


Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքից մոտ 2 կմ դեպի հարավ՝ Ողջի գետի աջ ափին է տեղակայված Կապան համայնքի Գոմարան գյուղը։ Անտառների մեջ տեղակայված այս գյուղը սակավամարդ է։ Հաշվարկված է շուրջ 70 բնակիչ՝ հիմնականում՝ տարեցներ։ Աշխատանքի բացակայության պատճառով երիտասարդները գյուղում չեն մնում։
Գոմարանում ավանդաբար զբաղվել են անասնապահությամբ, դաշտավարությամբ և այգեգործությամբ։ Այժմ անասնապահությամբ գրեթե չեն զբաղվում․ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո կորցրել են արոտավայրերը։ Հող մշակելը ևս դժվար է, ոռոգման ջրի խնդիր ունեն։ Տնամերձները ոռոգում են խմելու ջրով, որն, ըստ բնակիչների, վատ որակ ունի։

Գյուղը ժամանակին ներառված է եղել Գեղանուշ համայնքի կազմում, սակայն խոշորացումից հետո ներառվել է Կապան խոշորացված համայնքի կազմում։ Գյուղի հարևանությամբ է գտնվում Գեղանուշի պոչամբարը, որտեղ լցվում են Կապանի լեռնահարստացման կոմբինատի պոչանքները։

«Հայաստանի հանքարդյունաբերական տարածքների էկոլոգիական վերափոխում» ծրագրի շրջանակում Գոմարան այցելեցին և բնակիչների հետ հանդիպեցին չեխական «Առնիկա» կազմակերպության, «Էկոլուր» տեղեկատվական և «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ների ներկայացուցիչները։ Ծրագրի նպատակն է օգնել համայնքներին պարզել շրջակա միջավայրի աղտոտվածության մակարդակը, աջակցել նրանց անցում կատարել ավելի մաքուր և առողջության համար անվտանգ գործունեության։ Ծրագիրը ֆինանսավորվում է Չեխիայի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության կողմից։

Բնակիչները հյուրերին ներկայացրին իրենց խնդիրները։ Հատկապես մատնանշեցին առողջական խնդիրները, որոնք գյուղում շատ են։

«Առողջություն չկա, ջուր չկա, բերք չկա, աշխատատեղ չկա, արոտ չկա, ավտոբուս չկա, լավ բան չկա։ Հիվանդություններն են շատացել, գնալով օդի, ջրի որակը վատացավ, գյուղում ջահել չի մնացել, միայն ծերերն են մնացել», ասաց տեղի բնակիչ Ռուզաննա Խուդարյանը։

Նա ցանկություն հայտնեց, որ բժիշկներ գան իրենց գյուղ, ստուգեն և օգնեն մարդկանց։ Նաև ցանկացավ, որ Կապանի լեռնահարստացման կոմբինատի կողմից սոցիալական աջակցություն լինի, քանի որ պոչամբարի կողքին են ապրում, ճանապարհների հարցը լուծվի, ջրի հարցը․ խմելու համար մարդիկ ստիպված են խանութից գնել։
Գոմարանի բնակչուհի 66-ամյա Լաուրա Հովսեփյանը պատմեց, որ տան անդամներից 3-ը մահացել են քաղցկեղից, մենակ է մնացել։ Ինքն էլ մշտապես վատառողջ է․ ունի ճնշում, շաքար, հոդացավեր, սրտանոթային, գինեկոլոգիական հիվանդություններ։

Զավակների մահից հետո չի հետևում իր առողջությանը, թեպետ, նշում է, չի էլ կարող․ առողջապահական ծառայությունները շատ թանկ են։ Գյուղն ունի բուժկետ, որն այնպիսի բարձրության վրա է, որ վատառողջ տարեց մարդը չի կարողանա հասնել։
70-ամյա Նահապետ Մկրտչյանը և 66-ամյա Սաթենիկ Միրզոյանն ամուսիններ են՝ 4 երեխաների ծնողներ։ Նրանք ևս առողջության խնդիրներ ունեն։

«Օրական մի բուռ դեղ ենք խմում, շուտ-շուտ ենք հիվանդանում, - ասաց Սաթենիկը, - առաջ 20 հազար նպաստ էինք ստանում, դա էլ հանեցին, 2-ով միասին 78 հազար թոշակ ենք ստանում, դեղ գնելու փող չունենք»։

Տեղի բնակիչները կարծիք հայտնեցին, որ իրենց առողջական խնդիրները կապված են օդի, ջրի որակի հետ, անհանգստացած են, որ այդքան մոտ պոչամբար ունեն, ցանկություն հայտնեցին իմանալ՝ ինչ աստիճանի աղտոտվածություն կա։

«Առնիկա»-ի փորձագետները տեղացիների առաջարկով փորձանմուշներ վերցրին տնամերձ այգիներից, Գեղանուշի պոչամբարի հարակից տարածքից, նաև կենսանմուշներ՝ բնակիչներից։


Փորձանմուշները հետազոտվելու են Չեխիայում՝ սերտիֆիկացված լաբորատորիայում, իսկ արդյունքները ներկայացվելու են տեղի բնակիչներին։

Սույն hոդվածը պատրաստվել է Չեխիայի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ՝ Տրանսֆորմացիոն համագործակցության ծրագրի շրջանակում։
Հոկտեմբեր 15, 2025 at 16:22
