Ուսումնասիրվում է Թուխմանուկի հանքավայրի ազդեցությունը Մելիքգյուղի վրա

Ուսումնասիրվում է Թուխմանուկի հանքավայրի ազդեցությունը Մելիքգյուղի վրա

Չեխական «Առնիկա» հասարակական կազմակերպության փորձագետները՝ հայաստանյան «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և «ԷկոԼուր» ՀԿ-երի հետ համատեղ, հետազոտություն են անցկացնում Արագածոտնի մարզի Մելիքգյուղ բնակավայրում՝ պարզելու, թե ինչ ազդեցություն է թողել Թուխմանուկի ոսկու հանքավայրը շրջակա միջավայրի և մարդկանց օրգանիզմի վրա։

Հետազոտություններն անցկացվում են «Քաղաքացիական հասարակության մասնակցությունը Հայաստանում քիմիական անվտանգության պաշտպանությանը» ծրագրի շրջանակներում` Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աջակցությամբ: Փորձագետները փորձանմուշներ են վերցրել Թուխմանուկի ոսկու հանքավայրի լքված պոչամբարի հարակից տարածքների հողերից, ջրային աղբյուրներից, Մելիքգյուղի բնակիչների այգիներից։ Կհետազոտվեն նաև բնակիչներից վերցված կենսանմուշները՝ մազերը և մեզը։

Թուխմանուկի ոսկու հանքավայրը տեղակայված է Արագածոտնի մարզի Մելիքգյուղ բնակավայրի տարածքում, որը կանգնած է բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրների առաջ։ Բնակիչները հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ, սակայն եկամուտները բավարար չեն։

Երբ «Մեգո Գոլդ» ընկերությունը շահագործում էր Թուխմանուկի հանքավայրը, բնակիչների մի մասը զբաղվում էր հանքարդյունաբերական աշխատանքներով։ Սակայն, երբ նախատեսված ժամկետից շուտ հանքավայրի շահագործումը դադարեցվեց, ընկերության կողմից չվճարված աշխատավարձերի պատճառով բնակիչները հայտնվեցին սոցիալական ծանր վիճակում։  

2016 թվականին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով ընկերությունը  սնանկ ճանաչվեց, սակայն Վերաքննիչ դատարանի վճռով վարույթը կարճվեց։

«Մեգո Գոլդ»-ի գործունեության ընդհատումը բերեց նաև բնապահպանական խնդիրների՝ մասնավորապես պոչամբարները ռեկուլտիվացված չեն, իսկ արտադրական լցակույտերից շարունակվում են փոշու արտանետումները:

Արդեն 2021 թվականին ընկերությունը սկսեց մարել համայնքի նկատմամբ ունեցած պարտքերը:

Մելիքգյուղի բնակիչները փորձագետների հետ հանդիպման ժամանակ ներկայացրին իրենց սոցիալական վիճակը։ Բնակչուհի Հ․Գ-ն պատմեց, որ աշխատանք չունենալու պատճառով երիտասարդները մեկնում են մոտակա քաղաքներ և զբաղվում շինարարությամբ․ «Շատերը գյուղից դուրս են եկել: Գյուղում փոքրիկ ֆաբրիկա պետք է լինի, երիտասարդությունը աշխատի, դուրս չգա, գյուղը չդատարկվի»:

«Ոսկու հանքը, որ կար, աշխատանք կար, բայց բաց հանք է, պոչամբարը լավ վիճակում չէ․․․Պոչամբարից ջուրը դուրս է եկել, ոռոգման ջրին է խառնվել, ոռոգել ենք այդ ջրով, կարտոֆիլը չորացել է․․․Ինչպե՞ս կարող եմ այստեղ ապրել, եթե վտանգ սպառնա, ես հողով եմ ապրում, ծառով եմ ապրում․․․», - ասացին բնակիչները։

«Տարիներ շարունակ աշխատելով հանքարդյունաբերական տարածքներում՝ մենք ստացել ենք այնպիսի արդյունքներ, որոնք ապացուցում են ուղղակի կապը շրջակա միջավայրի աղտոտվածության և մարդու օրգանիզմի աղտոտվածության միջև։ Պետք է ընդունվեն այնպիսի մեխանիզմներ, որոնք կպաշտպանեն մարդուն աղտոտված միջավայրի հետևանքներից: Իսկ հանքարդյունաբերող ընկերությունների վրա պետությունը պետք է դնի սոցիալական, կորպորատիվ պատասխանատվություն, որպեսզի բիզնեսը չաղտոտի շրջակա միջավայրը և չազդի մարդկանց առողջության վրա», ասաց «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը։

«Մեր կազմակերպությունը Հայաստանում արդեն մի քանի տարի է՝ անխափան աշխատում է։ Մենք մեր գործողությունների միջոցով մեծացնում ենք տեղի բնակիչների մոբիլիզացիան և իրազեկվածությունը քիմիական անվտանգության վերաբերյալ, տրամադրում տեղեկատվություն այն ռիսկերի մասին, որոնք կարող են առաջանալ ծանր արդյունաբերության ազդեցության տակ գտնվող համայնքներում։ Սկսել էինք Լոռու մարզից՝ Ստեփանավանի և Թումանյանի տարածաշրջաններից։ Այնտեղ մարդիկ ակտիվ էին, նրանց հետաքրքրում էին ռիսկերը, նաև այն, թե ինչպես կարող են պաշտպանել իրենց և ընտանիքները: Մարդիկ սկսեցին հայցեր ներկայացնել դատարաններ՝ իրենց առողջությանն ու շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցում ստանալու համար», - ասաց ծրագրի համակարգող, «Առնիկա»-ի ներկայացուցիչ Վալերիա Գրեչկոն։

«Ունենալով փորձաքննության արդյունքները՝ քաղաքացիները կարողանում են պաշտպանել իրենց շահերը՝ պահանջելով փոխհատուցում՝ այդ թվում առողջական խնդիրների համար։ Նրանք նաև կարողանում են ստիպել ընկերություններին լինել պատասխանատու, իսկ տեղական իշխանություններին արտացոլել իրենց պահանջները համայնքերի սոցիալ-տնտեսական ծրագրերում», - նշեց «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը։

Հուլիս 19, 2023 at 14:27


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր