

2021թ. տարեվերջին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը շրջանառության մեջ դրեց «Վերականգնվող էներգետիկայի և Էներգախնայողության 2022-2030 թթ. ազգային ծրագիր» նախագիծը: Փաստաթղթում վերականգնվող էներգետիկայի տեսակներից հիմնականում նշվում է արևային էներգետիկայի մասին: Հիդրոէներգետիկան, որը վերջին 10-15 տարիների ընթացքում զարգացավ, փաստաթղթում չի դիտարկվում:
Հիդրոէներգետիկայի մասին միայն հետևյալ հիշատակումը կա. «Նկատի ունենալով այն հանգամանքը, որ առաջիկա տարիներին հիդրոէներգետիկ հզորություններում էական փոփոխություններ չեն նախատեսվում (հաշվի առնելով ռեսուրսների սահմանափակությունն ու շրջակա միջավայրի վրա հնարավոր բացասական ազդեցությունը), ընդամենը էներգիայի վերջնական սպառման կառուցվածքում հիդրո էներգիայի մասնաբաժինը 2030 թվականին կազմելու է 3.6 տոկոս՝ 2019 թվականի համեմատ կրճատվելով 2.6 տոկոսային կետով, որն, ըստ էության, «փոխհատուցվելու» է վերականգնվող էներգիայի այլ արդիական աղբյուրների մասնաբաժինների ավելացման հաշվին»։
Հիդրոէներգետիկան չի դիտարկվում հեռանկարային ծրագրերում
Հիդրոէներգետիկան դուրս է մղված փաստաթղթով նախատեսված ծրագրերից: Օրինակ, նախատեսվում է ներքին պահանջարկի համար բնական գազից հրաժարվել 700 ՄՎտ հզորությամբ կայանների կառուցման հաշվին՝ հատուկ նշելով՝ «բացի հիդրոէներգետիկայից»:
Վառելափայտի պահանջարկի կրճատման համար էլ նախատեսվում է համայնքների՝ մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ արևային և հողմային, ինչպես նաև կենսազանգվածային էներգիայի կայանների զարգացման ծրագրեր իրականացնել: Հիդրոէներգետիկայի մասին խոսք չկա:
Նշենք, որ Էլեկտրաէներգիայի օգտակար առաքման ընդհանուր ծավալում հիդրոէներգետիկայի մասնաբաժինը ներկայումս կազմում է 30%՝ ներառյալ Որոտանի և Սևան-Հրազդան հիդրոհամալիրների ու փոքր ՀԷԿ-երի արտադրած էլեկտրաէներգիան:
Մինչդեռ արևային էլեկտրակայանների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի մասնաբաժինն ընդհանուրի մեջ կազմում է շուրջ 1,15%: Մինչև 2040 թվականն այս մասնաբաժինը ծրագրվում է հասցնել 15%-ի: Նույնիսկ այդ ցուցանիշով արևային էներգետիկան կզիջի հիդրոէներգետիկային:
Հիդրոէներգետիկայի մասնաբաժինը նվազում է էլեկտրաէներգիայի տարեկան արտադրությունում
Համաձայն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պաշտոնական կայքի՝ 2019 թվականին Հայաստանի Հանրապետությունում արտադրվել է ընդամենը 7632,3 մլն կվտժ էլեկտրաէներգիա, որից փոքր հիդրոէլեկտրակայանների (ՓՀԷԿ) կողմից՝ 955,6 մլն կվտժ, կամ ընդհանուր արտադրված էլեկտրաէներգիայի 12,52%-ը, հիդրոէներգիա արտադրող խոշոր կազմակերպությունների կողմից՝ 1415,4 մլն կվտժ, կամ արտադրված ամբողջ էլեկտրաէներգիայի 18,54%-ը:
2020 թվականին Հայաստանի Հանրապետությունում արտադրվել է ընդամենը 7723,4 մլն կվտժ էլեկտրաէներգիա, որից ՓՀԷԿ-երի կողմից՝ 832.0 մլն կվտժ, կամ ընդհանուր արտադրված էլեկտրաէներգիայի 10,77%-ը, հիդրոէներգիա արտադրող խոշոր կազմակերպությունների կողմից՝ 946,4մլն կվտժ, կամ արտադրված ամբողջ էլեկտրաէներգիայի 12,25%-ը։
2021 թվականին Հայաստանի Հանրապետությունում արտադրվել է ընդամենը 7674.9 մլն կվտժ էլեկտրաէներգիա, որից ՓՀԷԿ-երի կողմից՝ 804.6 մլն կվտժ, կամ ընդհանուր արտադրված էլեկտրաէներգիայի 10,48%-ը, հիդրոէներգիա արտադրող խոշոր կազմակերպությունների կողմից՝ 1397.2 մլն կվտժ, կամ արտադրված ամբողջ էլեկտրաէներգիայի 18,2%-ը։
Համաձայն կայքի՝ 2021 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ-ում էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիաներ ունի 189 ՓՀԷԿ՝ 384442,4 կվտ ընդհանուր հզորությամբ և տարեկան 960,7 մլն կվտ ժամ էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքմամբ։ Էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիա ունեն, սակայն կառուցման փուլում է գտնվում ևս 23 ՓՀԷԿ՝ 46183,7 կվտ ընդհանուր հզորությամբ և տարեկան 163,9 մլն կվտժ էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքմամբ հնարավորությամբ։
ՀՀ կառավարության 2021թ-ի հունվարի 14-ի N 48-L որոշմամբ հատատված հավելված 2-ով նախատեսվում է փոքր ՀԷԿ-երի կառուցում՝ ընդհանուր դրվածքային հզորությունը 380 ՄՎտ-ից հասցնելով 430 ՄՎտ՝ հզորությունների մոտ 100%-ը։
Փաստաթղթում հաշվի չի առնվում, որ էլեկտրաէներգիայի արտադրության մեջ հիդրոէներգետիկայի մասնաբաժինը կարող է կանխատեսվածից շատ նվազել և խառնել բոլոր կանխատեսումային հաշվարկները, եթե ոլորտը չնախապատրաստեն կլիմայի փոփոխության բացասական ազդեցությանը, և հարմարվողականության ու մեղմման քայլեր չարվեն, եթե չբարձրացվի հիդրոէլեկտրակայանների սարքավորումների ՕԳԳ-ն, եթե հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների հիմքում չդրվեն ճշգրիտ ջրատնտեսական հաշվարկներ: Չլուծված խնդիրները ոչ միայն կազդեն էլեկտրաէներգիայի արտադրության վրա, այլև կխորացնեն բնապահպանական խնդիրները՝ գետային էկոհամակարգերի ոչնչացում, անապատացման գործընթացների խորացում, միկրոկլիմայի փոփոխություն, ձկնապաշարների անկում:
Ֆինանսական դժվարություններ փոքր ՀԷԿ-երի համար
Վերջին տարիներին սնանկացել է փոքր ՀԷԿ շահագործող 5 ընկերություն: Չի բացառվում, որ փոքր ՀԷԿ-երի արտադրած էլեկտրաէներգիայի պարտադիր գնման պետության երաշխավորության 15-ամյա ժամկետի ավարտից հետո և էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման պայմաններում մի շարք փոքր ՀԷԿ-եր ֆինանսական դժվարությունների առաջ կանգնեն:
Առաջարկություններ
Այս ռիսկերը գնահատման և լուծումների մշակման կարիք ունեն, ինչն անհրաժեշտ է ներառել վերականգնվող էներգետիկայի ազգային ծրագրում: Փաստաթուղթը պետք է լուծումներ առաջարկի նաև արևային էներգետիկայի զարգացման արդյունքում առաջացող խնդիրների համար: Ուշագրավ է, որ, ծրագրի ֆավորիտը համարվող արևային էներգետիկայի զարգացման մասին նշելով հանդերձ, փաստաթղթում պատասխաններ չեն տրվում այնպիսի հարցերի, ինչպես օրինակ, ինչ ճակատագիր է սպասվում շահագործումից հանված վահանակներին և մյուս թափոններին, ինչ նորմատիվներ պետք գործեն դրա համար, արդյոք գյուղատնտեսական նշանակության հողերն անարգել արևային էներգետիկայի համար օգտագործելը չի վնասի գյուղատնտեսության զարգացմանը և չի սպառնա պարենային անվտանգությանը:
Այս հարցերի պատասխանները կարևոր են վերականգնվող էներգետիկայի կայուն զարգացման համար:
Մարտ 09, 2022 at 17:12
