Ապարանի խոզաբուծարանից արտանետումները՝ բողոքի պատճառ

Ապարանի խոզաբուծարանից արտանետումները՝ բողոքի պատճառ

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Մեսրոպ Մաշտոց փողոցի բնակիչները կրկին բողոքում են բնակելի տներից 10-30 մ հեռավորության վրա գտնվող խոզաբուծարանի առաջացրած գարշահոտությունից։ «Սարսափելի հոտ է տարածվում խոզաբուծարանից, ինչի պատճառով ամռան տապին չենք կարող անգամ պատուհանները բացել: Իսկ խոզաբուծարանի արտադրական կեղտաջրերը շարունակում են թափվել Քասախ գետ»,- ԷկոԼուրին ասացին բնակիչները։

Խնդիրը նոր չէ։ Դեռ 2022թ. սեպտեմբերին բնակիչների ահազանգից հետո Ապարանի համայնքապետարանը բնակիչներին հայտնել էր, որ անասնատիրոջը գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ ծանուցում է ուղարկել խոզաբուծարանի տիրոջը։ Սակայն խնդիրը չի լուծվել։

«Չնայած այդ հանգամանքին, որ կա խոզաբուծարանի դադարեցման որոշում, այն դեռ գործում է ու ամառվա տապին զուգահեռ դրսում գտնվելը դառնում է անհնարին... Համայնքապետարան մեր դիմումից հետո ընկերությունը մի խողովակ է տեղադրել: Եթե նախկինում կեղտաջրերը հենց այնպես էին դուրս թափվում խոզաբուծարանի տարածքից, ապա հիմա՝ խողովակի միոջոցով են գետ լցվում... »,- նշեցին բնակիչները: 

Ապարանի համայնքապետի առաջին տեղակալ Արկադի Կարապետյանն ԷկոԼուրին հայտնեց․ «Նորից հանձնարարել եմ ուսումնասիրություն կատարել խոզաբուծարանում, որպեսզի հասկանանք՝ ինչ վիճակ է, ինչ է իրականացվել մեր հանձանարարականից հետո, ըստ դրա կլինի լրացուցիչ տեղեկատվություն, հետագա քայլերը հասկանալի կլինեն»,- ասաց նա:  

Բնակիչները խնդրի առնչությամբ դիմել են նաև ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին: 

Հունիս 15, 2023 at 13:41


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր