողովակաշարի երկարությունը՝ 4356 մ), «Մանե» (ըստ ՀԾԿՀ-ի 2015թ-ի հոկտեմբերի 1-ի տեղեկանքի՝ դերիվացիոն խողովակաշարի երկարությունը՝ 4720 մ) ՓՀԷԿ-երի դերիվացիայի գումարային երկարության (16482.37մ) տոկոսային հարաբերությունը գետի երկարության (178կմ) հետ 9.25%:
- Ըստ ջրօգտագործման թույլտվության` «Ապրես» ՓՀԷԿ-ը տարվա ընթացքում կարող է ջրառ իրականացնել բոլոր ամիսներին՝ 84844.0 հազար խմ տարեկան՝ ապահովելով գետում ՋԹ-ով սահմանված 1 խմ/վ բնապահպանական թողք: Տեսողական դիտարկմամբ 1 խմ/վ բնապահպանական թողքն ապահովված էր:
- «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալներով` «Ապրես» ՓՀԷԿ-ը 2014 թվականին աշխատել է 12 ամիս` արտադրելով 9201447 կՎտ էլեկտրաէներգիա:
- Կայանում տեղադրված է 2 ագրեգատ։
- Ջրառի և ավտոմատ կառավարումն ու հաշվառումը ապահովված է, բնապահպանական թողքինը՝ ոչ:
- Համապատասխան բնապահպանական մարմնի կողմից կնքված ջրաչափ ջրառում չկա:
- Տրանսֆորմատորային ենթակայանը ցանկապատված է, տեղադրված 1 տրանսֆորմատորը կահավորված չէ յուղահավաք համակարգով:
- Կայանի ընդհանուր տարածքը ցանկապատված, բարեկարգված և կանաչապատված է։ Իրականացված է ծառատունկ:
- 2015թ-ին ՓՀԷԿ-ը ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչության կողմից տուգանվել է 100 000 դրամի չափով:
Առաջարկություններ
- Ապահովել գլխամասային հանգույցում բնապահպանական թողքի ավտոմատ կառավարում, ջրաչափիչ սարքերի տեղադրում և առցանց վերահսկում
- Վերակառուցել ձկնանցարանը՝ ապահովելու ձկների նորմալ տեղաշարժը։
- Ստանալ նոր ՋԹ. հնի ժամկետն ավարտվել է: Վերանայել ջրատնտեսական հաշվարկները, քանի որ, ըստ փաստացի տվյալների, արտադրված էլեկտրաէներգիան մոտ 5 անգամ գերազանցել է նախագծային ցուցանիշները, ինչը հնարավոր է ավել ջրաքանակ ունենալու պարագայում:
- Կարելի է հրաժարվել պատվարից, և ջրառը փորձել իրականացնել այլ հիդրոտեխնիկական լուծումների շնորհիվ։
- Թաղել խողովակաշարը հողի տակ այնպես, որ ապահովվի գետին ազատ մոտենալու հնարավորությունը։
- Տեղափոխել հավաքված աղբը համապատասխան աղբավայր։
- Տեղադրել ժամանակակից արդյունավետ սարքավորումներ՝ լրիվ ավտոմատ կառավարման ապահովմամբ, որպեսզի հնարավորինս արդյունավետ օգտագործվի հիդրոէներգետիկ պաշարը։
- Տրանսֆորմատորի տակ տեղադրել յուղորսիչ:
- Տեղադրել ձկնապաշտպան ցանց:
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Լուսանկարները՝ Լեւոն Գալստյանի
Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:
Մարտ 09, 2016 at 15:16














