

Գեղարքունիքի մարզի Մարտունի խոշորացված համայնքում գործում է «Արգիչի» փոքր ՀԷԿ-ը, որին ազդակիր են Վերին Գետաշեն, Ներքին Գետաշեն և Մադինա բնակավայրերը: Ջրառն իրականացվում է Մադինա համայնքի վարչական տարածքում, ջրբացթողումը՝ Վերին Գետաշեն համայնքի վարչական տարածքում, որտեղ կառուցված է էլեկտրակայանը: «Արգիչի» ՓՀԷԿ-ի խողովակի երկարությունը 9527 մ է:
Վերին Գետաշեն գյուղում տեղի ունեցած հանդիպման ժամանակ տեղի բնակիչները բարձրաձայնեցին փոքր ՀԷԿ-ի հետ կապված խնդիրները:
«100 հեկտար հողամասը լրիվ չորացել է, որովհետև կլիման փոխվել է, չորային տարի է՝ ձյուն ու անձրև չկա: Մյուս կողմից էլ ինչ «Արգիչի» փոքր ՀԷԿ-ը շահագործվում է, ոչ մի լավ բան չենք տեսել... Ամբողջ գյուղը տուժել է ջուր չլինելու, ՀԷԿ-ի պատճառով, հեկտարներով հողեր մնացել են անջրդի....Պայմանագրով ՀԷԿ-ը հուլիսի 15-ին նոր ջուր պետք է տա: Կանաչին էդ եղանակին ինչո՞վ ջրենք, որ հուլիսի 15-ին նոր ոռոգման ջուր է թողնում... Ամբողջ գյուղը խաբվել է: 12 հեկտար տնամերձ ունեմ, կարտոֆիլ էի ցանում, 10 տարի էդ հողը մնացել է, ամեն տարի ես մեկ տոննա կարտոֆիլ կստանայի: Հաշվե՛ք, թե որքան վնաս եմ արել... »,- նշեցին Վերին Գետաշենի բնակիչները:
Ըստ նրանց՝ ոռոգման ջրի անհասանելիությունը գյուղում արտագաղթի նախադրյալներ է ստեղծել. «ՓՀԷԿ-ի կառուցումից հետո 200-300 դուռ է փակվել: Լքում են գյուղացիները, արտագաղթում են... », - նշեցին բնակիչները: Հարցին, թե այդ բոլոր խնդիրների լուծման համար ինչ պահանջ կամ առաջարկ ունեն՝ արձագանքեցին. «Մեր ոռոգման ջուրը հետ տվեք մեզ... Եթե հնարավորություն կա՝ ջրամբար կառուցեն, որպեսզի հա՛մ իրենց ջուր լինի, հա՛մ էլ մեզ բավարարի»:
Վերին Գետաշեն բնակավայրի վարչական ներկայացուցիչ Տիգրան Մուրադյանը նշեց, որ փորձել են «Արգիչի» ՓՀԷԿ-ը շահագործող ընկերությունից ֆինանսական աջակցություն ստանալ, սակայն՝ ապարդյուն: «Բազմաթիվ անգամներ գրավոր տարբերակներով փորձել ենք քննարկել ՀԷԿ-ի տնօրինության հետ, բայց անարդյունք: Առաջարկել ենք, որ բնակավայրին որոշակի ֆինանսական նվիրատվություն իրականացնի: Նույնիսկ առաջարկ է եղել ՓՀԷԿ-ի անմիջական հարևանությամբ գտնվող սրբատեղին վերանորոգել, բայց չեն արել: ՀԷԿ-ն օգտագործում է ջրային ռեսուրս և պետք է ազդակիր համայնքում ներդրումներ իրականացնի»,- նշեց նա:
Վերին Գետաշենի և Ներքին Գետաշենի բնակիչներն ամեն տարի ոռոգման սեզոնին բարձրաձայնում են փոքր ՀԷԿ-ի հետ կապված խնդիրները: Բազմաթիվ անգամ նրանք բողոքի ակցիաներ են կազմակերպել՝ պահանջելով լուծել ջրի խնդիրը: ԷկոԼուրը և «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ն 2020թ. դիմել են Շրջակա միջավայրի նախարարություն՝ համայնքի բնակիչների խնդրի վերաբերյալ և ստացել են հետևյալ պատասխանը.
«... Ինչ վերաբերում է «Հիդրոկոորպորացիա» ՓԲԸ-ի «Արգիչի» ՓՀԷԿ-ի կողմից Արգիչի գետից ոռոգման սեզոնին ջրառ իրականացնելու արդյունքում համայնքի հողատարածքների ոռոգման համար խնդիրներ առաջանալուն, հայտնում եմ.
2020թ. շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցների կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ուսումնասիրության պահին «Արգիչի» ՓՀԷԿ-ի տարածքում Արգիչի գետով հոսում էր մոտ 200-250 լ/վ ջուր, իսկ ՓՀԷԿ-ից Արգիչի գետ ջրահեռացումը կազմում էր 700-800 լ/վ ջուր: ՓՀԷԿ-ի մոտ գտնվող ջրհան կայանը չէր գործում, և «Արգիչի» ՓՀԷԿ-ը՝ համաձայն N 000031 ՋԹ-ի, Արգիչի գետից օգոստոս ամսին ջրառ չի իրականացնում:
Ձեր կողմից ներկայացված այն տեսակետը, թե իբրև «Արգիչի» ՓՀԷԿ-ին ջրօգտագործման թույլտվություն տրամադրելու գործընթացն անցկացվել է խախտումներով, չի ապահովվել հասարակայնության իրազեկում, տեղեկացնում եմ, որ ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 7-ի N217-Ն որոշմամբ սահմանված Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կողմից մշակված փաստաթղթերին հասարակայնության ծանուցման և հրապարակայնության կարգի համաձայն՝ «Արգիչի» ՓՀԷԿ-ի քննարկվող ջրօգտագործման թույլտվությունը լիազոր մարմնի կողմից ներկայացվել է հասարակայնությանը ծանուցման՝ նախագծային փուլում, ինչի վերաբերյալ սահմանված ժամկետում որևէ դիտողություն ու առաջարկություն չի ներկայացվել։
Հայտնում եմ, որ «Արգիչի» ՓՀԷԿ-ին տրամադրված ջրօգտագործման թույլտվությունն իրավաչափ է, և ջրօգտագործման թույլտվության տրամադրման գործընթացն իրականացվել է՝ ապահովելով ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 7-ի N218-Ն որոշման պահանջների համաձայն բոլոր էական փաստական և իրավական հիմքերը»։
ԷկոԼուրի դիտարկումները
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության նամակում գրված է. «...ուսումնասիրության պահին «Արգիչի» ՓՀԷԿ-ի տարածքում Արգիչի գետով հոսում էր մոտ 200-250 լ/վ ջուր, իսկ ՓՀԷԿ-ից Արգիչի գետ ջրահեռացումը կազմում էր 700-800 լ/վ ջուր»: Այս կապակցությամբ նշենք.
- 200-250 լ/վ ջրի հոսքը 4-5 անգամ փոքր է «Արգիչի» ՓՀԷԿ-ին 2014-2017թթ. տրամադրված N 000031 ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված 1000 լ/վրկ բնապահպանական թողքից, որն, ըստ տրամաբանության, կարող էր նաև մեծանալ ՀՀ կառավարության 2018 թվականի հունվարի 25-ի N 57-Նորոշման ընդունումից հետո: Ըստ այդ որոշման՝ գետերի էկոլոգիական թողքը պետք է ավելանար՝ եղածին ավելացնելով 33 տոկոս, որպես «անվտանգության գործոն»՝ ապահովելու գետի հիդրոմորֆոլոգիական, թթվածնային և ջերմային պայմանները, որոնք էլ ապահովում են ջրային օրգանիզմների գոյատևումը և վերարտադրությունը: Ինչպես նաև բնապահպանական թողքի հաշվարկման ժամանակ պետք է հաշվի առնվեր գետերի սնուցման և սեզոնային առանձնահատկությունները:
- Եթե ՓՀԷԿ-ից Արգիչի գետ ջրահեռացումը կազմել է 700-800 լ/վ ջուր, ապա չի պահպանվել Արգիչի գետի էկոլոգիական թողքը:
Հանդիպման մասնակիցները եկան այն եզրահանգման, որ այս խնդիրը նախարարության և այլ լիազոր մարմինների կողմից լուծում չի ստացել: Հետևաբար, այստեղ պահանջվում է առավել մեծ միջամտություն համայնքի և բնակիչների կողմից, ինչին կարող է ծառայել համայնքի զարգացման ծրագրում սոցիալ-էկոլոգիական քաղաքականության ներառումը: Ըստ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանի՝ դա թույլ կտա համայնքին դառնալ որոշման կայացման գործընթացի մասնակից:
Մարտ 10, 2022 at 16:37