Ներկայացնում ենք կլիմայի հարցերով փորձագետ, նոբելյան մրցանակակիր, CAN EECCA միջազգային կլիմայական ցանցի անդամ Ալեքսեյ Կոկորինի վերլուծական աշխատանքը՝ նվիրված COP29 կլիմայական համաժողովին, որը տեղի կունենա Բաքվում 2024 թվականի նոյեմբերի 11-ից 22-ը:
ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 29-րդ համաժողովի խնդիրներն ու սպասվող արդյունքները
Ալեքսեյ Կոկորին, «ПРОклимат» տեղեկագիր, թողարկում №7, https://carbonlab-llc.com/proklimat
ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի ամենամյա 29-րդ համաժողովը (COP29՝ ԿՓՇԿ) տեղի կունենա Բաքվում՝ 2024 թ. նոյեմբերի 11-22-ը։ Ինչպես նախորդ կլիմայական գագաթնաժողովները, այս միջոցառումը կլինի գլոբալ հարթակ, որն անցկացվում է երեք ձևաչափով։ Նախ՝ պաշտոնական բանակցություններ, որտեղ ընդունվում են ԿՓՇԿ-ի փաստաթղթերը։ Սակայն դրանցում երբեք չեն անդրադառնում առանձին երկրների գործողությունների՝ միայն նրանց խմբերի, առաջին հերթին՝ զարգացած և զարգացող երկրների։ Երկրորդը երկրների հայտարարություններն ու նրանց բարձրաստիճան պաշտոնյաների ելույթներն են, որտեղ ներկայացվում են կոնկրետ թվեր, երկրների նպատակները՝ ուղղված ցածրածխածնային զարգացմանը, հարմարվողականությանն ու ֆինանսավորմանը։ Երրորդ ձևաչափը ոչ պաշտոնական միջոցառումներն են, որտեղ քննարկվում է հարցերի լայն շրջանակ՝ սկսած գիտական և բնապահպանական խնդիրներից մինչև երկրների, ընկերությունների և ֆինանսական ինստիտուտների գործողությունների քննադատական գնահատական։ Այդ միջոցառումները հարթակ են երկրների, ընկերությունների և կազմակերպությունների հաջողությունները ցուցադրելու, գործընկերային հարաբերություններ սկսելու և համատեղ ծրագրեր մշակելու, COP-ի ընթացքի ու փաստաթղթերի, ապագայի հեռանկարների վերաբերյալ կարծիքներ արտահայտելու համար։
Սկզբնապես ԿՓՇԿ-ն և դրա Կիոտոյի արձանագրությունը ուղղված էին ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը։ Սակայն 2015թ. Փարիզյան համաձայնագրի կնքումից հետո, որը նախաձեռնել է հարմարվողականություն և կլիմայական մեծ ֆինանսավորում, COP-ի արդյունքները՝ ինչպես պաշտոնական որոշումները, այնպես էլ երկրների, ընկերությունների և կազմակերպությունների միջև պայմանավորվածությունները, ուղղակի կամ անուղղակի կապ ունեն զարգացող երկրների ֆինանսավորման հետ։ Ֆինանսները դարձել են բոլոր COP-երի հիմնական խնդիրը, հատկապես՝ COP 29-ի։
Փարիզյան համաձայնագրում սահմանվել է արտանետումների վերաբերյալ նպատակ, հարմարվողականության նպատակն ընդունվել է COP28-ում, իսկ այժմ հերթը ֆինանսավորմանն է, ինչը կամբողջացնի Փարիզյան համաձայնագրի հոդված 2-ի նպատակների փաթեթը։
COP29-ի երկրորդ առանձնահատկությունը՝ «Գործ 2-ը», վաղուց սպասված որոշումների ավարտն է՝ Փարիզյան համաձայնագրի 6.2 և 6.4 հոդվածների (շուկայական մեթոդներով ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման հարցում միջազգային համագործակցություն) վերաբերյալ, ինչը «կանաչ» լույս կտա ածխածնային միավորներով գործարքներին։
COP29-ի պաշտոնական օրակարգի մյուս կետերը նվիրված են «արդար անցմանը» (Just Transition, JT)՝ նոր էներգետիկայի և ընդհանրապես տնտեսության հարմարվողականության վերափոխման ուղիով, «պատասխան միջոցառումներով» (որոշ երկրների ցածրածխածնային զարգացման ազդեցությունը մյուսների տնտեսության վրա) և համապատասխան հնգամյա պլանով։ Հատուկ ուշադրություն կդարձվի «կորուստների և վնասների» թեմային (Loss and Damage, LD) այն իրավիճակներին, երբ հարմարվողականությունը գրեթե անհնար է, և օգնություն է պահանջվում, ակնկալվում է նոր հիմնադրամի կազմակերպչական հարցերի լուծում՝ կապված «կորուստների և վնասների» հետ։
Սրա հետ մեկտեղ հաշվի կառնվի 2025թ. նախանշված՝ Փարիզյան համաձայնագրի նպատակների իրականացման համար երկրների նոր Ազգային սահմանվող ներդրումների (Nationally Determined Contributions, NDC) ընդունումը՝ նոր նպատակների և խնդիրների համատեքստում։
COP 29-ի հիմնական խնդիրը՝ Փարիզյան համաձայնագրի ֆինանսական նպատակը
Փարիզյան համաձայնագրի կնքման պահին որոշվեց, որ զարգացած երկրները մինչև 2020թ․ կմոբիլիզացնեն կլիմայական ֆինանսավորում զարգացող երկրների համար՝ տարեկան 100 միլիարդ դոլարի չափով: Այս նպատակը հաջողվեց իրականացնել 2022 թվականին։
Նոր, համատեղ, քանակական արտահայտված կլիմայական ֆինանսավորման նպատակին (New Collective Quantified Goal on Climate Finance, NCQG) նվիրված քննարկումները շարունակվեցին ամբողջ տարվա ընթացքում, և բացահայտեցին երկու սկզբունքային հակասություն զարգացած և զարգացող երկրների միջև․ գումարային միջոցների ընդհանուր ծավալը և դրա դինամիկան։ Զարգացած երկրներն առաջարկում են աստիճանաբար ավելացնել ծավալը՝ ընդգծելով, որ աճը պահանջում է նոր մոտեցումներ և մասնավոր միջոցների ներգրավում։
Առաջարկվում է նպատակը սկսել 100 միլիարդ դոլար/տարի մակարդակից։ Զարգացող երկրները պահանջում են կտրուկ ավելացում, մի շարք երկրներ խոսում են 1-1,3 տրիլիոն դոլար/տարի մակարդակի մասին։ Գոյություն ունի նաև 2,4 տրիլիոն դոլար/տարի տարբերակը մինչև 2030 թ․, որն առաջարկվել է 2023 թ․ Independent High-Level Expert Group on Climate Finance զեկույցում։ Բրազիլիան, Չինաստանը, Հնդկաստանը և Հարավային Աֆրիկան՝ BASIC խումբը, կողմ են անցմանը միլիարդներից տրիլիոնների՝ առանց հստակ ժամկետ նշելու։ Միևնույն ժամանակ, լրատվամիջոցները նշում են 5 տրիլիոն դոլարի կլիմայական պարտքի մասին, որն ունի Գլոբալ Հյուսիսը Գլոբալ Հարավի նկատմամբ։
Դոնորների բազա: Ներկայում հաշվի են առնվում միայն զարգացած երկրների միջոցները, որոնք ընդգրկված են ԿՓՇԿ-ի Հավելված 1-ում, որտեղ չեն ներառվում Բրունեյը, Իսրայելը, Չինաստանը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Սինգապուրը, Հարավային Կորեան և այլ երկրներ։
BASIC խմբի դիրքորոշումն այն է, որ զարգացած երկրների պետական միջոցներից տրամադրվող դրամաշնորհները պետք է կազմեն հիմքը, ինչը նրանք հիմնավորում են կլիմայի փոփոխության նկատմամբ պատմական պատասխանատվությամբ։ Ֆինանսավորման տեսակների և ուղղությունների կառուցվածքը նույնպես բազմաթիվ հարցեր է առաջացնում։
Կորուստներ և վնասներ։ Բազմաթիվ թույլ և խոցելի երկրներ առաջարկում են առանձին ուղղություն՝ համարժեք մեղմացմանն ու հարմարվողականությանը։ Նրանց աջակցում են բնապահպանական ՀԿ-ները։ Սակայն զարգացած երկրները դեմ են։
Դրամաշնորհների և վարկերի մասնաբաժինները։ Մասնավորապես, զարգացող երկրներին անհրաժեշտ են հենց դրամաշնորհներ, քանի որ նրանց հիմնական խնդիրները կապված են առողջապահության, ջրի և գյուղատնտեսության հետ։
Առավել խոցելի երկրների մասնաբաժինները։ ՄԱԿ-ում նվազագույն զարգացած երկրների (LDC) և փոքր կղզային զարգացող պետությունների (SIDS մոտ 70 երկրներ) կողմից արտահայտվում են հատուկ պահանջներ, որոնք ճանաչվում են Փարիզյան համաձայնագրի 9-րդ հոդվածում։ Նրանք ցանկանում են, որ իրենց համար նախատեսվեն որոշակի մասնաբաժիններ ֆինանսավորման մեջ։
Հավասար մասնաբաժիններ հարմարվողականության և մեղմացման համար։ Այս հարցում իրավիճակն ամենամոտ է համաձայնության հասնելուն (հաշվի առնելով, որ «կորուստներ և վնասներ» ներառվում են հարմարվողականության մեջ)։ 2022 թվականին մոտ 70 միլիարդ դոլար ուղղվել է մեղմացմանը, 32 միլիարդ՝ հարմարվողականությանը և 13 միլիարդ՝ այն գործողություններին, որոնք ընդգրկում են երկու տեսակ գործունեություն։ Նախկինում զարգացած երկրները համաձայնվեցին 2019-2025թթ. ընթացքում երկակի չափով ավելացնել զարգացող երկրներում հարմարվողականության միջոցների ֆինանսավորումը (COP29-ում կներկայացվի զեկույց առաջընթացի մասին)։ Այնուամենայնիվ, նրանք ընդգծում են, որ մասնավոր միջոցներն ու նորարարական աղբյուրները նույնպես պետք է աճեն։
Ընդգծվում է, որ բոլոր հարցերը պահանջում են «հիմք»՝ միջոցների տրամադրման և ծախսման թափանցիկության ապահովման հարցում (բոլոր երկրները պետք է ներկայացնեն երկամյա զեկույցներ թափանցիկության մասին՝ Փարիզյան համաձայնագրի 13-րդ հոդվածի համաձայն, ինչը նույնպես կլինի COP29-ի թեման)։
COP 29-ի երկրորդ խնդիրը՝ միջազգային համագործակցություն շուկայական մոտեցումներով արտանետումների նվազեցման հարցում (Փարիզյան համաձայնագրի 6.2 և 6.4 հոդվածներ)
Փարիզյան համաձայնագրի 6-րդ հոդվածը վերաբերում է երկրների միջև կամավոր համագործակցությանը ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման հարցում։ Այն բաղկացած է երեք իմաստային մասերից, որոնցից երկուսը հիմնված են արտանետումների կրճատման միավորների փոխանցման վրա երկրների միջև (6.2) և իրավաբանական անձանց միջև (6.4)։ Երրորդը (6.8) վերաբերում է ոչ շուկայական համագործակցությանը՝ առանց միավորների փոխանցման, և դրա աշխատանքը նման է նոր մոտեցումների զարգացմանը՝ COP30-ին նախապատրաստվելու գործընթացում։
COP29-ի խնդիրն է ավարտին հասցնել Փարիզյան համաձայնագրի 6.2 և 6.4 հոդվածների վերաբերյալ որոշումների ընդունումը COP մակարդակում, ինչը կնշանակի պաշտոնական մեկնարկ գործնական գործունեության համար։ Փարիզյան համաձայնագրում երկրները չունեն արտանետումների քվոտաներ, միայն ազգային սահմանված գործողություններ (NDC), ուստի ակնկալվում է միջազգային գործունեություն, որը մոտ կլինի գլոբալ կամավոր շուկաներին։ Գրեթե բոլոր երկրները հայտարարել են իրենց տարածքում ածխածնային չեզոքության հասնելու մասին։ Նրանք մտադիր են արգելել կամ խիստ սահմանափակել իրենց իրավաբանական անձանց՝ արտասահմանյան միավորներ գնելու հնարավորությունը՝ ներքին ջերմոցային գազերի պարտավորությունները կատարելու համար։ Գնել ցանկացող ընկերությունների համար առաջնահերթությունը կլինի արտադրանքը ցածրածխածնային դարձնելը և այն ավելի մրցունակ դարձնելը ներքին և արտաքին շուկաներում, ինչպես նաև իրազեկման հարցերը և այլն, դրանում է Կիոտոյի արձանագրությունից տարբերությունը։ Թեև կամավոր շուկաների հետ կապված խնդիրներ կան, ակնկալվում է աճ (ներառյալ 6.2 և 6.4 հոդվածների գործողությունները)՝ մինչև 2030թ․ ներկայիս 0,5 միլիարդից հասնելով 1-2 միլիարդ տոննա СО2-հավասար/տարի։ Այնուամենայնիվ, սա միայն լրացում կլինի գլոբալ ջերմոցային գազերի արտանետումների գործունեությանը, որոնք այժմ կազմում են գրեթե 60 միլիարդ տոննա СО2-համարժեք/տարի։ Նշենք, որ տարբեր երկրների ներքին ածխածնային կարգավորումներն ընդգրկում են գլոբալ արտանետումների շատ ավելի մեծ մասը։
2024 թվականի հունիսին որոշվել էր, որ «արտանետումներ թույլ չտալը» չի կարող գեներացնել ածխածնային միավորներ (մինչև 2028թ․ հաջորդ վերանայումը)։ Օրինակ, միավորներ չեն կարող թողարկվել պլանավորված անտառահատումների դադարեցման դեպքում։ Դրա հետ մեկտեղ կասկած չէր հարուցում այն, որ միավորները կարող են թողարկվել որպես CO2-ի կլանումը բարձրացնելու միջոցառում կառավարելի տարածքներում/անտառներում։
Մյուս բարդ հարցը՝ երկրների տարբեր ձևաչափերի NDC-իների կարեկտիրովկան է, որը վերաբերում են 6.2 հոդվածով երկրների միջև միավորների փոխանցմանը և ստացմանը, առաջարկվում է հետաձգել մեկ տարով։
COP29-ում նախատեսվում է ընդունել ուղեցույց 6.2 հոդվածի համար: Դրա բաժինները վերաբերում են երկրների մասնակցության արտոնմանը, ազգային մարմիններին և միավորների փոխանցմանը, տարբեր անհամապատասխանությունների հստակեցմանը, հաշվետվողականության պահանջներին, միջազգային միավորների ռեեստրի աշխատանքին և այլն։ 6.4 հոդվածի համար պետք է ընդունվեն կանոններ և աշխատանքի ընթացակարգեր։
Արդար անցում և նորարարական մոտեցումներ
«Արդար անցման» աշխատանքային ծրագիրը (JT WP) արդիական թեմա է, հատկապես բիզնեսի, ՀԿ-ների և այլ կազմակերպությունների, դիտորդների համար։ Ակնհայտ է, որ արդար անցման մոտեցումը փոփոխվում է։ Զարգացած երկրների՝ «հանքագործներին փրկելու» նեղ հայացքը փոխվում է դեպի շատ ավելի լայն մոտեցման երկրների մակարդակում՝ ներառելով գյուղատնտեսության, անտառների և կենսաբազմազանության պահպանման խնդիրները, ինչը հատկապես կարևոր է զարգացող պետությունների համար։
COP-ի արդար անցման (JT) վերաբերյալ առաջարկությունները մեծապես ազդում են բազմաթիվ ընկերությունների և ֆինանսական հաստատությունների վարքագծի վրա, ինչի արդյունքում նաև բազմաթիվ երկրների։ Առաջադեմ բիզնեսի և ՀԿ-ների խնդիրն է աջակցել ավելի ուժեղ ձևակերպումներին։ Մյուս խնդիրն է՝ երկրների բնակչությանը հասցնել այն տեղեկությունը, որ արդար անցումը զարգանում է, կա իրական առաջընթաց, և ոչ մի երկիր չպետք է դուրս մնա ընդհանուր ընթացքից։ Իդեալական դեպքում, COP29-ը պետք է որոշի, որ COP30-ը կընդունի արդար անցման գործողությունների ծրագիրը։
COP 29-ի ակնկալիքների ամփոփում
- Ընդունվել է Փարիզյան համաձայնագրի ուժեղ ֆինանսական նպատակ (NCQG) կամ, առնվազն, նկատվել է ակնհայտ առաջընթաց դրա հարցերում (երկրները նախանշել են ճանապարհը 2025թ․ կոնսենսուս ձեռք բերելու համար):
- Ընդունվել են որոշումներ շուկայական մեթոդներով ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման միջազգային համագործակցության վերաբերյալ, որոնք թույլ են տալիս սկսել միջազգային ռեեստրի աշխատանքը և իրականացնել տրանսակցիաներ 2025թ․։
- Ստեղծվել են «կամուրջներ» արդյունավետ աշխատանքի համար COP30-ում և հետագա COP-երում` ներառյալ «արդար անցման» և նորարարական ֆինանսական աղբյուրների հարցերը։
- Ընդունվել են ԿՓՇԿ-ի ընթացիկ հարցերի վերաբերյալ որոշումներ, որոնք ցույց են տալիս, որ երկրները ձգտում են համագործակցության, ունակ են հասնելու կոնսենսուսի և գործելու թափանցիկ ձևով (վերջինը՝ զարգացող երկրներում կլիմայական ֆինանսավորման հաջողված համատեղ գործողությունների, աճի և արդյունավետության երաշխիքն է):
- Ընկերություններն ու ֆոնդերը, ինչպես նաև տարբեր կազմակերպություններն ու ՀԿ-ները ցույց են տվել ակնհայտ առաջընթաց ցածր ածխածնային զարգացման և կլիմայի փոփոխության հարմարվողականության ոլորտում։ Այս արդյունքը ոչ պակաս կարևոր է, քան պաշտոնական որոշումները։
Նոյեմբեր 07, 2024 at 12:16