Էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներկրման համար սահմանված ավելացված արժեքի (ԱԱՀ) հարկի արտոնությունը կգործի ևս մեկ տարի: Կառավարությունը 2023թ. սեպտեմբերի 14-ին հավանություն տվեց «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին, որով արտոնությունը երկարաձգվեց մինչև 2025թ. հունվարի 1-ը:
Ըստ հիմնավորման՝ 2021-2022 թթ. ընթացքում տեղադրվել և ներկայումս հանրապետության տարածքում կիրառվում են 100 լիցքավորման կայաններ, որոնց միջոցով հնարավոր է լիցքավորել միաժամանակ 150 էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց։ Նախագծի ընդունմամբ նպաստավոր պայմաններ կստեղծվեն երկրում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու շահագործումը խթանելու, արդեն իսկ արձանագրված դրական արդյունքների շարունակականության ապահովման, մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցման համար: Էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների քանակի զգալի աճը կնպաստի նաև դրանց շահագործման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների՝ լիցքավորման կայաններ, վերանորոգման կետեր և այլն, զարգացմանը՝ լրացուցիչ ներդրումների և նոր աշխատատեղերի ստեղծման միջոցով:
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Խոջոյանը Կառավարության նիստի ընթացքում ընդգծեց, որ երկու տարիների ընթացքում աճել է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման ծավալը։ «Մասնավորապես, 2022թ.-ին 2021թ. համեմատ էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծման ծավալն աճել է 1,8 անգամ, իսկ 2020թ. համեմատ շուրջ 12 անգամ։ Էլեկտրական շարժիչով մոտոցիկլետների և մոպեդների ներմուծման ծավալը 2022թ.-ին 2021թ. համեմատ աճել է 3,8 անգամ»,- նշեց փոխնախարարը։
Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքեց. «Ուրախությամբ պետք է արձանագրել, որ ՀՀ-ում էլեկտրոմոբիլների նկատմամբ ընկալումն աճում է, և սա լավ լուր է: Ուրախությամբ պիտի արձանագրեմ նաև, որ Երևանում պարեկային ոստիկանությունն օգտագործում է էլեկտրական շարժիչով ավտոմեքենաներ: Մենք լարված հետևում էինք, թե ինչ կասեն մեր ոստիկաններն այդ մեքենաների գործունեության մասին, պետք է ասեմ, որ շատ դրական արձագանք ունեն: Ուրախությամբ պետք է արձանագրեմ նաև, որ արդեն Երևանում առաջին էլեկտրական ավտոբուսն է դուրս եկել երթուղի, և ՀՀ-ում շատ քաղաքացիներ օգտվում են այդ տրանսպորտի միջոցից»:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ այս ոլորտում պետք է ուշադրություն դարձնել էլեկտրական մեքենաների ուտիլիզացիայի հարցին: «Ոլորտում առկա խնդիրներից է ուտիլիզացիան, որը բարդ է: Մենք անվերջ չենք կարող սա թողել արտոնյալ ռեժիմ։ Ես կարծում եմ՝ մենք 2024թ. արտոնության միջոցով կրիտիկական քանակ կունենանք, ինչը կխթանի ենթակառուցվածքների ձևավորումը, որովհետև էլեկտրական մեքենաներն առանց ենթակառուցվածքների արդյունք չեն տալիս։ Մենք կարող ենք հայտնվել մի իրավիճակում, որ ամբողջ աշխարհն ոււտիլիզացման ենթակա մեքենաներն ուղարկի ՀՀ: Մենք ուշադիր հետևելու ենք դրան, որ նման բան տեղի չունեն: Եթե զգանք, որ տեղի է ունենում՝ անմիջապես կարգավորումներով կզսպենք։ Ամփոփելով՝ ուզում եմ ասել, որ դեռևս 2024թ. կլինի լայնամասշտաբ արտոնության տարի, որից հետո կարգավորումներով բոլոր հարցերը կլուծենք»,- ասաց փոխվարչապետը:
Սեպտեմբեր 15, 2023 at 12:21