Դաշտադեմ բնակավայրում կկառուցվի ևս մեկ արևային կայան

Դաշտադեմ բնակավայրում կկառուցվի ևս մեկ արևային կայան

«Սոլար Լենդ» ՍՊԸ-ն նախատեսում է Դաշտադեմ բնակավայրում 5 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան կառուցել: Ընկերությունը Շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացրել «Սոլարլենդ» արևային կայանի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման (ՇՄԱԳ) հայտը: 

Նշենք, որ Դաշտադեմի վարչական տարածքում կառուցվում է նաև Հայաստանի ամենախոշոր՝ արդյունաբերական նշանակության 200 ՄՎտ հզորությամբ «Այգ-1» արևային կայանը, որը կզբաղեցնի 547.31 հա հողատարածք, այդ թվում՝ Դաշտադեմում 377.4495, Թալինում՝ 169.8614 հա:     

2023թ. սեպտեմբերի 22-ին Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքի Դաշտադեմ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի է ունեցել արևային կայանի կառուցման ՇՄԱԳ հայտի վերաբերյալ հանրային 2-րդ քննարկումը: Դաշտադեմի վարչական ղեկավար Արկադի Մարտիրոսյանն ԷկոԼուրի հետ զրույցում ասաց. «Լսումները կայացել են: Նախնական պայմանավորվածություն ունենք ընկերության հետ հնարավոր սոցիալական աջակցության վերաբերյալ: Հետագայում կքննարկենք դրա հետ կապված մեխանիզմները»: 

Նշենք, որ արևային ֆոտովոլտային կայանի տարածքը կզբաղեցնի 8.5 հա տարածք: Նշված հողատարածքը սեփականության իրավունքով պատկանում է «Սոլար Լենդ» ՍՊԸ-ին, նպատակային նշանակությունը՝ էներգետիկայի:

Ըստ ՇՄԱԳ հայտի՝ տարածքում նախկինում մելորացված քարակույտեր են եղել, հողաբուսաշերտը բացակայում է, հողի հնարավոր բերրի շերտի առավելագույն մեծությունը կազմում է 0,05 մ: Կայանի կառուցման ընթացքում նախատեսվում է 3500 խմ հող հանել, որից 240 խմ գրունտը կտեղափոխվի համայնքի կողմից հատկացված վայր, մնացածը՝ օգտագործվելու է որպես ետլիցք:

Արևային էլեկտրակայանը Հայաստանի էլեկտրական ցանցին միացնելու համար նախատեսվում է կառուցել 6300 ԿՎԱ հզորությամբ 110/35/6 կՎ լարման տրանսֆորմատորային ենթակայան: Կայանի շահագործման ժամանակային երաշխիքը կազմում է 25 տարի, ենթակայանի համար՝ 30 տարի:

Շինարարական աշխատանքներում նախատեսվում է ներգրավել 45, իսկ արդեն արևային կայանի շահագործման ժամանակ՝ 6 աշխատակից: 

ՇՄԱԳ հայտից նաև տեղեկանում ենք, որ ուսումնասիրվող տարածքն անմիջական սահմաններ չունի բնության հաատուկ պահպանվող տարածքների հետ: Տարածքին ամենամոտը «Արագածի ալպյան» պետական արգելավայրն է, որի առավել մոտ գտնվող հատվածը տեղակայված է ավելի քան 15 կմ հեռավորության վրա: Ամենամոտ գտնվող բնության հուշարձանը «Տատիկ» քարե բնական քանդակն է, որը գտնվում է նախատեսվող գործունեության տարածքից շուրջ 8 կմ հեռավորության վրա: 

Թափոններ      

Արևային կայանն ըստ ՇՄԱԳ հայտի կունենա 10 հազար 750 հատ արևային վահանակ, որոնց ընդհանուր ծավալը կլինի 860 խմ: «Տարածքում վտանգավոր թափոնների ժամանակավոր պահման վայրում կհավաքվեն առաջացող թափոնները, որից հետո կտրամադրվեն լիցենզավորվող կազմակերպությանը»,- նշված է հայտում։

Բնապահպանական և սոցիալական մեղմման միջոցառումներ

Ընկերությունը կայանի կառուցման և շահագործման ընթացքում նախատեսում է բնապահպանական և սոցիալական մեղմման միջոցառումների իրականացման համար հատկացնել 1 միլիոն 800 հազար դրամ: Նախատեսվում է մի շարք ուսումնասիրություններ և մեղմման միջոցառումներ կատարել: Այդ թվում՝ 

- Մերձակա տարածքների մթնոլորտային օդի որակի պարզում

- Հայցվող տարածքից ցածր նիշերում մակերևույթային ջրերի որակի պարզում 

- Շինարարության տեղանքի և շրջակայքի բուսական և կենդանական աշխարհի ուսումնասիրություն 

- Շինարարության տեղամասերի հողածածկի ուսումնասիրություն 

- Շինարարության տարածքում պատմամշակույթային և բնական հուշարձանների առկայության ստուգում 

- Չոր եղանակներին ջրել աշխատանքային հրապարակները

- Տեխնիկատրանսպորտային միջոցները պետք է շահագործվեն սարքին վիճակում` բացառելու համար վառելիքի և յուղերի պատահական արտահոսքը և ենթարկվեն պլանային տեխնիկական ստուգումների

- Առավելագույն չափով օգտագործել գոյություն ունեցող ճանապարհները

- Արգելել տրանսպորտային միջոցների երթևեկումը դաշտային տարածքներում 

- Քարակույտերի տեղափոխումը իրականացնել փուլերով՝ հնարավորություն տալով սողուններին հեռանալ տարածքից անվնաս

- Կանոնավոր կատարել սոցիալական պարտավորությունները՝ համաձայն համայնքի հետ կնքած պայմանագրի 

- Կանոնավոր հանդիպել համայնքի ղեկավարության հետ փոխադարձ հետաքրքրության խնդիրները քննարկելու համար: 

Հիշեցնենք, որ Հայաստանի կողմից ընդունված «ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրով (մինչև 2040 թվականը)» մինչև 2030թ. արևային էներգիայի արտադրության մասնաբաժինը էներգետիկ համակարգում նախատեսվում է հասցնել 15%-ի: Այդ նպատակով պետք է կառուցվեն 1000 ՄՎտ ընդհանուր հզորությամբ արևային էլեկտրակայաններ՝ ներառյալ ինքնավար կայաններ:  

Սեպտեմբեր 25, 2023 at 15:59


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր