

Վայոց ձորի Եղեգիս համայնքը հարուստ է ջրային ռեսուրսներով։ Համայնքի տարածքով են հոսում Եղեգիսն ու իր վտակները՝ Հորս, Թառաթումբ, Աղնջաձոր, Քարագլուխ, Արատես, Սև ժայռ, Արտաբույնք։
2000-ական թվականներից Եղեգիսի ջրհավաք ավազանում սկսեցին մեկը մյուսի հետևից կառուցվել փոքր ՀԷԿ-եր։ Պատճառը պետության կողմից տնտեսության այս ճյուղի համար արտոնություններն էին՝ էլեկտրաէներգիայի գնման 15-ամյա երաշխիք, էլեկտրաէներգիայի վաճառքի բարձր սակագին, նվազագույն էկոլոգիական թողքի ապահովում և, վերջապես, ջրային ռեսուրսի անվճար օգտագործում։
Իրենց հերթին միջազգային ֆինանսական կազմակերպությունները «կանաչ» վերականգնվող էներգետիկայի անվան տակ սկսեցին ֆինանսավորել Հայաստանում փոքր ՀԷԿ-երի կառուցման ծրագրերը։ Եվ գետերը սկսեցին ծանրաբեռնվել փոքր ՀԷԿ-երով։
Արդեն Եղեգիս խոշորացված համայնքում առկա է 17 փոքր ՀԷԿ։ Դրանց շահագործմանը զուգահեռ գետերում ջրային հոսքը սկսեց նվազել, ձկնաշխարհը ոչնչացավ, գետերի սանիտարական վիճակը վատթարացավ, միկրոկլիման փոխվեց։ Վերջին տարիներին զգալի են նաև ափամերձ ծառերի չորացման դեպքերը։
Առաջացավ կոնֆլիկտ փոքր հիդրոէներգետիկայի և այլ ջրօգտագործողների միջև։
«Փոքր ՀԷԿ-երի տեխնիկական անջատումները, որոնք գտնվում են մեր ջրառի գլխամասից վերև, ազդում են մեր վերցրած ջրաքանակի վրա, հատկապես այն ժամանակահատվածում, երբ տվյալ գլխամասում ամբողջ ջուրը ոռոգման նպատակով է գնում, և գետում մնացել է բնապահպանական թողքը։ Կտրուկ անջատումների պատճառով այս ամբողջ համակարգը սկսում է օդ լցվել, իսկ այդ օդի հանումը տևում է 1-2 օր, մինչև համակարգն ուշքի է գալիս, հետո էլի կրկնվում է։ Լինում է, որ օրվա մեջ 2 անգամ է տեղի ունենում նմանատիպ խնդիր»,- ասաց «Եղեգնաձոր» ՋՕԸ-ի ղեկավար Հազարապետ Նազարյանը։
«Շատ-շատ են փոքր ՀԷԿ-երը Եղեգիս գետի վրա։ Սա չի կարող բացասական չանդրադառնալ բնակլիմայական պայմանների և գետում առկա բուսական և կենդանական աշխարհի վրա», - նշեց Եղեգիսի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Աննա Դանիելյանը։
ՓՀԷԿ-երի կողմից ջրային ռեսուրսների հյուծմանը գումարվել է կլիմայի փոփոխությունը։ Տարեցտարի տեղումների քանակի նվազումը հանգեցրել է սակավաջրության։ «2002 թվականին ջրօգտագործման թույլտվություն են տվել, 2024 թվականն է, կլիմայի փոփոխություն է տեղի ունեցել, ջրային ռեսուրսների 30 տոկոսը կրճատվել է, ինքը դեռ 2002 թվականի թույլտվությամբ է աշխատում, իսկ ջուր արդեն չկա։ Պետք է վերանայել այդ ջրօգտագործման թույլտվությունները», - ասաց Վայոց ձորի մարզպետարանի Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը։
«Ջուրը ՀԷԿ-ից դուրս է գալիս, մտնում մյուս ՀԷԿ-ի խողովակաշար։ Մեր համայնքը ջրով ամենահարուստ համայնքներից էր, բայց հիմա աղբյուրները ցամաքել են։ Սա ՀԷԿ-երի հետևանքն է։ Աղբյուրների սնուցման մայրը ճահճուտն է, բայց խոնավություն չկա, ճահճուտները վերացել են։ Գետը հենց մտավ խողովակ, գետի հունը ցամաքեց։ Վաղը մեծ խնդիր է առաջանալու, գետի ափերի ծառերն են սկսելու չորանալ։ Մեր ձորն այս շրջանի սիրտն էր՝ իր գեղեցկությամբ, ջրային ռեսուրսներով, գետի կարմրախայտով։ Հիմա գետում ոչ թե կարմրախայտ, գորտ էլ չի ապրում»,- ասաց Եղեգիս բնակավայրի վարչական ղեկավար Աշոտ Հարությունյանը։
Փոքր ՀԷԿ-երը համայնքի նկատմամբ չունեն սոցիալ-տնտեսական զարգացման պարտավորություններ, վճարում են հիմնականում վարձավճարները, որը համայնքի բյուջեում չնչին տոկոս է կազմում, փոխարենը թողած ազդեցությունը զգալի է։
Ավանդաբար սեփական ուժերով համայնքի հողագործության համար ջրօգտագործում կազմակերպած և սարերից հոսող ջրերը անարգել ու անվճար օգտագործած Եղեգիսում եկել են այն համոզման, որ պետք է ջրօգտագործման թույլտվություն ունենալով պայքարել ջրի իրավունքի համար, քանի որ ըստ օրենքի սահմանած առաջնահերթության, խմելու, ոռոգման ջրի համար ջրօգտագործումն առաջնահերթ է էներգետիկայի ջրօգտագործումից։ «Տեղը գալիս է՝ ՀԷԿ-ն ասում է՝ ՋԹ-ն իմն է, ջուրն իմն է։ Մենք նախաձեռնել ենք ՋԹ ստանալու գործընթաց», - ասաց Եղեգիս բնակավայրի վարչական ղեկավարը։
Մի կողմից Հայաստանի էներգետիկ համակարգում ապահովելով երկրի հիդրոռեսուրսի հաշվին էլեկտրաէներգիայի արտադրություն, մյուս կողմից փոքր ՀԷԿ-երը բացասական ազդեցություն ունեցան գետերի էկոհամակարգերի վրա, խախտվեց էկոլոգիական հավասարակշռությունը։ Բացահայտված խնդիրների կարգավորման համար ՀՀ կառավարությունը, հաշվի առնելով նաև քաղաքացիական հասարակության առաջարկություններ (այդ թվում ՄԱԶԾ/ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի իրականացրած «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» և «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարույուն երկխոսության միջոցով» ծրագրերի փորձագիտական խմբի առաջարկները՝ հիմնված 47 գետի վրա կառուցված 125 փոքր ՀԷԿ-ի ուսումնասիրության արդյունքների վրա), օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերում փոփոխություններ կատարեց։ Փոխվեց էկոլոգիական թողքի սահմանման մեթոդաբանությունը, արգելվեց 25 գետի վրա նոր փոքր ՀԷԿ-երի կառուցումը, այդ թվում՝ Եղեգիս, Արատես և Սևժառ գետերի վրա, փոքր ՀԷԿ-երի կողմից ջրօգտագործման համար սահմանվեց բնօգտագործման վճար 1 խմ-ի համար 0,1 դրամի չափով։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության վերլուծության ու հաշվարկների համաձայն՝ 2017- 2019թթ.-ին հիդրոէլեկտրակայանների կողմից օգտագործված ջրի ծավալը միջինում կազմել է 6,2 միլիարդ խմ։ Հետևաբար, սահմանված դրույքաչափով բնօգտագործման վճարներից պետբյուջեի մուտքերը տարեկան կավելանան մոտավոր 620 միլիոն դրամով։
Եղեգիսցիներն առաջարկում են այդ բնօգտագործման վճարներն ուղղել ոռոգման և խմելու ջրերի խնդիրների լուծմանը, ոռոգման համակարգերի արդիականացմանը, ջրախնայող տեխնոլոգիաների ներդրմանը, կլիմայական հարմարվողականության միջոցառումների իրականացմանը։
Արդյո՞ք Եղեգիս համայնքը սուբվենցիոն ծրագրերի միջոցով կօգտվի փոքր ՀԷԿ-երի վճարած բնօգտագործման վճարներից, ցույց կտա ժամանակը։
Հոդվածը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ֆինանսական աջակցությամբ՝ «Անկախ մեդիա բովանդակության ստեղծում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։
Հոկտեմբեր 28, 2024 at 14:57