2023թ. սեպտեմբերին Վայոց ձորի մարզի Եղեգիս խոշորացված համայնքին հանձնվեցին 6 էլեկտրական հովիվներ, որոնք կպաշտպանեն գյուղացիներին ու իրենց տնտեսությունները՝ մեղվափեթակներն ու այգիները, գորշ արջերի հարձակումներից:
Լուսանկարները՝ բնակիչներից
Էլեկտրական հովիվները, որոնցից 3-ը հագեցած են արևային համակարգերով, կտեղադրվեն Շատին և Հերմոն բնակավայրերում: Սարքավորումները համայնքին տրամադրվեցին WWF-Հայաստանի կողմից իրականացվող «Էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն» ծրագրի շրջանակներում:
WWF-Հայաստանի կողմից իրականացվող մեկ այլ՝ «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրի աջակցությամբ համայնքում կտեղադրվի 40 կիլովատ հզորությամբ արևային կայան, որի արտադրած էլեկտրաէներգիայի շնորհիվ խնայված գումարները կօգտագործվեն արջերի կողմից գյուղացիներին հասցված վնասի փոխհատուցման նպատակով: Ստացիոնար կայանից բացի համայնքը ստացել է ևս 5 հատ 2 կիլովատ հզորությամբ շարժական հիբրիդային արևային կայան, որոնք ըստ անհրաժեշտության կօգտագործվեն համայնքում և հեռագնա արոտներում:
«Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն»-ծրագրի ազգային համակարգող Արմեն Շահբազյանը նշեց, որ բնապահպանական միջոցառումներ իրականացնելիս կարող են լինել մարդ-վայրի կենդանիներ կոնֆլիկտներ: «Այսպիսի կոնֆլիկտներին ժամանակին չմիջամտելը կարող են հեռահար հետևանքներ ունենալ բնապահպանության համար: Լուծումներից մեկն էլեկտրական հովիվների տրամադրումն է: Այն հոսանքի միջոցով վախեցնում է արջերին, վնաս չի պատճառում ոչ արջին, ոչ մարդկանց, ոչ երեխաներին: Սա կարող է կանխել արջերի հարձակումը գյուղացիների գույքի վրա: Անգամ արոտում կարելի է օգտագործել»,- ասաց նա:
Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը նշեց, որ արջերի կողմից համայնքին հասցված վնասները տարեկան կազմել են 6-7 միլիոն դրամ: «Ֆոտովոլտային կայանի շահագործման արդյունքում ստեղծված էլեկտրական հոսանքի շնորհիվ հաջորդ տարի այս նույն ժամանակահատվածում մոտ 4 միլիոն դրամի գումարի խնայողություն կունենանք: Այդ գումարը կարող ենք օգտագործել բնակիչներին արջի կողմից հասցված վնասների հատուցման համար»:
Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը նշեց. «Արջերի թվաքանակն այնքան է ավելացել, որ ամեն օր ունենք արջի կողմից հասցված վնասներ: Եղեգիս համայնքը արևային կայանի շահագործման արդյունքում հնարավորություն կունենա եկամուտներն օգտագործել իր բազմաթիվ խնդիրների, սոցիալական հարցերի լուծմանն ուղղված գործառույթների իրականացմանը»:
Միջոցառման ժամանակ ևս մեկ կարևոր բնապահպանական նախաձեռնության մեկնարկ տրվեց․ WWF-Հայաստանի, Եղեգիս համայնքի և «Եղեգ» համայնքային սոցիալական-բնապահպանական ՀԿ-ի միջև ստորագրվեց երկարաժամկետ համաձայնագիր, որով համայնքի Շատին և Հերմոն բնակավայրերում սկիզբ դրվեց «Էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն» տարածաշրջանային ծրագրին: Արևային կայանների տրամադրումն էլ ամրագրվեց Եղեգիս համայնքի, WWF-Հայաստանի և «Արփի Սոլար» ՍՊԸ-ի միջև կնքված հուշագրով: Ընկերության կողմից կատարված համաֆինանսավորման շնորհիվ 30 Կվտ հզորության փոխարեն հնարավոր դարձավ 40 ԿՎտ հզորությամբ կայան տեղադրել:
Հարավային Կովկասում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գրասենյակի (SDC) տարածաշրջանային տնօրենի տեղակալ և փոխդեսպան Վերներ Թութն ասաց. «Հայաստանում մեր աշխատանքի մեծ մասը հանգում է երեք փոխկապակցված նպատակների՝ բնության ու գեղեցիկ լանդշաֆտների պաշտպանություն, հողի, արոտավայրերի, անտառների ու ջրի կայուն օգտագործում և մարդկանց ու համայնքների համար նոր հնարավորությունների ստեղծում: Դրա համար անհրաժեշտ է, որ համայնքները և տեղի բնակիչներն օգտվեն բնական ռեսուրսներից՝ առանց դրանք վնասելու և ոչնչացնելու: Անհրաժեշտ է հավասարակշռություն վայրի բնության պաշտպանության, էլեկտրաէներգիայի արտադրության և սպառման միջև»:
Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը նշեց. «Էկոմիջանցքի ծրագիրը Հայաստանի ռազմավարական փաստաթղթերից է: Հիմնական նպատակն է, որ հատուկ պահպանվող տարածքները միմյանց միանան այդ էկոմիջանցքով, կենդանիները ավելի անվտանգ մի տարածքից անցնեն մյուսը: Մյուս նպատակն է, որ հողօգտագործումը բնապահպանական առումով ավելի ճիշտ արվի համայնքների կողմից: Դրա համար համայնքի համար մշակում ենք արոտկառավարման պլաններ»:
Շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը նշեց, որ նմանատիպ ծրագրերի շրջանակներում դրված է մեկ կարևոր բաղադրիչ՝ սոցիալ-տնտեսական օժանդակություն համայնքներին: «Այս բաղադրիչի օգտագործման արդյունքում հզորացնելով համայնքային փոքր տնտեսությունները՝ նպատակ է դրվում մեղմացնելու բնակչության ճնշումը վայրի բնության վրա, դրան զուգահեռ՝ նաև բնության հատուկ պահպանվող տարածքների կամ արժեքավոր էկոհամակարգերի և տեսակների պահպանությանը»,- նշեց նա:
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ամփոփեց. «Համայնքների ու էկոմիջանցնքների հարաբերությունների կարգավորման տեսանկյունից ավելի լայն ու մեծ քննարկում կկազմակերպենք՝ հասկանալու համար, թե ինչ ենք հասցրել անել և ինչ շարունակություն պետք է ունենա, ինչ անել, որ ծրագիրն ավելի լավ արդյունքներ գրանցի»:
Փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո մասնակիցներն այցելեցին Շատին բնակավայր, որտեղ իրականացվեց արևային կայանների և էլեկտրական հովիվների փոխանցումը համայնքին:
Նշենք, որ Շատինում Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի կողմից արջերի կողմից առավել հաճախ հարձակումների ենթարկված տնային տնտեսություններին արդեն իսկ տրամադրվել էին էլեկտրական հովիվներ: Միջոցառման մասնակիցները շրջայց կատարեցին՝ տեսնելու տեղադրված հովիվները և բնակիչներից տեղեկանալու դրանց կիրառելիության մասին։ Բնակիչները հանդիպման ժամանակ նշեցին, որ էլեկտրական հովիվներն տեղադրումն արդյունավետ է արջերի այցերը սահմանափակելու տեսանկյունից:
Նշենք, որ «Էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն» տարածաշրջանային ծրագրի առաջին փուլը մեկնարկել է 2015թ.: Հայաստանում այն իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի (WWF-Հայաստան) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ջանքերով և ֆինանսավորվում է Գերմանիայի կառավարության կողմից՝ KfW զարգացման բանկի միջոցով:
Ծրագրի առաջին փուլի ընթացքում իրականացվել է կովկասյան ընձառյուծի, հայկական մուֆլոնի, բեզոարյան այծի և գորշ արջի ապրելավայրերի և միգրացիոն ուղիների քարտեզագրում և կենդանիների քանակի գույքագրում: Այնուհետև, էկոմիջանցքի ծրագրի առաջին փուլի ներքո թիրախային համայնքների կողմից ստեղծվել են համայնքային բնապահպանական տարածքներ՝ մոտ 37,000 հա ընդհանուր մակերեսով, համայնքներում ընտրվել է 12 խնամակալ, որոնք զբաղվում են վայրի կենդանիների մշտադիտարկման աշխատանքներով և պահպանությամբ:
2022թ․ փետրվարի մեկից մեկնարկեց ծրագրի երկրորդ փուլը, որի միջոցով ծրագրում կներառվեն մեկ տասնյակից ավելի գյուղական բնակավայրեր Սյունիքի, Վայոց ձորի, Լոռու և Տավուշի մարզերում, որի համար կհատկացվի մոտ 2,5 մլն եվրո։ Նախկինում կնքված բնապահպանական համաձայնագրերը կերկարաձգվեն մինչև 2028թ․։ Ծրագրի երկրորդ փուլում կհիմնվեն բնապահպանական ևս մոտ 40,000 հա տարածքներ, կընտրվեն նոր խնամակալներ, որոնք կօգնեն իրականացնել բնապահպանական միջոցառումները։ Զուգահեռաբար կիրականացվեն թիրախային բնակավայրերի սոցիալ-տնտեսական պայմանները բարելավելու աշխատանքներ էկոզբոսաշրջության, վայրի հավաքի և անասնապահության բնագավառներում։
Եղեգիս համայնքը արդեն մասնակցել է ծրագրի առաջին փուլին, որի շրջանակներում դեռևս 2018թ. Հորս բնակավայրի տարածքում ձևավորվել էր համայնքային բնապահպանական տարածք: Երկրորդ փուլի շրջանակում ծրագրին կմիանա ևս 2 բնակավայր (Շատին և Հերմոն), որի շնորհիվ համայնքային բնապահպանական գոտին կավելանա, հասնելով շուրջ 2800 հա-ի: Շուրջ 222,000 եվրո կտրամադրվի WWF-ի կողմից ոչ միայն բնապահպանական նպատակների, այլև ծրագրում ներգրավված բոլոր բնակավայրերի սոցիալ-տնտեսական զարգացման համար:
Երկրորդ փուլը համաֆինանսավորվում է Շվեյցարիայի կառավարության կողմից Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության /SDC/ միջոցով ֆինանսավորվող «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» /LILA/ ծրագրի կողմից՝ նպաստելով տեղական բնակչության կենսապայմանների ապահովմանը՝ նույն թիրախային բնակավայրերում էկոտուրիզմի, վայրի հավաքի և անասնապահության զարգացման միջոցով: Ծրագիրը նաև կնպաստի կառավարման տարբեր մակարդակներում գյուղատնտեսական և կենսաբազմազանության վերաբերյալ համապատասխան քաղաքականության մշակմանը, ինչպես նաև կլիմայի փոփոխության ազդեցության նկատմամբ համայնքների և էկոհամակարգերի դիմացկունության ամրապնդմանը:
«Կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար Հայաստանում» ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի կառավարության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության միջոցով (SDC): Ծրագիրն իրականացվում է «Բնության համաշխարհային հիմնադրամի» հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի (ՌԶԳ) կողմից:
Սեպտեմբեր 28, 2023 at 10:54