Բրդի ու մթերքի վերամշակման արտադրամասեր, հացահատիկի զանգվածային արտադրություն. ինչպես կարող է զարգանալ Վարդենիսը

Բրդի ու մթերքի վերամշակման արտադրամասեր, հացահատիկի զանգվածային արտադրություն. ինչպես կարող է զարգանալ Վարդենիսը

Շրջակա միջավայրի աղտոտում, ոռոգման ջրի անբավարար քանակ, աշխատատեղերի պակաս, գյուղատնտեսական շուկայի բացակայություն. Հայաստանի՝ գրեթե բոլոր գյուղատնտեսական համայնքներին բնորոշ այս խնդիրներից զերծ չի մնացել նաև Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքը: Ոռոգման ջրի հասանելիության, աշխատատեղերի բացակայության, մթերքի իրացման խոչընդոտները հաղթահարելու և արտագաղթը կանխելու իրենց առաջարկները համայնքի բնակիչները ներկայացրել են «ԷկոԼուրին»՝ «Սոցիալ-էկոլոգիական պատասխանատվություն» ծրագրի շրջանակներում Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրում տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

Վարդենիս համայնքում աշխատաշուկան բավական նեղ շրջանակ ունի՝ ՏԻՄ-ի, դպրոցի, մանկապարտեզի, որոշ մասնավոր ընկերությունների ու Սոթքի ոսկու հանքավայրի առկայությունն աշխատանքով է ապահովում բնակիչների միայն մի փոքր մասին: Բնակչության մեծամասնության համար հողագործությունն ու անասնապահությունը շարունակում են մնալ եկամտի միակ աղբյուրը: Սակայն 2020թ. հայ-ադրբեջանական պատերազմից հետո գյուղատնտեսությամբ զբաղվելն էլ այլևս անվտանգ ու եկամտաբեր չէ: Մյուս կողմից էլ ազդում են եղանակային պայմաններն ու ջրի անբավարար քանակը:

«Համայնքի շատ բնակավայրեր այսօր կանգնած են դատարկման խնդրի եզրին՝ 5-10 տարի հետո այդ բնակավայրերում կարող է՝ որևէ մեկը չապրի: Դրան նպաստում է երաշտը, չունենք ոռոգման ջրի պաշար, մարդիկ չեն կարողանում վարել խոտհարքը, ջրել մշակաբույսը, խորքային հորեր են հարկավոր, իսկ դրա դեպքում անձրևացնող համակարգեր, որ համակարգը դառնա շահավետ ու օգտավետ, ոչ թե ջուրը 2 կմ անցնի առվով ու կողքից կորի: Անասնաբուծությունն անկում է ապրում, պատերազմից հետո սահմանի մոտենալը՝ արոտավայրերի ու խոտհարքերի կրճատման է բերել»,- ասաց Վարդենիս համայնքի Գեղամասարի համայնքապետարանի առաջատար մասնագետ Վաղինակ Ոսկանյանը:

Նա նշեց, որ Վարդենիսի տարածաշրջանը Արարատյան դաշտից հետո երկրի երկրորդ հացի շտեմարանն է: Ոռոգման ջրի խնդիրը լուծելու համար Վաղինակ Ոսկանյանն առաջարկում է. «Սոթքում շատ հարմար տեղ ունենք, որտեղից ակունք է առնում մեր գետը: Կարելի է ջրամբար կառուցել, ամբողջ ձմեռ ջուր կհավաքվի, ավելը կգնա Սևանա լիճ, իսկ ամռանը ոռոգումը կկարգավորվի: Ամեն մի խորքային հորի վրա 40 հազար դրամ ծախսելու փոխարեն առուներով կսնուցենք դաշտերը»: Համայնքում անասնապահությունը զարգացնելու համար էլ համայնքապետարանի աշխատակիցն առաջարկում է ստեղծել խոշոր եղջերավորների սերմնաբուծարան՝ եկամտաբեր սորտեր բուծելու և կաթնատվությունն ու մսատվությունը բարձրացնելու համար: «Գյուղացին էլ ոչ թե 6 այլ  16 լիտր կաթ կստանա: Կարելի է նաև կաթի ու մսի արտադրամասեր ունենալ՝ մեծ խանութներին ու քաղաքներին մթերք մատակարարելու համար»,- նշեց նա:

Կութ բնակավայրի վարչական ներկայացուցիչ Սիմա Չիտչյանը մեկն է այն բնակիչներից, ովքեր տուժել են ադրբեջանցի զինվորականների գործողություններից. «Ընդամենը 4-5 կմ օդային գծով հեռավորության վրա ադրբեջանցիներ են նստած: Բնակիչները չեն կարողացել խոտհարքը քաղել՝ 80%-ը նրանց հսկողության տակ է: 2021թ. հունիսին 80 գլուխ կթի կով հինգ ընտանիքից տարան, կրակեցին անասնապահի վրա, անասունները խրտնեցին, մի մասը դեպի իրենց սահմանը վազեցին, մի մասը՝ մեզ մոտ: Մինչ այդ գյուղում 600-ից ավելի խոշոր եղջերավոր է եղել, հիմա ավելի է պակասել: Այդ դեպքից հետո արոտ ու խոտ չլինելու պատճառով գյուղացիները էժան գներով վաճառեցին անասուններին: Դիմել էինք թե՛ մարզպետարան, թե Արման Թաթոյանին (խմբ.՝ 2021թ. Արման Թաթոյանը զբաղեցնում էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը), որ այսքան կով տարել են, նա էլ ներկայացրել էր վարչապետին, բայց ոչ մի արձագանք, ոչ մի օգնություն չենք ստացել: Այս հինգ ընտանիքը կանգնած է գյուղը լքելու խնդրի առաջ: Աշխատող չկա տանը, կաթը հանձնել, դրանով ապրել են: Գործը Քննչական կոմիտեում էր, այդ ընտանիքները ճանաչվել էին որպես տուժածներ, սակայն ընդամենը 31 միլիոն դրամի փոխհատուցում էր տրվել, դա միայն կովի գումարն էր, բայց չէ՞ որ կաթ էին հանձնում, ապրում դրանով»:

Սիմա Չիտչյանի կարծիքով համայնքում փոքրիշատե լարված վիճակը կարող է մեղմվել փոքր ձեռնարկությունների ստեղծման շնորհիվ. «Լավ կլիներ, որ «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը որպես սոցիալական ծրագիր կոմբինատին սպասարկող արտադրություն հիմներ, օրինակ՝ կարի արտադրամաս»,- նշեց նա:

Կութ գյուղի համայնքային ծառայող Ատոմ Ղարիբյանը ևս անդրադարձավ արոտավայրերի քանակի կրճատման խնդրին. «2021թ. մայիսի 12-ից հետո ադրբեջանցիների առաջ գալու հետևանքով մեր գյուղի վարչական տարածքի մոտ 1050 հեկտար արոտավայր մնացել է իրենց կողմում: Եթե այն ժամանակ գյուղում 600-700 գլուխ անասուն պահեին, խնդիր չկար, ապա հիմա եթե այդքան պահեն, արոտավայր չունենք, անասունը սոված է մնում, դա մեծ խնդիր է գյուղի համար: Մոտ 200 գլուխ պակասել է, չհաշված խոտհարքները, որ չենք կարող հնձել, անասուններին վաճառեցին, որ կարողանան մնացածին պահեն: Ոչխարն էլ է պակասել, վաճառել են՝ անասնակեր չունեն, արածացնելու էլ տեղ չկա: Եթե ոչ մի բան չի փոփոխվում, տարեց տարի դատարկվում է գյուղը: Եթե չկարողանան տուն պահել, աշխատել, ստիպված ընտանիքներով տեղափոխվելու մասին են մտածելու»: Նրա խոսքով՝ որպես այլընտրանքային աշխատատեղ կարող է լինել օրինակ քարի արտադրամասի ստեղծումը: «Եթե Վարդենիսի փոխարեն մեր գյուղում հիմնեն, տասը հոգի կաշխատի, տասն ընտանիք կմնա գյուղում, դա նույն աշխատուժն է: Մյուս կողմից, կարող են մեծ գործարանները մասնաճյուղ բացել սահմանամերձ գյուղում, դա ազդակ կլինի, որ գյուղացին մնա այդ գյուղում»,- նշեց նա:

Գեղամասարի համայնքապետարանի տնտեսական  զարգացման պատասխանատու, պատմության ուսուցիչ, Սոթք գյուղի բնակիչ Հայկ Դավեյանը նշեց, որ համայնքում առաջնայինը անվտանգության հարցն է. «Պատերազմից հետո ունենք նոր սահման, և 2021թ. մայիսից ադրբեջանական զորքերը խախտել են սահմանը՝ անմիջական վտանգ ներկայացնելով ոչ միայն բնակիչների համար, այլև՝ նպաստելով գյուղից արտագաղթին»: Նրա խոսքով՝ համայնքի զարգացման մի ճանապարհը ոռոգման ջրի խնդրի լուծումն է, մյուսը՝ զբոսաշրջության զարգացման համար ենթակառուցվածքների ստեղծումը: «Զարգացման տեսանկյունից մեր համայնքի չորս բնակավայրեր՝ Փամբակը, Դառնակը, Արեգունին և Գեղամասարը Սևանա լճին ավելի մոտ են գտնվում, և այնտեղ հնարավոր է տուրիզմի զարգացման ենթակառուցվածքներ ստեղծել: Ոչ հյուրանոց կա, ոչ հոսթել, դրա համար զարգացած չէ տարածաշրջանը: Գուցե՝ եթե բացվեն, ենթակառուցվաքծները զարգանան»,- ասաց Հայկ Դավեյանը:

Սոթքի հիմնական դպրոցի պատմության ուսուցչուհի Բելլա Մարտիրոսյանը նշեց, որ համայնքում սոցիալ-տնտեսական խնդիրներից մեկն էլ մթերքի իրացման շուկայի անհասանելիությունն է. «Հիմնական խնդիրը շուկան է, արտադրանքը չի սպառվում: Կայուն չէ. մի տարի հաջող կլինի, հաջորդ մի քանի տարին՝ լճացած վիճակ»: Որպես այլընտրանքային աշախատեղ նա առաջարկեց գյուղում բրդի վերամշակման արտադրամասի ստեղծումը, ինչը կապահովի նաև գյուղացու արտադրանքի մշակումն ու իրացումը: «Ոչխարաբուծությունը գյուղում զարգացած է, կարելի է բրդի վերամշակման կետ ստեղծել՝ բրդից ստանալ թել, թելից՝ գուլպա գործել, տալ բանակին: Նմանատիպ այլ արտադրամասերի ստեղծումը նոր շունչ կհաղորդի գյուղին, բնակչության մեջ եռուզեռը լայն թափ կստանա»,- նշեց նա:  

Ծրագրի մարզային պատասխանատու, «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Անահիտ Գևորգյանը նշեց, որ Վարդենիսի զարգացմանը մեծապես խոչընդոտել ու խոչընդոտում է թե՛ Սոթքի ոսկու հանքավայրի առկայությունը, թե՛ ներկայում մեծ թափով զարգացող արևային էներգետիկան: «Վարդենիսը բոլոր ժամանակներում եղել է հացի շտեմարան, շատ լավ դաշտեր ուներ, հնարավորություններ, բայց աստիճանաբար և՛ Սոթքի հանքավայրի գործարկումը, և՛ արևային կայանների՝ այստեղ տեղակայումը, փոխեց շատ բան: Կարելի էր ցորեն մշակել, իսկ արևային կայանը կարող են լեռների վրա դնել, ինչո՞ւ են վարելահողերի վրա դնում:

Վարդենիսը զարգանալու մեծ հնարավորություն ունի: Վարդենիսը մեր դարպասն է: Երկրի քաղաքականությունը պիտի գնա նրան, որ Վարդենիսը ամրանա, Ազատում, Նորաբակում, Տրետուքում, Կութում պիտի այնպիսի արտադրամասեր, վերամշակող ձեռնարկություններ, ժամանակակից տեխնոլոգիաներ լինեն, քիչ ջուր պահանջող գյուղատնտեսական բույսեր մշակեն, որ արտադրության արագ կազմակերպման հնարավորություն ստեղծվի: Սառնարան, չրանոցներ լինեն, միրգ չորացնեն, մթերեն, կաթը վերամշակեն, այստեղ աշխատատեղ ստեղծեն՝ բնակչությանը գյուղին կապելու համար»,- նշեց նա:

Անահիտ Գևորգյանը նաև նշեց, որ համայնքի տարածքում գործունեություն ծավալող ընկերությունները համայնքին հասցված բնապահպանական վնասը պարտավոր են փոխհատուցել:

Անահիտ Գևորգյանն անդրադարձավ նաև Սևանա լճի ռեսուրսներից չօգտվելու բացին: «Ինչպիսի աղետ, որ կախված էր Սևանա լճի վրա 15-20 տարի առաջ, նույնը կախված է այսօր, ոչ մի բան չի փոխվել: 15 սմ մակարդակը իջել է, ջուրն անասելի անխնայողաբար են օգտագործում: Սևանի ռեսուրսը չի օգտագործվում նպատակային: Եթե Սևանի շուրջ կարելի էր կառուցել հանգստյան տներ, մարդիկ հանգստանային, ժողովուրդը ոչ թե գումար ծախսեր գնար Եգիպտոս, այլ գար Սևանա լճի ափին և ամառ ու ձմեռ հանգստանար, այդ հնարավորությունը ոտքի տակ են գցել, Սևանը դարձրել են ձկնաբուծարան: Սևանի կենդանական աշխարհը սպանում են, այստեղ ապրող մարդը տեսնում է, որ աղբի վերամշակման կետ են կառուցում հենց Սևանա լճի ափին՝ Սևանը սնուցող գետի ափին, Սևանից 0,5 կմ հեռավորության վրա: Մարտունի գետի կողքին՝ մաքրման կայանի տարածքում, հիսուն հեկտար վերցրել են, որ ամբողջ տարածքի աղբը սեղմեն և ուղարկեն Չարենցավանի վերամշակման գործարան»,- նշեց նա:

«Սոցիալ-Էկոլոգիական պատասխանատվություն» ծրագիրն իրականացվում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն», «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ», «Նոր Հորիզոններ», «ԷկոԼուր» և «Հայաստանի Անտառներ» հասարակական կազմակերպությունների գործընկերությամբ` «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակներում: 

Ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները միմիայն «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ինն ու ծրագրի գործընկերներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ, ԵՀՀ և ԴԱՏԱ կոնսորցիումի տեսակետները:

Մարտ 31, 2022 at 09:09


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր