«Eurasianet» լրատվական կազմակերպությունն անդրադարձել է հայաստանյան քաղհասարակության կոչին COP29-ին ընդառաջ «Հայաստանյան ՀԿ-ներն Ադրբեջանի իշխանություններին մեղադրում են COP29-ում «կանաչ լվացման» քաղաքականություն առաջ մղելու մեջ» նյութում։
Ստորև ներկայացնում ենք նյութը
Թեև մասնակիցների մի մասն ամենայն հավանականությամբ չի լսի խնդրանքը խոսելու Ադրբեջանի իրավունքների և բնապահպանական պաշտպանության տեսանկյունից ունեցած թերությունների մասին, հայաստանյան բնապահպանական կազմակերպությունները, անմիջական մասնակցություն չունենալով նոյեմբերի 11-ին Բաքվում մեկնարկող COP29 կլիմայական համաժողովին, հանդես են եկել հայտարարությամբ՝ կոչ անելով մասնակիցներին բարձրաձայնել Ադրբեջանի մարդու իրավունքների և բնապահպանական պատկերի մասին։
Երևանում գործող «էկոլուր» հասարակական կազմակերպության կողմից տարածված ու ավելի քան 50 այլ հայաստանյան կազմակերպությունների կողմից ստորագրված հայտարարությունը մեղադրում է Ադրբեջանի կառավարությանը՝ COP29-ն օգտագործելու համար որպես «կանաչ լվացման» ծրագիր, որը նախատեսված է մարդու իրավունքների խախտումները կոծկելուն և տարածաշրջանի էկոհամակարգի պահպանման ոլորտում խնդիրները թաքցնելուն։
Հայաստանյան ՀԿ-ները մասնավորապես մեղադրել են Ադրբեջանին «զանգվածային անտառահատումների» մեջ հայկական տարածքում, որը ներկայում օկուպացված է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղում պատերազմ սանձազերծելուց հետո։ ՀԿ-ի հայտարարության համաձայն՝ Ադրբեջանական գործողություններն այս տարածքում «վնասում են էկոհամակարգերին»՝ ճանապարհների ցանցերի կառուցման և ականների տեղադրման միջոցով՝ «սահմանափակելով [հայ] բնակիչների տեղաշարժը և խլելով նրանց ջրի հասանելիությունը»։
Հայտարարությունը նաև կոչ է անում մասնակիցներին բարձրաձայնել այն մասին, ինչն անվանում են «հումանիտար իրավունքի խախտումներ, տեղաբնակ հայ բնակչության էթնիկ զտման և Լեռնային Ղարաբաղում հայոց պատմական և մշակութային ժառանգության ոչնչացման մասին»։
Ադրբեջանի պաշտոնյաները հերքում են Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների խախտման մեղադրանքները՝ նշելով մի շարք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևեր, որոնք հաստատում են Բաքվի ինքնիշխանությունը Ղարաբաղում։
Հնարավոր է, որ շատ մասնակիցներ չեն բարձրաձայնի ոչ բնապահպանական թեմաներ COP29-ի ընթացքում։ ՄԱԿ-ի և Ադրբեջանի կառավարության միջև համաժողովի հյուրընկալման համաձայնագրում ներառված են արտահայտություններ, որոնք թույլ են տալիս հյուրընկալողներին իրավական միջոցներ ձեռնարկել նրանց դեմ, ովքեր հանրային քննադատություն կբարձրացնեն կառավարության քաղաքականության նկատմամբ։
Հայաստանյան ՀԿ-ների հայտարարությունը քննադատել է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիան՝ Բաքվին որպես համաժողովի հյուրընկալող քաղաք ընտրելու համար։ Ցավոք, հայաստանյան բնապահպաններն իրենց ապահով չեն զգում համաժողովին մասնակցելու համար՝ հաշվի առնելով հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի շուրջ ընթացող լարվածությունը։
«COP29-ը Բաքվում անցկացնելու որոշումն արդեն իսկ խնդրահարույց էր, հաշվի առնելով ոչ միայն այն, որ նման միջոցառում անցկացվում է հանածո վառելիքի վրա հիմնված տնտեսություն ունեցող երկրում, այլ նաև այն իրողությունը, որ այս պետությունը շահույթներն օգտագործում է ռազմական ագրեսիան ընդլայնելու և ակնհայտ կերպով խախտելու միջազգային իրավունքը»,- նշվում է հայտարարության մեջ։
Նոյեմբեր 11, 2024 at 14:50