Գագարինում 5 ՄՎտ հզորությամբ արևային կայան կկառուցվի

Գագարինում 5 ՄՎտ հզորությամբ արևային կայան կկառուցվի
«Դիջիդաթա» ՍՊԸ-ն մտադիր է Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գագարին բնակավայրում 5 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտոէլեկտրակայան կառուցել: Ընկերությունը Շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացրել կայանի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման (ՇՄԱԳ) հայտը: 2023թ. հոկտեմբերի 3-ին Սևան համայնքի Գագարին բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա ՇՄԱԳ հայտի վերաբերյալ երկրորդ հանրային քննարկումը: 
 
Ըստ ՇՄԱԳ հայտի՝ արևային կայանի համար հայցվող հողի հիմնական մասը լեռնային սևահողեր են: Կայանի կառուցման համար մետաղական կոնստրուկցիաների տեղադրման համար հանվելու է հողի բերրի շերտի ամբողջ զանգվածը, իսկ այն հատվածում, որտեղ հողի բերրի շերտը մեծ չափերի է հասնում, կհանվի միայն 20 սմ բուսաշերտ: Նշված է, որ հողի հանված բերրի շերտը պահվելու է լայնակույտերում՝ մինչև 20 տարի ժամկետով: Լիցենզիայի ավարտից հետո տարածքն ամբողջությամբ կվերականգնվի, կվերացվեն բոլոր մետաղական և բետոնե կառույցները, կիրականացվի հողի բերրի շերտի հետլից և ցանքս՝ տարածքին բնորոշ բուսատեսակներով: Ընկերությունը ռեկուլտիվացիայի համար նախատեսել է 7 միլիոն 500 հազար դրամ: 
 
Նշենք, որ նախատեսվող գործունեության տարածքը Սևանա լճից գտնվում է 2.5 կմ հեռավորության վրա, հարակից է Մասրիկ գետին, տարածքի գործառնական նշանակությունը՝ էներգետիկայի է: Կայանի կառուցման համար հատկացված մակերեսը կազմում է 6,1 հա: 
 
Ըստ փաստաթղթի՝ կայանի շինարարությունը կտևի մոտ 8 ամիս, որի ընթացքում բացառվելու է ծառաթփերի հատման հնարավորությունը:  Ընկերությունը նախատեսում է կայանի գործունեության ընթացքում առաջացող թափոնները (վահանակները) պահել ժամանակավոր պահման վայրում, որից հետո տրամադրել դրանք լիցենզավորվող կազմակերպությանը: Մշտադիտարկումների և բնապահպանական ազդեցությունների կանխարգելման համար կհատակցնի 1 միլիոն 100 հազար դրամ: 
 
Նաև նախատեսվում են մի շարք բնապահպանական միջոցառումներ, այդ թվում՝ 
 
- Նավթամթերքների նվազագույն անհրաժեշտ քանակի պահեստավորում անթափանց տակառներով աշխատանքները սպասարկող բեռնատար մեքենայի թափքում: Վառելիքի հիմնական լիցքավորման և քսայուղերի փոխարինման աշխատանքները կատարվելու համապատասխան ծառայություն մատուցող կայանում: 
 
- Շինարարական աշխատանքների և շահագործման փուլի հետ կապված օգտագործված յուղերի ու քսայուղերի հավաքում առանձին տարրաների մեջ` հետագա ուտիլիզացման կամ երկրորդական վերամշակման համար:
 
- Առաջացող թափոնների անվտանգ կառավարում: 
 
- Օգտագործվող տեխնիկական միջոցների շարժիչների կարգավորում՝ աղմուկի նվազեցման, շրջանի կենդանական աշխարհի վրա բացասական ազդեցության բացառման նպատակով:  

Սեպտեմբեր 27, 2023 at 17:03


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր