Ինչու է փոխվում Ընդերքի մասին օրենքը․ փոփոխությունների պատճառն Ամուլսարն է

Ինչու է փոխվում Ընդերքի մասին օրենքը․ փոփոխությունների պատճառն Ամուլսարն է

www.1in.am, Սիրանույշ Պապյան

Թեև 41 ՀԿ նամակով դիմել էին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին, Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին և ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանին՝ պահանջելով խոչընդոտել ՀՀ ԱԺ հերթական նիստում քվեարկության դրվող «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը, այնուամենայնիվ, այն այսօր ԱԺ-ում ընդունվեց առաջին ընթերցմամբ։
Հայտարարության մեջ նշված է, որ քաղաքացիական հասարակության առաջարկներից ոչ մեկը չի ընդունվել օրինագծի հեղինակների կողմից։

Այս օրինագծով առաջարկվում է Ընդերքի մասին օրենսգիրքը լրացնել նոր՝ 55.1 հոդվածով, որը նախատեսում է ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգում անհաղթահարելի ուժի հիմքով: Ի թիվս մի շարք պատճառների՝ այդ թվում պայթյունների, պատերազմի, ահաբեկչության, քաղաքացիական պատերազմի, անհաղթահարելի ուժ է համարվելու քաղաքացիական զանգվածային անհնազանդությունը, որն, ըստ էության, հասարակության բողոքի դրսևորման ձև է, ինչի արդյունքում հնարավոր չի եղել հանքավայրում կազմակերպել ընդերքօգտագործման աշխատանքները: Նախագծի համաձայն՝ ընդերքօգտագործման գործող իրավունքի ժամկետները երկարաձգվելու են առավելագույնն այդ հանգամանքների գործողության ժամկետով՝ առանց նոր փորձաքննության անցկացման։ Անհաղթահարելի ուժի հիմքով ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգմանը վերաբերող իրավակարգավորումները տարածվելու են նաև մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ընդերքօգտագործման իրավունք ստացած ընդերքօգտագործողների վրա, եթե անհաղթահարելի ուժը ծագել է սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան նախորդող չորս տարվա ընթացքում։

Պատգամավոր Բաբկեն Թունյանը Տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանին փոխանցեց որոշ ՀԿ-ների մտահոգությունը` կապված նախագծում առկա «քաղաքացիական անհնազանդություն» բառակապակցության հետ, մասնավորապես այն, որ այս ձևակերպումը, ըստ ՀԿ-ների, անորոշություն է պարունակում, այն հասկանալի չէ: Հովհաննես Հարությունյանը նշել է, որ ՀԿ-ների ներկայացուցիչների հետ որոշ հարցեր քննարկվել և պարզաբանվել են: Նա նշել է, որ «Քաղաքացիական անհնազանդություն» եզրույթն առաջին անգամ է օգտագործվելու օրենսգրքում, և դա նշանակում է, որ որոշակի իրավիճակներում մարդիկ կարող են ակցիաներ կազմակերպել այս կամ այն քաղաքականության դեմ, որը վարվում է Կառավարության կամ իշխանությունների կողմից:

Հասարակական կազմակերպությունները վստահ են, որ այս փոփոխությունն արվում է մասնավորապես Ամուլսարի հանքը անարգել շահագործելու համար։

«Էկոլուր» հասարակական տեղեկատվական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով առաջին ընթերցմամբ նախագծի ընդունմանը, նշեց՝ սա ոչ միայն ցույց տվեց, որ մեր առաջարկություններից որևէ մեկը չի եղել ընդունելի, այլ նաև այն, որ ճնշումը հասարակության վրա կմեծանա․ «Սա նշանակում է, որ եթե այս օրենքը իրոք ուժի մեջ մտնի, հասարակությունն այլևս որևէ ձևով չի կարող բողոքարկել, ցանկացած առաջարկ կառավարության կողմից չի կարող արձագանք ունենալ, քանի որ բողոքը պետության դեմ է լինելու։ Սա շատ լուրջ մեղադրանք է մեր նկատմամբ։ Եվ այս արձագանքը, որ պետք է փոխեն տեքստը, շատ ավելի խիստ ճնշում է լինելու։ Սա ուղղակի ոտնահարում է  ժողովրդավարության, նաև Սահմանադրության, և մենք այս պահին տարբեր քայլեր ենք մշակում, որ եթե սա ընդունվի, սա ոչ միայն կոնկրետ ոլորտի ուղղված պետք է լինի, այլ ընդհանրապես մարդու իրավունքների և սահմանադրության խախտում է լինելու»,-ասաց Զարաֆյանը։

Նա նշեց, որ ՀԿ-ների կողմից ներկայացված որևէ առաջարկ չի ընդունվել, մասնավորապես քաղաքացիական անհնազանդության հետ կապված առաջարկը․

«Մենք պատրաստ ենք եղել մտնել աշխատանքային խումբ և կոնսենսուսի գալ, բայց երբ ասացինք, որ այս կետը հասարակական հոսքի հետ կապված չի կարող ընդունելի լինել, միանգամից հանձնեցին ԱԺ, իսկ ահա փոխնախարարի արձագանքը նշանակում է, որ ճնշումն ուզում են մեծացնել հասարակության վրա»,-ասաց Զարաֆյանը։

Ըստ նրա՝ այսպիսի փոփոխությունների նպատակը մեկն է․ հիմա արդեն բոլոր համայնքներում շատ լավ հասկանում են, որ հանքարդյունաբերության զարգացումն իրենց համայնքում որևէ արդյունք չի տալու, իսկ արդյունքում ունենալու են աղտոտված միջավայր, վատառողջ երեխաներ, լրջագույն առողջական խնդիրներ, և սա ապացուցված է տարբեր համայնքների կողմից, որտեղ հանքարդյունաբերությունը «ծաղկում» է։

Նրա խոսքով՝ հանքարդյունաբերությունը Հայաստանում մեծ թափ է առել, այս պահին 30 հանքավայր կա, որտեղ պաշարները հաստատված են և կան լիցենզիաներ շահագործման համար, սակայն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ որևէ մեկը իր պարտավորությունները չի կատարում և որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվում դրա համար։

«Աղտոտելով և ավերելով մեր տարածքները՝ նրանք դուրս են գալիս համայնքներից։

Եվ հիմա այս փոփոխությունների հիմնական պատճառն Ամուլսարն է»։

«Եթե այս օրենքը լինի, ուժային ճնշումը կմեծանա։ Հասկանալի է, որ հիմա պետությունը ճնշման գործիքներ է ընտրում, որը նախկինում ընկերություններն էին անում տարբեր դատական գործերով»,-հավելեց նա։

Նյութի սկզբնաղբյուրը՝ այստեղ:

Ապրիլ 13, 2022 at 13:04


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր