«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն սույն թվականի սեպտեմբերի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին և ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին է ուղարկել էներգետիկայի և կլիմայի փոփոխության ոլորտների քաղաքականություններում սոցիալական և բնապահպանական պատասխանատու գործելակերպի մշակույթի ներդրման վերաբերյալ օրենսդրական և ինստիտուցիոնալ առաջարկությունների փաթեթը։ Առաջարկությունները մշակվել են «Ազդակիր համայնքները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները որպես Հայաստանի էներգետիկայի և կլիմայի փոփոխության քաղաքականության մեջ սոցիալ-էկոլոգիական մշակույթի ներդրման մասնակիցներ» ծրագրի շրջանակներում։
ՀՀ Ներքին գործերի նախարարության ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Արմեն Մկրտչյանը հոկտեմբերի 4-ի N 5/2/178979-24 նամակով հայտնել է.
«Հայտնում եմ, որ «Էներգետիկայի և կլիմայի փոփոխության ոլորտների քաղաքականություններում սոցիալական և բնապահպանական պատասխանատու գործելակերպի մշակույթի ներդրման վերաբերյալ օրենսդրական և ինստիտուցիոնալ առաջարկություններ» փաստաթուղթն (այսուհետ՝ Փաստաթուղթ) ուսումնասիրվել է Ներքին գործերի նախարարության կողմից։
Փաստաթուղթն անդրադառնում է ժամանակակից կարևորագույն խնդիրների, որոնք ուղղակի առնչություն ունեն ինչպես Փարիզի համաձայնագրով սահմանված Կլիմայի փոփոխությունների հարմարվողականության օրակարգին, այնպես էլ՝ Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի շրջանակային ծրագրին՝ փոխկապակցված Կայուն Զարգացման նպատակների հետ, որոնց ուղղությամբ իրականացվող միջոցառումների շրջանակներում Ներքին գործերի նախարարությունն իր առանցքային դերակատարումն ունի:
Փաստաթղթով առաջարկվող փոփոխությունները միջոլորտային են և վերաբերում են ոչ միայն Ներքին գործերի նախարարության, այլև մի շարք այլ գերատեսչությունների (մասնավորապես՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների և Շրջակա միջավայրի նախարարությունների) իրավասություններին և գործունեության շրջանակին:
Ներքին գործերի նախարարությունն իր իրավասությունների շրջանակներում պատրաստակամ է մասնակցել բարձրացված խնդիրների և դրանց լուծման ուղղված հետագա քննարկումներին և աշխատանքներին»:
Հոկտեմբեր 08, 2024 at 16:15