

Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակում (COP17), որն անցկացվեց Երևանում 2026 թվականի հոկտեմբերի 19–30-ը, «Հայնրիխ Բյոլ» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակը համախմբեց բնապահպանական կազմակերպություններին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, հետազոտողներին, տեղական նախաձեռնություններին և Գերմանիայի «Կանաչների» կուսակցության խորհրդարանի անդամներին՝ ընդգծելու կենսաբազմազանության պահպանության, բնապահպանական ժողովրդավարության և հանրային մասնակցության կարևորությունը։
Սեմինարների, հետազոտությունների ներկայացումների, ֆիլմերի ցուցադրությունների և ցուցահանդեսների միջոցով մենք ստեղծեցինք փորձի փոխանակման և քննարկումների հարթակներ՝ անդրադառնալու Հայաստանի բնապահպանական մարտահրավերներին, ինչպես նաև՝ կենսաբազմազանության, համայնքների, մշակութային ժառանգության և ժողովրդավարական կառավարման փոխկապակցվածությանը։
Քաղաքացիական հասարակության առաջնորդությունը COP17-ից առաջ
Հոկտեմբերի 20-ին «Էկոլուր» տեղեկատվական հասարակական կազմակերպությունը՝ «Հայնրիխ Բյոլ» հիմնադրամի երևանյան գրասենյակի աջակցությամբ, կազմակերպեց հանրային քննարկում՝
«Քաղաքացիական հասարակության առաջնորդության և կենսաբազմազանության կառավարման ուժեղացում՝ Հայաստանում COP17-ին ընդառաջ» համատեղ ծրագրի շրջանակում։ Միջոցառումը մեկտեղեց քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների, բնապահպանական փորձագետների, հետազոտողների, ինչպես նաև՝ Ջերմուկ և Եղեգնաձոր համայնքների բնակիչների։ Այս համայնքներն անմիջականորեն կրում են Հայաստանում «Էմերալդ» ցանցի թեկնածու տարածքի վերաբերյալ որոշումների և Ամուլսարի հանքավայրի տարածքի սահմանների ընթացիկ գնահատման հետևանքները։
Միջոցառումն ավարտվեց Ամուլսարի վերաբերյալ քաղաքացիական հասարակության հայտարարության և բանաձևի ներկայացմամբ ու ընդունմամբ, որով պահանջվում է Ամուլսարի ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նոր և անկախ գնահատման (ՇՄԱԳ) իրականացում։
Համայնքներից՝ COP17. երիտասարդները՝ Հայաստանում կլիմայական գործողությունների առաջամարտիկներ
«Հայնրիխ Բյոլ» հիմնադրամի երևանյան գրասենյակի հետ համագործակցությամբ «Հայ առաջադեմ երիտասարդություն»(ՀԱԵ/APY)կազմակերպությունը 2026 թվականի ամռանը մեկնարկեց նոր ծրագիր՝ Հայաստանում երիտասարդներին հզորացնելու և նրանց հնարավորություն ընձեռելու՝ ակտիվորեն ներգրավվելու կլիմայի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման, կլիմայական արդարության և երիտասարդների առաջնորդությամբ իրականացվող բնապահպանական գործողությունների գործընթացներում։
Ծրագրի միջոցով APY-ը նպատակ ուներ ամրապնդել երիտասարդների գիտելիքները, մասնակցության և առաջնորդության կարողությունները՝ խթանելու նրանց ակտիվ մասնակցությունը բնապահպանական նախաձեռնություններում։ Միաժամանակ, ծրագիրը նպատակ ուներ COP17-ին ընդառաջ ստեղծել արդյունավետ ուղիներ՝ տեղական կլիմայական նախաձեռնություններն ազգային երկխոսության և ներգրավվածության գործընթացների հետ կապելու համար։
Ծրագրի մասին ավելին կարդացեք այստեղ
Կապույտ Երևան
Հոկտեմբերի 21-ին Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիան (CSN Lab) COP17-ի Կապույտ գոտում ներկայացրեց «Կապույտ Երևան» նախագիծը, որն ուսումնասիրում է քաղաքային ջրային ժառանգության, էկոհամակարգերի, սոցիալական և մշակութային հիշողության ու համայնքային կյանքի միջև կապերը։
Քննարկումը վարում էր «Հայնրիխ Բյոլ» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Սոնյա Շիֆերսը։ Քննարկմանը մասնակցում էին բնապահպանական հետազոտությունների, ճարտարապետության, քաղաքային ուսումնասիրությունների, մարդաբանության և բանավոր պատմության ոլորտների ներկայացուցիչներ։ Նրանք անդրադարձան այն հարցին, թե ինչ է կորցնում քաղաքը, երբ անհետանում են նրա ջրային ռեսուրսները։
«Կապույտ Երևան» ցուցահանդես
«Կապույտ Երևան» նախագիծը ներառում էր նաև ցուցահանդես, որը CSN Lab-ը ներկայացրեց COP17-ի Կանաչ գոտում։ Ցուցահանդեսն անդրադառնում էր Երևանի ջրային տարածքների պատմությանը, հիշողությանը և ջրային նարատիվներին՝ ներկայացնելով քաղաքային ջրային ժառանգության զարգացումը խորհրդային և հետխորհրդային ժամանակաշրջաններում։
Բնապահպանական ժողովրդավարությունը՝ ճնշման ներքո
Հոկտեմբերի 27-ին «Հայնրիխ Բյոլ» հիմնադրամի երևանյան գրասենյակը COP17-ի Կանաչ գոտում կազմակերպեց «Բնապահպանական ժողովրդավարությունը ճնշման ներքո. հանքարդյունաբերությունը, ընդերքի շահագործումը և Հայաստանի կենսաբազմազանության պահպանության վրա ազդող սոցիալ-էկոլոգիական հակամարտությունները» խորագրով սեմինար։
Միջոցառման ընթացքում հետազոտություններ ներկայացրին Green Lab ծրագրի շրջանավարտներ՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի հետազոտող Աիդա Պապիկյանը և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը։
Սեմինարի մասին ավելին կարդացեք այստեղ

«Ոսկուց ավելի թանկ. Ամուլսարի գինը» ֆիլմի ցուցադրություններ
«Էկոլուրը» և «Հայնրիխ Բյոլ» հիմնադրամի երևանյան գրասենյակը COP17-ի Կապույտ գոտում կազմակերպեցին «Ոսկուց ավելի թանկ. Ամուլսարի գինը» վավերագրական ֆիլմի երկու ցուցադրություն։
Ֆիլմն անդրադառնում է Ամուլսարի ոսկու հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական և սոցիալական հետևանքներին՝ ուշադրություն հրավիրելով հանքարդյունաբերության հնարավոր ազդեցություններին կենսաբազմազանության, էկոհամակարգերի և տեղական համայնքների վրա։
Ֆիլմի ցուցադրությունները հնարավորություն ընձեռեցին Հայաստանի բնապահպանական արդի մարտահրավերները կապելու կենսաբազմազանության պահպանության, բնական ռեսուրսների պատասխանատու կառավարման և բնապահպանական հաշվետվողականության շուրջ ավելի լայն քննարկումների հետ։

Հանդիպումներ Գերմանիայի «Կանաչների» կուսակցության պատգամավորների հետ
«Հայնրիխ Բյոլ» հիմնադրամի երևանյան գրասենյակը համախմբեց Գերմանիայի Բունդեսթագի «Կանաչների» խմբակցության անդամներ Յան-Նիկլաս Գեզենհյուսին և Հարալդ Էբներին Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ակտիվիստների հետ՝ քննարկելու COP17-ը հյուրընկալող երկրի առջև ծառացած առանցքային մարտահրավերները, մասնավորապես՝ կենսաբազմազանության պահպանության ոլորտում։
Մեր գրասենյակում կազմակերպեցինք նաև հանդիպում գերմանական բնապահպանական քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ՝ հարթակ տրամադրելով տեսակետների փոխանակման և COP17 բանակցությունների սպասելիքների ու առաջնահերթությունների քննարկման համար։
Փորձի փոխանակում. «Հայնրիխ Բյոլ» հիմնադրամի համաշխարհային գործընկերները Երևանում՝ COP17-ի շրջանակում
«Հայնրիխ Բյոլ» հիմնադրամի երևանյան գրասենյակը COP17-ի ընթացքում դարձավ հանդիպումների և համագործակցության հանգույց՝ ընդունելով հիմնադրամի համաշխարհային ցանցի տարբեր երկրներից Հայաստան ժամանող գործընկերներին։
Համաժողովին ընդառաջ մենք կապ հաստատեցինք Բրազիլիայում, Կոլումբիայում, Վրաստանում, Թուրքիայում, Չինաստանում և Գերմանիայում գործող մեր գրասենյակների գործընկեր կազմակերպությունների հետ և ստեղծեցինք ընդհանուր հաղորդակցման հարթակ՝ ծրագրերի և նորությունների փոխանակման համար։
COP17-ի մեկնարկից հետո «Հայնրիխ Բյոլ» հիմնադրամի երևանյան գրասենյակը գործընկերներին պարբերաբար տեղեկացրեց միջոցառումների և քննարկումների հնարավորությունների մասին, աջակցեց համատեղ մասնակցությանը տարբեր նիստերին և կազմակերպեց հանդիպում, որը համախմբեց գործընկերներին՝ կապեր հաստատելու և կենսաբազմազանության թեմայով հետագա համագործակցության հնարավորությունները քննարկելու համար։
Նոյեմբեր 04, 2026 at 13:57
