Վայոց ձորի մարզում առկա է ջրերի ռացիոնալ օգտագործման խնդիր։ Մարզում ձևավորվող ջրերի միայն 20 տոկոսն է նպատակային օգտագործվում՝ ոռոգելով մարզի վարելահողերի ընդամենը 18,75 տոկոսը։
Վայոց ձոր, Եղեգիսի կիրճ
«Վայոց ձորի մարզում տարեկան 700 միլիոն խմ ջուր է հավաքվում, այդ ջրից մենք օգտագործում ենք ընդամենը 140 միլիոն խմ, մնացածը գետերով հոսում, գնում է մեր երկրից։ 16․000 հեկտար վարելահողից 3000 հեկտարն է ջրվում»,- ասում է Վայոց ձորի մարզպետարանի Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը։
Գեղամ Մարգարյան
Ջրամբարաշինություն
Ըստ Գեղամ Մարգարյանի՝ ընթանում են աշխատանքներ Հերհերի ջրամբարից ոռոգման ջուր մատակարարելու ուղղությամբ․ «26 միլիոն խմ ջուր կա Հերհերի ջրամբարում, բայց ջրամբարն ամբողջությամբ լցվում և դատարկվում է առանց ոռոգում կազմակերպելու, Տանձիկ գետով գնում է։ Հույս ունենք՝ այս ծրագիրն իրականանա։ Եթե այդ ջուրը հասցվի մեր հողակտորներին, կթեթևացնենք ոռոգման խնդիրները։ Հիմնականում մեծ հողակտորները՝ Աղավնաձորը, Ռինդը կջրենք Հերհերի ջրամբարի ջրով»,- ասում է նա։
Հերհերի ջրամբար
«Խորհրդային տարիներին ջրամբարի վրա եռաստիճան պոմպակայան կառուցեցին, ԽՍՀՄ փլուզումից հետո՝ ապամոնտաժվեցին այդ պոմպակայանները։ Կապիտալ կառուցված ջրամբար է, մնում է այդ խողովակաշարը սարքեն, Հերհերի ջրամբարից ջուրն ինքնահոսով բերեն։ Ակնկալում ենք, որ 2 տարվա ընթացքում այդ աշխատանքները կիրականացվեն», - նշում է «Եղեգնաձոր» ՋՕԸ-ի ղեկավար Հազարապետ Նազարյանը։
Հազարապետ Նազարյան
Ջրային ռեսուրսների կուտակման համար, ըստ Գեղամ Մարգարյանի, կառավարության ծրագրով մարզի Ելփին, Խաչիկ, Խնձորուտ, Վերնաշեն, Զիրակի և Գետիկվանք բնակավայրերում պետք է կառուցվեին ջրամբարներ։ «Բայց երբ չափումներ են արել, տեսել են, որ այդ ջրամբարներից երկուսի համար ջուր չկա։ Կլիմայի փոփոխության հետևանքով ջրերը շուրջ 50 տոկոսով կրճատվել են», - նշում է Գեղամ Մարգարյանը։
Այս տեսանկյունից ամենաբարդը Խաչիկ գյուղի խնդիրն է։ «Նախատեսված էր այնտեղ ջրամբար կառուցել, ազատվել մեխանիկական ոռոգումից, սակայն ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այդ ջրավազանում ջրամբարին համապատասխան ջրաքանակ չի կուտակվի, այդ ձյունը չկա։ Մենք մեծ ծախսերով ջուր ենք բարձրացնում, 1խմ ջրի արժեքը 300 դրամից ավելի է Խաչիկ գյուղում, սուբսիդիայի հիմնական մասը Խաչիկի պոմպակայանների հոսանքն է՝ տարեկան մոտ 90 միլիոն դրամ», - ասում է Հազարապետ Նազարյանը։ Ջուր հասցնելու խնդիր կա նաև մարզի ծայրամասային բնակավայրեր՝ Ելփին և Չիվա։ Հազարապետ Նազարյանը հույս ունի, որ երբ կառուցվի Ելփինի ջրամբարը՝ մոտ 800 հազար խմ ելքով, Ելփինում և Չիվայում ջրի խնդիրը կլուծվի։
Ներկայում քննարկվում է նաև Վերնաշեն բնակավայրում՝ Կորեկի ձորում, ջրամբարի կառուցման ծրագիրը, որը ոռոգելի կդարձնի 800-1000 հեկտար հող։
Ջրամատակարարման համակարգի խնդիրներ
Կլիմայի փոփոխության հետևանքով սակավաջրությունից բացի մարզում խնդիր են մաշված համակարգերից ջրակորուստները։
«Եղեգնաձոր» ՋՕԸ-ի ղեկավար Հազարապետ Նազարյանը նշում է․ «Չնայած ջրատարը 2006-2007 թվականներին ենք սկսել շահագործել, բայց համայնքային ներտնտեսային համակարգերը, որոնք սնվում են ջրատարից, կառուցվել են 1970-1980-ական թվականներին և 40-50 տարվա կյանք ունեն։ Փտել, շարքից դուրս են եկել այդ համակարգերը, արդեն պարզ է՝ ինչքան կորուստներ մենք կունենանք»։
«Եղեգնաձոր» ՋՕԸ-ն ինքնահոս ոռոգում է կազմակերպում Եղեգնաձորի և Վայքի տարածաշրջաններում։ Եղեգնաձորի համակարգի տակ ոռոգման ենթակա է 4700 հեկտար հող, Վայքի համակարգի տակ՝ մոտ 1500 հեկտար։ Սակայն ոռոգվում է այս հողերի շուրջ 50 տոկոսը։ Ըստ Հազարապետ Նազարյանի՝ այս խնդիրն առկա է ողջ հանրապետությունում։ «Պատճառները նույնն են․ որոշակի հողեր չեն ոռոգվում արդյունավետությունը ցածր լինելու, կտրտված լինելու պատճառով, բնակչության մի մասը հողը ստացել է, բայց ինքն այլ երկրում է»,- ասում է Հազարապետ Նազարյանը։
«Եղեգնաձոր» ՋՕԸ-ն ջրառն իրականացնում է Եղեգնաձորի դեպքում Հերմոն գյուղով անցնող Եղեգիս գետից, իսկ Վայքի տարածաշրջանում՝ Կեչուտի ջրամբարից ներքև՝ Արփա գետից։
Եղեգիսի ջրի խնդիրը
Եղեգիսով անցնող ջրագիծն անվանում են Եղեգնաձորի ինքնահոս ոռոգման համակարգ, որին ժողովուրդը Հերմոն-Ելփին ջրատար է ասում։ «Մինչև Գետառ գյուղ Եղեգիսի փոքր բնակավայրերն ընդգրկված չեն մեր ՋՕԸ-ի մեջ, մենք ժողովների ընթացքում չկարողացանք համոզել, որ դա իրենց համար արդյունավետ է», - ասաց Հազարապետ Նազարյանը։
Եղեգիսում գերադասում են իրենց ուժերով կազմակերպել ոռոգման և խմելու ջրօգտագործումը՝ չնայած հանդիպում են դժվարությունների։ Համայնքն՝ ինքն է մաքրում ոռոգման առուները, ջուր հասցնում բնակչին։
Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրի մայր առուն մարզի ամենաերկար առուն է։ Ձնհալի ժամանակ լցվում է, կամ քարեր են ընկնում մեջը, մաքրելը դժվար է։ «Գյուղն ունի շատ երկար մայր առու, 17 կմ հեռավորության վրա սարերի, քարերի վրայով մեր պապերը բերել, հասցրել են։ Ժամանակին բանվորներ են աշխատել, վճարվել են դրա համար, վերջին 10-15 տարին այդ ծրագիրը չկա։ Հենց հիմա այդ առվի վրա մարդ եմ տարել, 6-րդ անգամն է, դեռ ջուր չեմ կարողացել հասցնել։ Դժվար տեղերով է անցնում։ 300 մետր կիսախողովակ եմ ներկայացրել, որ տրամադրեն։ Որտեղ սողանք է, կիսախողովակով գոնե անցկացնեն։
20 տարուց ավելի մեծ քարեր են գլորվել առվի մեջ, այս տարի համայնքի ղեկավարի հետ քննարկելով հասցրել ենք այն աստիճանի, որ քարերը տրաքացրել են։ ․․․Ջուրը մեր քթի տակով գնում է թուրքերի մոտ, իսկ մենք չենք կարողանում ջրել մեր հողերը»,- ասում է Արտաբույնքի վարչական ղեկավար Արմեն Սետրակյանը՝ նշելով, որ խնդրի լուծումը նորմալ ֆինանսավորումն է։
Եղեգիս համայնքն ինչպես ՋՕԸ-ի դեպքում, խմելու ջրի պարագայում էլ չի ցանկանում համագործակցել «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի հետ։
«Չենք ուզում մեր սեփականությունը փոխանցել «Վեոլիա»-ին, վստահություն չի ներշնչում։ «40 աղբյուր» կոչվող աղբյուրի ակունքներում, որը սպասարկում է «Վեոլիա»-ն, խնդիրներ կան վերանորոգման և վերակառուցման։ Իսկ ՋՕԸ-ին միանալու համար պետք է լինի ավագանու որոշում, բայց նման որոշումները հանրային քննարկումների արդյունքում են կայանում, իսկ բնակիչները չեն ցանկանում փոխանցել իրենց սեփականությունը», - ասում է Եղեգիսի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Աննա Դանիելյանը։
«Ցանցի տեխնիկական խնդիր ունենք։ Հնամաշ է, վթարներ են առաջանում։ Բնակչի կողմից անխնա օգտագործվում է խմելու ջուրը ոռոգման նպատակով։ Ջրաչափ չունեն բնակիչները, վարձավճար է սահմանված համայնքի կողմից։ Պետք է հասնենք նրան, որ բնակիչը գնահատի դա», - հավելում է նա։
Հանքարդյունաբերության ազդեցությունը ջրային ռեսուրսների վրա
Գլաձորի սար
Ջրային ռեսուրսների կառավարման գործում Վայոց ձորում առկա է հանքարդյունաբերական գործունեության արդյունքում ջրային ռեսուրսների ծանր մետաղներով և տոքսիկ նյութերով աղտոտման ռիսկ։ Այս մարզում է նախատեսվում Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործումը։ «Վայք Գոլդ» ՍՊԸ-ն դատարանում վիճարկում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից ընդերքօգտագործման իրավունքի կասեցման նախարարի հրամանը։ Ընդերքօգտագործողները փորձում են ստանալ Եղեգնաձոր համայնքի համաձայնությունը Գլաձորի բազմամետաղային հանքավայրի շահագործման համար, իսկ Վարդահովիտում արդեն իսկ ընթանում են որոնողական աշխատանքներ Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման տեղամասում։ «Վայոց ձորի մարզի ջրային ռեսուրսի՝ ընդհանուր 700 միլիոն խմ-ից 141 միլիոն խմ-ն կամ 21 տոկոսը սկիզբ է առնում այդ տարածքից, որտեղ ուսումնասիրություն են անցկացնում։ ․․․ Մինչև 250 մետր ծակում են ուսումնասիրության ընթացքում, հնարավոր է խախտվեն ջրային ռեսուրսները, ճանապարհներ են հանել, որոնք ընդհատել են գագաթի և լանջի միջև կապը, ճանապարհն ընդհատել են, գագաթից ջուրը չի գնալու մինչև հատակը, ճանապարհի կեսին խախտվելու է, և ջուրն այլ ճանապարհով է գնալու։ Մեր ամբողջ մտավախությունն այն է, որ ծանր մետաղների աղերը ջրով կանցնեն, գնան Արենի համայնք, իսկ Արենիում ունենք 5000 հեկտար հող, որից 2000 հեկտարը խաղող է»,- ասում է Գեղամ Մարգարյանը։
Խաղողի այգիներ Վայոց ձորում
Փոքր ՀԷԿ-երի ազդեցությունը
Ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալների՝ Վայոց ձորի մարզում շահագործվում է 34 փոքր ՀԷԿ, որոնցից 17-ը կառուցված են Եղեգիս համայնքով հոսող գետերի վրա։ Փոքր ՀԷԿ-երը հյուծում են ջրային ռեսուրսները։
«2024 թիվն է, կլիմայի փոփոխություն է եղել, 30 տոկոս ջրերը կրճատվել են, փոքր ՀԷԿ-երը դեռ 2002 թվի ՋԹ-ն են օգտագործում, այն դեպքում, որ այդ ջուրը չկա արդեն։ Պետք է վերանայել այդ ՋԹ-երը»,- ասում է Գեղամ Մարգարյանը։
ՓՀԷԿ-երի մոնիտորինգի արդյունքում հայտնաբերված խնդիրներն են․ նախագծային սխալ ջրատնտեսական հաշվարկները, բնապահպանական թողքի չապահովելը, ձկնանցարանների և ձկնապաշտպան ցանցերի ֆունկցիոնալ անհամապատասխանությունը և ձկնաշխարհի կենսաբազմազանության և տեղաբնակ ձկնատեսակների վտառների քանականական ցուցանիշների բացասական փոփոխությունները, ՓՀԷԿ-երի արտադրողականության անբավարար մակարդակը, ՓՀԷԿ-երի կասկադների ձևավորում՝ առանց կումուլիատիվ ազդեցության գնահատման:
Հոդվածը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ֆինանսական աջակցությամբ՝ «Անկախ մեդիա բովանդակության ստեղծում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։
Հոկտեմբեր 29, 2024 at 18:48