ՏԿԵՆ-ի պատասխանը քաղհասարակությանը՝ «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ վարչապետին ուղղված հայտարարության վերաբերյալ

ՏԿԵՆ-ի պատասխանը քաղհասարակությանը՝ «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ վարչապետին ուղղված հայտարարության վերաբերյալ
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը պատասխանել է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների՝ ՀՀ կառավարության 10.02.2022թ. նիստում առանց զեկուցման հավանության արժանացած «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված հայտարարությանը: Հայտարարությանը միացել էին ՀՀ քաղաքացիական հասարակության 54 կազմակերպություն՝ պահանջելով ՀՀ կառավարությունից հետ կանչել ՀՀ Ազգային ժողովից «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի խնդրահարույց նախագիծը:
 
Փոխնախարարի պատասխան նամակում նշված է.
 
«ՀՀ կառավարության կողմից 10.02.2022թ. հավանության արժանացած «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ Օրենքի նախագիծ) հետ կանչելու վերաբերյալ Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից ՀՀ վարչապետին ուղղված հայտարարության վերաբերյալ հայտնում ենք. 

ընդերքօգտագործման իրավունքի ձեռքբերման գործընթացում, համաձայն ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 40-րդ հոդվածի 2-րդ մասի, օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք հայցելու դիմումին կից ներկայացված երկրաբանական ուսումնասիրության ծրագիրը Օրենսգրքով նախատեսված այլ փաստաթղթերի հետ միասին ներկայացվում է շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման, իսկ Օրենսգրքի 51-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք հայցելու նպատակով ներկայացված դիմումին կից ներկայացված հանքի փակման ծրագիրը, ընդերքօգտագործման թափոնների կառավարման պլանը և համապատասխան ֆինանսական երաշխիքը, Օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանը և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանով նախատեսված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական երաշխիքները, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունը` կից փաստաթղթերով նույնպես ներկայացնում են շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության։ 

Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 48.1 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք հայցելու նպատակով իրավաբանական անձը լիազոր մարմին է ներկայացնում շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը, իսկ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ փորձաքննության ներկայացվող հայտը պետք է պարունակի տեղեկատվություն հանրության ծանուցման, հանրային լսումների և տեղական ինքնակառավարման մարմինների նախնական համաձայնության վերաբերյալ։ 

ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշմամբ հաստատված՝ հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգի համաձայն՝ հանրության կարծիքների ստացումն իրականացվում է հանրային քննարկումների միջոցով։ Հանրային ծանուցում և քննարկումներ իրականացվում են շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական և հիմնական գնահատումների ընթացքում, փորձաքննության նախնական և հիմնական փուլերում: Հանրային ծանուցումը և քննարկումները տեղի են ունենում չորս փուլով: Հանրային քննարկումների յուրաքանչյուր փուլի ընթացքում հանրության կողմից կարող են ներկայացվել նաև գրավոր դիտողություններ և առաջարկություններ (կարծիքներ)։ 

Բացի այդ՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության փուլերում փորձաքննական կենտրոնն իր պաշտոնական կայքում տեղադրում է հիմնադրութային փաստաթղթին կամ նախատեսվող գործունեությանն առնչվող փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները և ոչ տեխնիկական լեզվով գրված փաստաթղթերի ամփոփ բովանդակությունը: Հանրությունը կարող է ներկայացնել ցանկացած դիտողություն և առաջարկություն, որոնք նրա կարծիքով առնչվում են նախատեսվող գործունեությանը կամ հիմնադրութային փաստաթղթին։ Հանրության հիմնավոր դիտողություններն ու առաջարկությունները ձեռնարկողի և փորձաքննական կենտրոնի կողմից հաշվի են առնվում։ Դիտողություններն ու առաջարկությունները հաշվի չառնվելու դեպքում տրվում են հիմնավոր պատճառաբանություններ։ Նախնական գնահատման գործընթացում իրականացված քննարկումների արձանագրությունները և տեսաձայնագրության կրիչը, հանրության դիտողությունների վերաբերյալ հիմնավոր պատասխանները կցվում են հայտին։ 

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ ՀՀ օրենսդրությամբ հստակ սահմանված են հանրային կարծիքի ներկայացման իրավական մեխանիզմներ և եթե ազդակիր համայնքը դեմ է տվյալ հանքարդյունահանման ծրագրին, ապա ունի հնարավորություն իր կարծիքը ներկայացնելու, իրենց ձայնը լսելի դարձնելու հանրային լսումների ընթացքում։ 

Միաժամանակ հայտնում ենք, որ նշյալ Օրենքի նախագծի մշակումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. Ծրագրի 2.8-րդ՝ Բնական ռեսուրսների կայուն կառավարում բաժնի «Ընդերքօգտագործման գործող իրավունքների շրջանակում հանքավայրերի արդյունավետ շահագործման ապահովում» կետի և 2021թ. նոյեմբերի 18-ի ՀՀ կառավարության N 1902-Լ որոշման 1-ին Հավելվածի «ՏԿԵ նախարարություն» բաժնի 21.1-րդ կետի պահանջից: Օրենքի նախագծում չկա որևէ դրույթ, որով որևէ կերպ սահմանափակվում է հանրության՝ ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու Սահմանադրական իրավունքը կամ Օրհուսի կոնվենցիայով նախատեսված՝ որոշումների ընդունմանը մասնակցելու իրավունքը։ 

Տեղեկացնում ենք նաև, որ հանրային քննարկման նպատակով՝ Օրենքի նախագիծը 04.06.2021-20.06.2021թթ. ժամանակահատվածում տեղադրված է եղել ՀՀ գերատեսչությունների կողմից մշակվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը հանրությանը ներկայացնելու, առցանց տարբերակով հանրային քննարկումներ կազմակերպելու հնարավորություն ստեղծելու, արդյունքում նաև՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը իրականացվող օրինաստեղծ աշխատանքներին ապահովելու նպատակով ստեղծված` ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (https://www.e-draft.am/) Օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ չեն ստացվել։ 

Օրենքի նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով վերջին տարիներին աշխարհում և ՀՀ-ում ստեղծված անկանխատեսելի և արտակարգ պայմանները, որոնք իրենց ազդեցությունն ունեցան նաև ընդերքօգտագործման պարտավորությունների կատարման վրա: Նախագիծը մշակելիս հաշվի է առնվել, որ օրենսդրությամբ ընդերքօգտագործողի պարտավորությունների իրականացման համար սահմանված են հստակ ժամկետներ, իսկ դրանց չպահպանումը (այդ թվում նաև՝ անհաղթահարելի ուժի առաջացման հետևանքով) հանգեցնում է բացասական հետևանքների (այդ թվում նաև՝ պայմանագրային պարտավորությունների չկատարման)՝ ընդհուպ մինչև օրենքով սահմանված կարգով ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման: 

Օրենսգիրքը լրացվում է նոր՝ 55.1-րդ հոդվածով, համաձայն որի` կկարգավորվեն անհաղթահարելի ուժի առաջացման հետևանքով, այդ հանգամանքների գործողության ժամկետով ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգման հետ կապված իրավահարաբերությունները, ինչը հնարավորություն կտա ընդերքօգտագործող ընկերություններին պատշաճ կատարել այն պարտավորությունները, որոնք չէին կատարվել կամ ոչ պատշաճ էին կատարվել։ Հաշվի առնելով, որ նշյալ իրավակարգավորումը չի վատթարացնում, այլ հակառակը` բարելավում է օրենքի կարգավորման շրջանակում գտնվող սուբյեկտների իրավական վիճակը՝ օրենքին տրվել է հետադարձ ուժ վերջին 4 տարիների համար՝ հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածը։ 

Ներկայացված օրենսդրական նախագծի ընդունմամբ` ի թիվս մի շարք այլ կարգավորումների, կկարգավորվեն նաև անհաղթահարելի ուժի առաջացման հետևանքով գործող ընդերքօգտագործման իրավունքների ժամկետի երկարաձգման հետ կապված իրավահարաբերությունները: Միաժամանակ հայտնում ենք, որ օրենքը տարածվելու է գործող ընդերքօգտագործման իրավունք ունեցող բոլոր կազմակերպությունների վրա և Օրենսգրքի 55.1 հոդվածի 1-ին մասով սահմանված անհաղթահարելի հանգամանքների, դրանց տևողության և անմիջական ազդեցությունը հավաստող ապացույցների և փաստաթղթերի Լիազոր մարմին ներկայացնելու դեպքում օրենքով սահմանված կարգով ընդերքօգտագործման իրավունքի ժամկետը կարող է երկարաձգվել՝ առավելագույնն այդ հանգամանքների գործողության ժամկետով։ Քանի որ ներկայացված փոփոխությունների համաձայն նախագծային փոփոխությունները կատարվելու են զուտ ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի փոփոխության մասով եւ տարածքի, տարեկան արտադրողականության, տեխնիկա տեխնոլոգիական, տրամադրվող պաշարների փոփոխություններ չեն իրականացվելու, հետեւաբար ներկայացվող փոփոխված ժամանակացույցով նախագիծը կամ երկրաբանական ուսումնասիրության ծրագիրը շրջակա միջավայրի վրա ազդեցության եւ տեխնիկական անվտանգության նոր փորձաքննության ենթակա չէ, իսկ դրական եզրակացություն ստացած փորձաքննությունների ժամկետները համարվում են համապատասխանաբար երկարաձգված։ 

Նախագիծը չի հակասում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ կետին, քանի որ Նախագծի 55.1-րդ հոդվածը սահմանում է արդեն իսկ գործող ընդերքօգտագործման իրավունքների երկարաձգման իրավական կառուցակարգեր այն դեպքում, երբ ընդերքօգտագործման իրավունքի տրամադրումից հետո ընդերքօգտագործման պարտավորությունների կատարման համար առաջացել է անհաղթահարելի ուժ՝ արտակարգ և անկանխելի հանգամանքներ, որոնք անկախ գործադրված ջանքերից, խոչընդոտել են ընդերքօգտագործողի պարտավորությունների պատշաճ կատարմանը»: 

 

Մարտ 31, 2022 at 15:15


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր