«Մասրիկ 1» արևային ֆոտովոլտային կայանը չի կառուցվել. կառուցապատող ընկերությունից կգանձվի՞ 1 միլիոն դոլար լրացուցիչ երաշխիքային անհետկանչելի գումար

«Մասրիկ 1» արևային ֆոտովոլտային կայանը չի կառուցվել. կառուցապատող ընկերությունից կգանձվի՞ 1 միլիոն դոլար լրացուցիչ երաշխիքային անհետկանչելի գումար

55 Մվտ հզորությամբ «Մասրիկ 1» արևային ֆոտովոլտային կայանը դեռևս չի կառուցվել: Կայանի կառուցման ավարտը նախատեսված էր 2023թ․ սեպտեմբերի 1-ին։ ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Ասատրյանը ԷկոԼուրին հայտնեց․ «Ոչ մի շարժ չկա, ոչինչ չի կառուցվել: Չգիտեմ, թե ինչու մինչև հիմա կառուցման հետ կապված որևէ տեղաշարժ չկա»։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2022թ. հունիսի 30-ի N 997-Ա որոշմամբ կայանի կառուցման ժամկետը երկարաձգվել էր ավելի քան մեկ տարով: Կառուցապատող «ԷՖԱՐՎԻ ՄԱՍՐԻԿ» ՓԲԸ-ն կայանի կառուցումը պետք է ավարտին հասցներ 2022թ. հուլիսի 1-ին, սակայն, ըստ ընկերության ներկայացրած պատճառաբանության, COVID-19 համավարակն ու պատերազմական գործողությունները խոչընդոտել էին աշխատանքները սահմանված ժամկետում կատարելուն: ՀՀ կառավարության աջակցության համաձայնագրի համաձայն՝ ավելացված ժամկետում էլ կառուցման աշխատանքներն ավարտին չհասցնելու դեպքում ընկերութունը ստիպված կլինի վճարել 1 միլիոն դոլար լրացուցիչ երաշխիքային անհետկանչելի գումար: Այն պետք է գանձվի անկախ պատճառներից նոր ժամկետներում ծրագիրը չավարտելու դեպքում: 

«Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման ծրագիրն իրականացնում է «Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչրս» Բի.Վի. (Fotowatio Renewable Ventures B.V., FRV) (Նիդերլանդներ) – «ԷֆԷսԷլ Սոլար» Էս. էլ. (FSL Solar S.L.) (Իսպանիայի Թագավորություն) ընկերությունների կոնսորցիումը: Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայից (ՄՖԿ), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) և Եվրամիությունից (ԵՄ) ծրագրի իրականացման տարբեր փուլերում նախատեսված է ընդհանուր մինչև 38․4 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորման տրամադրում: Կայանի տարածքը պետք է կազմի 128.3 հա Մասրիկի դաշտի կենտրոնական մասում:

Սեպտեմբեր 25, 2023 at 10:49


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր