Հայաստանի գրեթե ողջ տարածքում էապես նվազել են տեղաբնակ ձկնատեսակները, իսկ շատ վայրերում գերակշռում են ներմուծված, հաճախ ինվազիվ տեսակները, որոնք նախկինում մեզ մոտ չեն հանդիպել։ Այս մասին են վկայում Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կենսաբանության, քիմիայի և նրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ձկնաբան Սամվել Պիպոյանի ուսումնասիրությունների արդյունքները։
«Հայաստանի ձկնաշխարհը ներկայում գտնվում է վերափոխման մեջ։ Գետերում նկատվում է մեծ քանակով ձկնային պաշարների նվազում, ինչի հետևանքով շատ տեղաբնակ ձկնատեսակներ, մասնավորապես, կարմրախայտը, կողակը, Կուրի բեղաձուկը, ճանարը, մուրծին քանակապես նվազել են, իսկ որոշներն էլ՝ Սևանի իշխանն իր բոլոր ենթատեսակներով, հաշամը, հայկական կարմրակնը և ուրիշներ հայտնվել են Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում։ Եթե նախկինում Հայաստանում հայտնի էր ընդամենը 22 ձկնատեսակ, ներկայում այդ թիվն աճել է և 50-ից ավելի է։ Այսինքն, ներկայում Հայաստանում հանդիպող ձկնատեսակների շուրջ 60 տոկոսը օտարածին, այլ վայրերից ներթափանցած կամ ներմուծված ձկնատեսակներ են», - Էկոլուրի հետ զրույցում ասաց Սամվել Պիպոյանը։
Ըստ մասնագետի՝ առաջին հերթին այս իրավիճակին նպաստել են այն փոփոխությունները, որոնք կատարվել են գետերի հուների հետ։ Ձկնաբանը թվում է մի քանի գործոններ՝ ջրային ռեսուրսների օգտագործումը գյուղատնտեսական կամ հիդրոէներգետիկայի նպատակով, կլիմայի փոփոխությունը, որսագողությունը։
Հայաստանի փոքր ՀԷԿ-երի մոնիթորինգի ծրագրի շրջանակում պրոֆեսոր Պիպոյանը Էկոլուրի փորձագիտական թիմի հետ ուսումնասիրել է Հայաստանի մարզերով հոսող 47 գետերը և 125 փոքր ՀԷԿ-եր։ Մոնիթորինգի արդյունքում հայտնաբերվել են մի շարք խնդիրներ, այդ թվում՝ ոչ բավարար քանակությամբ բնապահպանական թողքի ապահովում, ձկնաշխարհի կենսաբազմազանության և տեղաբնակ ձկնատեսակների վտառների քանականական ցուցանիշների բացասական փոփոխություններ, ՓՀԷԿ-երի ձկնանցարանների և ձկնապաշտպան ցանցերի ֆունկցիոնալ անհամապատասխանություն։
«Նախ հասկանանք՝ ինչ կառուցվածք ունի փոքր ՀԷԿ-ը, որպեսզի հասկանանք՝ ինչ խնդիրներ ունեն ձկները։ Յուրաքանչյուր փոքր ՀԷԿ-ում ջուրը հավաքվում է ինչ-որ ջրափոսում կամ ջրամբարում, որտեղից պետք է անցնի խողովակների մեջ և մոտ 1․5-3 կմ հոսի որոշակի անկյունով, որպեսզի առաջացնի ջրի մեծ հոսք, որի ուժով պտտվում են հոսանք առաջացնող թափանիվները /տուրբինները/։ Ստացվում է, որ գետի ջուրը, որը գտնվում է ՓՀԷԿ-ից վերև, պետք է հոսի դեպի թափանիվները 1․5-2-3 կմ խողովակների միջով: Արդյունքում գետի հունը հաճախ ընդհանրապես ջրազրկվում է, չի պահպանվում ջրի այնպիսի էկոլոգիական թողք, որը կբավարարի գետային էկոհամակարգի կայուն վիճակը։ Հատկապես ամռան ընթացքում, երբ գետերի որոշ հատվածներ դրա արդյունքում չորանում են։ Շատ սխալ է այն կարծիքը, որ ասում են՝ ջուրն ինչ քանակով վերցրել են, ի վերո դուրս է գալիս: Այո, ի վերջո դուրս է գալիս, բայց դրա արդյունքում գետերի հուների մի մասը լրիվ չորացած է, խաթարված են ջրում բնակվող օրգանիզմների, մասնավորապես ձկների կենսագործունեության բնականոն պայմանները, ինչն էլ հանգեցնում է այդ կենդանիների բազմազանության և պաշարների կտրուկ անկմանը», - խնդիրը նկարագրեց Սամվել Պիպոյանը։
Փոքր ՀԷԿ-երով «ամենահարուստը» Եղեգիսի ավազանն է՝ 17 փոքր ՀԷԿ-ով։ «Միայն Եղեգիս գետի վրա, որը 47 կմ է, 12-13 փոքր ՀԷԿ է գործում։ Ջուրը դուրս է գալիս մի ՓՀԷԿ-ի խողովակից և անմիջապես մի 10-20 մետր հետո լցվում է մեկ այլ ՓՀԷԿ-ի գլխամասային կառույց, հետո խողովակի մեջ։ Գետի շուրջ 50 տոկոսն ամբողջովին անցնում է խողովակների միջով, - ասաց Սամվել Պիպոյանը և հավելեց, - վերջին 15 տարվա դիտարկումներով՝ Վայոց ձորի գետերում նկատվում է ջրային հոսքի նվազում և ձկնային պաշարների խիստ նվազում։ Եղեգիս գետի ստորին հոսանքում հիմա կա միայն 3-4 ձկնատեսակ, վերին հոսանքում շատ ձկնատեսակներ արդեն վերացել են, չեն հանդիպում կամ հազվադեպ են հանդիպում կողակը, Կուրի բեղաձուկը, կարմրախայտը: Նվազել է անգամ նախկինում բազմաքանակ արևելյան տառեխիկը, Կուրի սպիտակաձկան գլխաքանակը։ Այդ ամենի պատճառը մի կողմից ջրային ռեսուրսների ոչ բարվոք վիճակն է ու ձկների կերային բազայի կտրուկ վատթարացումը, մյուս կողմից՝ ջրատեխնիկական կառույցների, մասնավորապես ՓՀԷԿ-երի ձկնանցարանների գործառնական անպետքությունը և զգալի չափերի հասնող որսագողությունը»։
Սամվել Պիպոյանը ներկայացրեց փոքր ՀԷԿ-երում ձկնանցարանների վիճակը․ «125 փոքր ՀԷԿ եմ այցելել, և դրանցից ընդամենը 1-2-ի ձկնանցարաններն են, որ թույլ են տալիս ձուկը ստորին հոսանքից բարձրանա վերև և շարունակի իր ճանապարհը։ Մնացած դեպքերում ձկնանցարաններն այնպիսի կառուցվածք ունեն, որոնք չեն նպաստում ձկների մեծ մասի անցմանը։ Կան տեղեր, որ ձկնանցարաններ ընդհանրապես չկան, կան տեղեր, որ ընդամենը խողովակներ են, որոնցով ենթադրվում է, որ պետք է ձուկ անցնի։ Կան ձկնանցարաններ, որոնց աստիճանների բարձրությունն այնքան է, որ երևի թե պետք է լինել խոշոր չափերի հասնող ջրային կենդանի, որ կարողանալ ցատկ կատարել մեկ աստիճանից մյուսը բարձրանալու համար»։
Սամվել Պիպոյանը նշեց, որ կլիմայի փոփոխության ազդեցությամբ պայմանավորված Հայաստանի ջրային ռեսուրսները գնալով նվազում են։ «Ստացվում է, որ ձկնատեսակները, որոնք նախկինում ապրել են մեր ջրերում և հարմարված էին որոշակի պայմանների, ներկայում չունեն բնականոն ապրելու միջավայր, և, բնականաբար, ոչնչանում են։ Բացի ձկներից, մենք ունենք բազմաթիվ այլ կենդանիներ՝ անողնաշար կենդանիներ, ջրային բուսականություն, որոնք նույնպես չեն կարողանում լիարժեք վերարտադրվել նման պայմաններում։ Ջուրը սովորական ռեսուրս չէ, ջուրն էկոհամակարգ է, հատկապես գետային ջուրը, որտեղ բնակվում են միաբջիջ օրգանիզմներից սկսած, ձկներով վերջացրած։ Կան նաև ջրամերձ թռչուններ, որոնք բնակվում են ջրի ափին, սողուններ, երկկենցաղներ, կաթնասուներ։ Եվ այդ տեղանքներում, որտեղ խողովակներ են, ջուր չկա, կենդանիները ստիպված են միգրացիաներ կամ քոչ կատարել, որպեսզի կարողանան ջրի իրենց պահանջները բավարարել։ Փոքր ՀԷԿ-երի առումով մենք գործ ունենք միկրոկենսացենոզի կորստի վտանգի հետ։ Այստեղ բնակվող օրգանիզմների ամիջական գոյությունը շաղկապված է ջրի առկայության հետ։ Չկա ջուր, չկա կյանք։ Եվ բուսատեսակները, որոնք աճում են գետերի ափին, դրանք էլ են վերանում և անապատացման գործընթաց է տեղի ունենում», - ասաց Սամվել Պիպոյանը։
Ձկնաբանը նշեց՝ անհրաժեշտ է վերակառուցել փոքր ՀԷԿ-երը, հատկապես ձկնանցարանները, նաև վերանայել էկոլոգիական թողքի հաշվարկման մեթոդը։ Ձկնանցարանների կառուցման համար Սամվել Պիպոյանը նոր տարբերակ է առաջարկում․ «2015 թվականին Հայատանում պաշտպանվեց մի թեկնածուական դիսերտացիա, որտեղ խոսվում էր ժամանակակից ՓՀԷԿ-երի կառուցվածքի և այնտեղ գործող ձկնանցարանների ձևափոխության մասին։ Առաջարկվում է նոր մոտեցում՝ լաբիրինթոսային տարբերակ։ Գետի վրա կառուցվում է գլխամասային կառույցը, որտեղ ՓՀԷԿ-ի ջրամբարն է։ Եթե դա կիրճ չէ, ապա շատ հնարավոր է լինում շրջանցող բնական հոսք ունենալ։ Գետը բաժանվում է երկու մասի․ մի մասը շարունակում է գնալ իր հունով, իսկ մյուս մասը լցվում է գլխամասային կառույց։ Ձկներն այլևս կարիք չեն ունենում հատուկ կառուցված ձկնացարանի, քանի որ գետը բաժանվում է երկու բազուկի՝ ջրի բնական հոսքով: Այսինքն, մենք ձկնանցարան որպես այդպիսին, չենք կառուցում, ուղղակի թողնում ենք երկու հուն։ Դրանով Հայաստանի ՓՀԷԿ-երի 60 տոկոսի խնդիրը կլուծվի։ Մնացած 40 տոկոսի համար կարելի է կառուցել բնական քարերից ձկնանցարաններ։ Ձուկը ձեռք է բերում բնական միջավայրով տեղաշարժման հնարավորություն։ Յուրաքանչյուր ձկնատեսակ ունի իր թռիչքային հնարավորությունը, և այդ հաշվարկը նախապես է պետք անել, խորհրդակցել ձկնաբանների հետ։ Եթե կա բնական հոսքի հնարավորություն, ձկների մեծ մասը կխուսափի ՓՀԷԿ-ի գլխամասային ջրամբար մտնելուց, որտեղից շատ դեպքերում ձկները լցվում են խողովակների մեջ ու գնում դեպի ՓՀԷԿ-ի տուրբիններ ու ոչնչանում»։
Ձկնային բազմազանության պահպանման տեսանկյունից անարդյունավետ են նաև գետերի վրա կառուցված ջրամբարները, որոնք օգտագործվում են գյուղատնտեսական և հիդրոէներգետիկայի նպատակներով։ «85-ից ավելի տարբեր ջրամբարներ են գործում Հայաստանում, որոնք կառուցվել են գրեթե բոլոր խոշոր և միջին գետերի վրա։ Ջուրը ջրամբարներում լճանում, տաքանում է, իսկ ձմռանը՝ սառչում, և գետի հունով հոսում է այնպիսի ջուր, որը կա՛մ շատ տաք է, կա՛մ՝ շատ սառը։ Ձկները, որոնք ապրում են գետի ստորին հոսանքներում և՛ պետք է բարձրանան վերև բազմանալու համար, առաջին հերթին հանդիպում են ջրամբարների պատնեշներին և չեն կարողանում շարունակել իրենց ճանապարհը: Երկրորդ ՝ նրանց խաբում է ջրամբարների ջուրն իր կտրուկ ջերմաստիճանային փոփոխություններով՝ կամ գերսառեցմամբ, կամ գերտաքացմամբ։ Ջրամբարները չունեն ձկնանցարաններ, չկան պայմաններ տեղաբնակ, գետային ձկների բազմացման համար», - ասաց Սամվել Պիպոյանը։
Նա շեշտեց ՓՀԷԿ-երի վերազինման կարևորությունը, քանի որ դրանք կարևոր խնդիր են լուծում էներգետիկ անվտանգության տեսանկյունից։ «Պատերազմական գործողությունների դեպքում, ատոմակայանի կամ ջերմաէլեկտրակայանների խաթարման դեպքում փոքր ՀԷԿ-երը կարող են դառնալ փրկության օղակ։ Դրանք ունեն ներուժ, եթե փոխվեն սարքավորումները, որոնք շատ քիչ ՕԳԳ ունեն։ Եթե տեղադրվեն կատարյալ սարքավորումներ, նրանք կարող են շատ քիչ ջրից շատ ավելի մեծ քանակությամբ հոսանք ստանալ, շատ ավելի էկոլոգիական թողք թողնել, նվազագույն վնաս հասցնելով բնությանը», - ասաց Սամվել Պիպոյանը։
Գետերը և գետային բազմազանությունն ավելի խոցելի են դառնում կլիմայի փոփոխության պայմաններում։ Կանխատեսումները լավատեսական չեն։ ՀՀ-ում 2040 թվականին կանխատեսվում է գետային հոսքի նվազում մոտ 14%-ով, 2070 թվականին՝ մոտ 28%-ով, իսկ 2100 թվականին՝ 39%-ով:
Սամվել Պիպոյանը ներկայացրեց՝ ինչպես է կլիմայի փոփոխությունն ազդում Եղեգիս գետի և իր վտակների վրա․ «Տարեցտարի ջրի քանակությունը նվազում է, բացառություն է կազմում 2024 թվականը, երբ ջրի հոսքը և տեղումները շատ էին, և Եղեգիս գետում կար բավարար ջրային պաշար։ Բայց ըստ կանխատեսումների՝ Հայաստանի շատ վայրերում, այդ թվում՝ Եղեգիսի ավազանում, ձյան ծածկույթը նվազելու է, իսկ դա բերելու է ջրային պաշարների նվազման։ Մենք կունենանք խնդիր գետի վիճակի և ՓՀԷԿ-երի աշխատանքի արդյունավետության հետ։ Չի բավարարելու խմելու ջրի պաշարը, ոռոգման ջրի պաշարը։ Գետերում բնակվող օրգանիզմները, մասնավորապես, ձկները, կունենան ավելի վատ կենսական պայմաններ»։
Հոդվածը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ֆինանսական աջակցությամբ՝ «Անկախ մեդիա բովանդակության ստեղծում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։
Նոյեմբեր 22, 2024 at 17:54