«Մասրիկ-1» արևային կայանի պատմությունը (մաս 1)

«Մասրիկ-1» արևային կայանի պատմությունը (մաս 1)

«Մասրիկ-1» արևային կայանի կառուցման ծրագրի մեկնարկը տրվեց 2018 թվականին։

Կայանի կառուցման մրցույթում հաղթող ճանաչվեց «Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչրս» Բի.Վի. (Fotowatio Renewable Ventures B.V.) (Նիդերլանդներ) – «ԷֆԷսԷլ Սոլար» Էս. էլ. (FSL Solar S.L.) (Իսպանիայի Թագավորություն) ընկերությունների կոնսորցիումը, որի հետ ՀՀ կառավարությունը 2018 թվականին կնքեց Ծրագրի կազմակերպման և իրականացման մասին Կառավարության աջակցության համաձայնագիր: 

55 ՄՎտ հզորությամբ արևային կայանի կառուցման ծրագրի իրականացման համար մինչև 38․4 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում նախատեսվեց Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը և Եվրամիությունը։ FRV ընկերության գործառնությունների գծով տնօրեն Տրիստան Իգուերոն նշել էր․ «Տվյալ տարածաշրջանում մեր առաջին արևային կայանի նախագծի ֆինանսավորման գործարքի կնքումը կարևոր նշանակություն ունի FRV-ի համար, քանի որ դա մեզ հնարավորություն է ընձեռում ընդլայնելու մեր գործունեության աշխարհագրությունը: Այս ծրագրի միջոցով մենք կնպաստենք երկրի կայուն տնտեսական աճին` ապահովելով լրացուցիչ եկամտի աղբյուր և ստեղծելով նոր աշխատատեղեր, ինչը նպաստելու է ավելի հեռանկարային ապագայի կերտմանը»:

Տրիստան Իգուերո, լուսանկարը՝ www.elsuplemento.es 

Ստանալով ՀՀ կառավարությունից մաքսային արտոնություններ՝ ընկերությունը խոստացավ 2020 թվականից սկսել ծրագրի իրագործումը, որի համար Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը և Միջազգային ֆինանասական կորպորացիան համատեղ պետք է տրամադրեին մինչև 35․4 միլիոն դոլարի չափով երկարաժամկետ վարկ:

Կայանի կառուցման վայր ընտրվեց ՀՀ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքը։ Կայանի տարածքը սահմանվեց շուրջ 130 հեկտար։ Կայանի և նրա ենթակառուցվածքների կառուցման նպատակով 2019 թվականի ամռանը բացառիկ գերակա հանրային շահ ճանաչվեց Մեծ Մասրիկ համայնքի և Գեղամասար խոշորացված համայնքի Փոքր Մասրիկ և Արփունք բնակավայրերի որոշ գյուղատնտեսական նշանակության վարելահողերի նկատմամբ:

Մեկ տարի անց՝ 2020 թվականի սեպտեմբերին, սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմը։ Կայանի կառուցումը հետաձգվեց։

ԷկոԼուրի հետ զրույցում Մեծ Մասրիկ համայնքի ղեկավար Արմեն Ասատրյանն այդ ժամանակ նշել էր․ «Աշխարհագրական դիրքից շատ վտանգավոր է մեր համայնքը: Պատերազմի հետևանքով Մեծ Մասրիկի բնակչության մեծ մասը զրկվել է իր հիմնական եկամտից, ինչը գոյանում էր գյուղատնտեսությամբ զբաղվելու արդյունքում»։

Մեծ Մասրիկի գյուղատնտեսական նշանակության հողերն օտարվեցին «Մասրիկ-1» ծրագրի իրագործման համար։

«Մասրիկ-1» կայանի տարածքը

Ըստ Արմեն Ասատրյանի՝ համայնքը «ԷֆԱրՎի Մասրիկ» ՓԲԸ-ի հետ ունի պայմանագիր, որով ընկերությունը պարտավորվել է իր տարեկան եկամտի 5%-ի չափով գումար հատկացնել Մեծ Մասրիկին՝ սոցիալ-տնտեսական և այլ խնդիրներ լուծելու նպատակով: Համայնքում անցկացված լսումների ժամանակ, ըստ բնակիչների, ծրագրի ռիսկերը բավարար չափով չեն քննարկվել: Անհայտ է մնացել, թե ինչ է լինելու էլեկտրոնային վտանգավոր թափոնների հետ։ Այս հարցով ԷկոԼուրը նամակով դիմել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն: Սակայն նախարարության պատասխան նամակում այդ հարցը մնացել է  անպատասխան։

Լուսանկարը՝ «Մասրիկ-1» կայանի տարածքից

Համաձայն ծրագիրը համավարկավորող Միջազգային ֆինանսավորման կորպորացիայի 4.01 գործառնական քաղաքակության փաստաթղթի՝ այս նախագիծը դասակարգվում է Բ կատեգորիայի, հետևաբար, դրա համար պահանջվում է ՇՄԱԳ հաշվետվություն և բնապահպանական կառավարման պլան՝ համաձայն Համաշխարհային բանկի մեթոդակարգերի: Նույն մոտեցումներն ունի նաև մյուս համավարկավորողը՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, որի պահանջներից են.

Պահանջ 1. Էկոլոգիական և սոցիալական ազդեցությունների գնահատում և դրանց կառավարում

Պահանջ 3. Ռեսուրսաարդյունավետություն, շրջակա միջավայրի աղտոտման վերահսկում և կանխարգելում

Պահանջ 6. Կենսաբազմազանության պահպանում և կենդանի բնական ռեսուրսների կայուն կառավարում:

17.07.2019 թվականի «Մասրիկ-1» արևային կայանի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությանը տրված Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ԲՓ-0000610 եզրակացությունը չի ապահովում վերոնշյալ պահանջների կատարումը: Ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության բնապահպանական կառավարման պլանում խոսք չկա արևային վահանակների վերամշակման և օգտահանման (ուտիլիզացման), դրանց իրագործման համար պահանջվող գումարների և պատասխանատուների մասին: Նշենք, որ Հայաստանում այդ թափոնները վերամշակելու և օգտահանելու տեխնոլոգիա կամ չափորոշիչ չկա: Իսկ ծրագրի ՇՄԱԳ հաշվետվության համաձայն՝ կայանում տեղադրվելու էր յուրաքանչյուրը 375 ՎՏ դրվածքային հզորությամբ 165368  հատ ֆոտովոլտային վահանակ, 12 տրանսֆորմատոր:

Լուսանկարը՝ «Մասրիկ-1» կայանի տարածքից

Նաև գնահատված չէ շուրջ 130 հեկտար տարածքում բերրի հողի կորստի տնտեսական վնասը և որքանով է այդ տարածքում արևային կայանի կառուցման տնտեսական օգուտը գերազանցելու պատճառված վնասը:

Կայանի կառուցման աշխատանքները վերսկսեցին 2022 թվականի կեսերին։ Մինչդեռ,  2022 թվականի հուլիսի 1-ին կայանի կառուցումը պետք է ավարտվեր։ ՀՀ կառավարության 2022 թվականի հունիսի 30-ի N 997-Ա որոշմամբ՝ կայանի կառուցման ժամկետը 1 տարով երկարաձգվեց՝ մինչև 2023 թվականի սեպտեմբերի 1-ը:

Նույն որոշման հիմնավորման համաձայն՝ կառուցապատողը ծրագրի իրականացման ձգձգումը պայմանավորել է COVID-19 համավարակով և պատերազմական գործողություններով և առաջարկել է կայանի նախատեսված կոմերցիոն շահագործման ամսաթիվը երկարացնել անհաղթահարելի ուժի և անբարենպաստ պայմանի հիմքով։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հիմնավոր չի համարել «անհաղթահարելի ուժի» ճանաչումը կառուցապատողի կողմից կատարման անհնարինությունն ապացուցող հանգամանքների բացակայության պատճառով: Սակայն, կարևորելով «Մասրիկ-1» արևային կայանի կառուցման ծրագրի իրականացումը, ՀՀ կառավարությունն ընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերել նոր պայմաններով փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության աջակցության համաձայնագրում։

Ըստ այդմ, ժամանակին «Մասրիկ-1» արևային կայանը չկառուցելու դեպքում կառուցապատողը 1 միլիոն դոլարի երաշխիքային, անհետկանչելի գումար կվճարի։ Այս գումարը գանձվելու է  անկախ պատճառներից նոր ժամկետներում ծրագիրը չավարտելու դեպքում: Կայանից առաքվող էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցվեց 1 կՎտժ-ի դիմաց 0.0415 ԱՄՆ դոլարի առանց ԱԱՀ-ի՝ 0.0419 ԱՄՆ դոլարի փոխարեն:

Այստեղ անտեսվեց մեկ այլ կարևոր հանգամանք՝ բնապահպանական օրենսդրության խախտում։  «Մասրիկ-1» ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության ԲՓ 000061 փորձաքննական դրական եզրակացությունը տրվել է 17.07.2019 թվականին։ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի  20-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ փորձաքննական եզրակացությունը կորցնում է ուժը, եթե նախատեսվող գործունեության իրականացումը չի սկսվում փորձաքննական եզրակացության տրվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:

Սա նշանակում է, որ «Մասրիկ-1» արևային կայանի կառուցման ծրագիրը պետք է նոր փորձաքննություն անցներ։ Էկոլուրը նամակով դիմեց Շրջակա միջավայրի նախարարին՝ առաջարկելով ուժը կորցրած ճանաչել նախկինում տրված փորձաքննական դրական եզրակացությունը։

«Մասրիկ-1» արևային կայանի կառուցման ծրագիրը պետք է անցներ նոր փորձաքննություն, որտեղ հաշվի կառնվեին բոլոր ռիսկերը և կտրվեին համապատասխան լուծումներ։ Մեծ Մասրիկ համայնքը, որտեղ կառուցվելու է կայանը, համայնքային խոշորացման արդյունքում 2021 թվականից հետո ներառվել է Վարդենիս խոշորացված համայնքի կազմում: Նոր ՇՄԱԳ գործընթացում անհրաժեշտ է հաշվի առնել այս հանգամանքը ևս և ապահովել շահագրգիռ բնակչության լիարժեք մասնակցությունը հանրային լսումներին:

Ի պատասխան Էկոլուրի նամակի՝  Շրջակա միջավայրի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը 05.10.2022թ. N 3/07.4/13313 նամակով հայտնել է. «Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ մասի՝ փորձաքննական եզրակացությունը կորցնում է ուժը, եթե նախատեսվող գործունեության իրականացումը չի սկսվում փորձաքննական եզրակացության տրվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում: Փորձաքննական եզրակացությունն օրենքի ուժով համարվում է ուժը կորցրած: Համաձայն օրենքի նույն հոդվածի 6-րդ կետի՝ առանց փորձաքննական դրական եզրակացության արգելվում է հիմնադրութային փաստաթղթի ընդունումը կամ նախատեսվող գործունեության իրականացումը»։

Էկոլուրին ուղղված Միջազգային ֆինանսական կորպորացիայի հայաստանյան գրասենյակի ներդրումային ծրագրերի համակարգող Արման Բարխուդարյանի 2022 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 010-22 նամակի և «Էֆ Ար Վի Մասրիկ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Տրիստան Հուգուերոյի և լիազոր ներկայացուցիչ Դենիզ Սաիդովի 2022 թվականի դեկտեմբերի 21-ի նամակի համաձայն՝ փորձաքննական եզրակացությունը շարունակում է մնալ ուժի մեջ: 

Նույն ժամանակ պարզ է դարձել, որ կայանի կառուցման աշխատանքները տևական ժամանակ դադարեցված են։ Էկոլուրը նամակով դիմել է ծրագիրն իրականացնող FRV ընկերության ներկայացուցիչ Բրունո Մարինհոյին՝ նշելով, որ անհրաժեշտ է նոր ՇՄԱԳ, որում պետք է հաշվի առնվեն ռիսկերը: Մասնավորապես նշվել է էլեկտրոնային թափոնների, կայանը բերրի հողերի խնդիրները և «Էմերալդ» ցանցի թեկնածու տարածքների սահմաններում կայանի կառուցման խնդիրը։

Էկոլուրը նամակով դիմել է նաև «Մասրիկ-1» ծրագիրը ֆինանսավորող միջազգային ֆինանսական կազմակերպություններին՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին և Միջազգային ֆինանսական կորպորացիային։ Ի պատասխան՝ Միջազգային ֆինանսական կորպորացիան հայտնել է․ «Ծրագրի հետ կապված միջոցառումները սկսվել են ժամանակին, և զգալի առաջընթաց է գրանցվել։ Այսպիսով, որքանով մենք հասկանում ենք, ՇՄԱԳ-ը մնում է ուժի մեջ»։ Իսկ վտանգավոր էլեկտրոնային թափոնները կպահպանվեն պահեստավորման վայրում, նախքան երկրի մակարդակով կայուն մշակման/հեռացման տարբերակների մշակումը կամ դրսից ձեռք բերելը:

Ըստ Միջազգային ֆինանսական կորպորացիայի գնահատման՝ ծրագրի համար օտարված հողերն անարդյունավետ արոտավայրեր են՝ անասունների գերարածեցման, հողի աղակալման պատճառով: Համայնքին հողի դիմաց վճարվել է ամբողջությամբ՝ հողի գնահատման (հավաստագրված գնահատողի) կամ կադաստրային արժեքի հիման վրա։ Իսկ արևային էլեկտրակայանին հատկացված հողատարածքը ներառված չէ «էմերալդ» ցանցի տարածքներում, քանի որ ցանցի օպտիմալացված ցանկով պոտենցիալ տարածքներ են «Սևան» ազգային պարկի միայն որոշ հատվածներ և Գեղամա լեռնաշղթայի միջին հատվածի լանջերի ոչ մեծ մակերեսներ։

Նշենք, որ  «Մասրիկ 1»-ի ՇՄԱԳ-ի համաձայն․ «Մասրիկ 1» արևային կայանը գտնվում է Մասրիկի դաշտի կենտրոնական մասում:…«Մասրիկ 1» կայանի համար հայցվող հողի հիմնական մասը զբաղեցնում են մարգագետնասևահողերը:… «Մասրիկ 1» կայանի համար հայցվող տարածքի հողի բերրի շերտի հզորությունը մեծ է՝ երբեմն հատում է 1 մետրը»:

Լուսանկարը՝ «Մասրիկ-1» կայանի տարածքից

Բեռնի կոնվենցիայի կայքում «Էմերալդ» ցանցի թեկնածու տարածք է ամբողջ «Սևան» ազգային պարկի տարածքը՝ 489․839.8 հեկտարով: «Էմերալդ» էկոլոգիական ցանցի մեջ ընդգրկված տարածքների վերաբերյալ Շրջակա միջավայրի նախարարությունը 13.05.2021թ. N 5/07.6/6644 նամակով հայտնել է. «Հիմք ընդունելով կողմ երկրների և ցանցի տարածքների գնահատումն իրականացնող միջազգային փորձագետների հետ կայացած քննարկումների արդյունքները` 2017 թվականին որոշում է կայացվել փորձագիտական խմբի միջոցով կատարել լրացուցիչ ուսումնասիրություններ՝ առաջարկված պոտենցիալ տարածքների սահմանների վերանայման ուղղությամբ: Աշխատանքային խումբը 2019 թվականին Շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացրել «Էմերալդ» ցանցի օպտիմալացման վերաբերյալ առաջարկներ: Համաձայն այդ առաջարկների՝ Գեղարքունիքի մարզն ընդգրկում է «Էմերալդ» ցանցի 4 պոտենցիալ տարածքներ՝ 82421․8 հա ընդհանուր մակերեսով, հետևաբար արևային էլեկտրակայանին հատկացված տարածքը դուրս է Գեղարքունիքի մարզի «Էմերալդ» ցանցի սահմաններից»:

Նշենք, որ այդ առաջարկները Շրջակա միջավայրի նախարարություն ներկայացնելը դեռ չի նշանակում, որ դրանք հաստատված  են Բեռնի կոնվենցիայի Բյուրոյի կողմից։ Ըստ Բեռնի կոնվենցիայի կայքի՝ «Էմերալդ» ցանցի թեկնածու տարածք է ամբողջ «Սևան» ազգային պարկի տարածքը 489839.8 հեկտարով: Որպես տվյալների հավաքագրման տարի նշված է 2023 թվականը:

Բեռնի կոնվենցիայի բյուրոն 2022 թվականի ապրիլին կայացած նիստում ընդունած որոշմամբ հերթական անգամ իր մտահոգությունն է հայտնել Հայաստանում նախատեսվող «Էմերալդ» ցանցի տարածքների էական կրճատման կապակցությամբ և կրկին հորդորել է իշխանություններին պարզաբանել, թե երբ վերանայված ցուցակը պատրաստ կլինի և կներկայացվի քարտուղարություն։

Իսկ այդ ընթացքում լրացավ «Մասրիկ-1» կայանի կառուցման երկարաձգված ժամկետը։ 2023 թվականի սեպտեմբերին պարզ դարձավ, որ կայանը դեռ չի կառուցվել։

Մեկ ամիս անց՝ 2023 թվականի հոկտեմբերին, կառավարությունը փոփոխեց ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը՝ ընդունելով «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 14–ի N 48-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշումը։ Ըստ այդմ, վերականգնվող էներգետիկայի հզորությունը մինչև 2040 թվականը պետք է հասցվի 2000 ՄՎտ, որից 1500 ՄՎտ-ն՝ արևային, իսկ 500 ՄՎտ-ն՝ հողմային էներգետիկայի հաշվին։ 

Նոր փոփոխություններով «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցումը ևս մեկ տարով հետաձգվեց՝ 2023 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2024 թվականի հոկտեմբերի 31-ը։ Առաջարկվող սակագնի չափն է 0.0419 ԱՄՆ դոլար՝ 1 կՎտժ-ի դիմաց, առանց ԱԱՀ-ի (մոտ 20 դրամ)։ Իսկ 1․000․000 ԱՄՆ դոլարի տույժը պետք է վճարվի  փաստացի կոմերցիոն շահագործման ամսաթվից հետո։ Սակայն կառուցապատողը խնդրել է  նախատեսված կոմերցիոն շահագործման ամսաթիվը երկարաձգել ևս մեկ ամսով: Այն սահմանվել է 2024 թվականի դեկտեմբերի 1-ը։

Ներկայում ինչ փուլում է «Մասրիկ-1» ծրագիրը, կանդրադառնանք Էկոլուրի հաջորդ հրապարակումներում։

Հոդվածը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ֆինանսական աջակցությամբ՝ «Անկախ մեդիա բովանդակության ստեղծում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։

Նոյեմբեր 14, 2024 at 15:32


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր