Բնության վերականգնումը դեռևս առաջնահերթություն չէ․ մտորումներ COP17-ից հետո

Բնության վերականգնումը դեռևս առաջնահերթություն չէ․ մտորումներ COP17-ից հետո

CEE Bankwatch Network
Մագդա Վիեյակ (Magda Wiejak)

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) ավարտին ակամայից հարց է առաջանում․ ի՞նչ իրական փոփոխություններ կտեսնենք բնության պահպանության ոլորտում հերթական COP-ից հետո, որը լի էր խոստումներով և միջազգային պարտավորություններով։

Վերջին երկու շաբաթվա ընթացքում մեր քարոզարշավի թիմը Հայաստանում էր՝ Երևանում, որտեղ ուշադրություն էր հրավիրում մեր կողմից բարձրաձայնվող մի շարք հրատապ խնդիրների վրա՝ սկսած էկոլոգիական ցանցերից մինչև շրջանաձև տնտեսություն և վնասակար սուբսիդիաների կանխարգելում։ Ճակատագրի հեգնանքով՝ COP17-ի բացումից ընդամենը մեկ շաբաթ առաջ Հայաստանի իշխանությունները կանաչ լույս վառեցին Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրին՝ վտանգելով տարածաշրջանի կենսաբազմազանությունը, այդ թվում՝ վտանգված վայրի կենդանատեսակներն ու բուսատեսակները, գետերը և Սևանա լիճը։ Չնայած ստանձնած ներքին և միջազգային պարտավորություններին՝ կենսաբազմազանությունը կարծես դիտարկվում է որպես խոչընդոտ, որը պետք է վերացնել՝ հանքարդյունաբերական ծրագրի շահութաբերությունն ապահովելու համար։

Հենց այդ պատճառով էլ COP17-ի ընթացքում մենք, տեղական քաղաքացիական հասարակության խմբերի հետ համատեղ, կոչ արեցինք Հայաստանի կառավարությանը և հանքավայրին աջակցող միջազգային ֆինանսական կառույցներին դադարեցնել շինարարական աշխատանքները և հարգել ստանձնած միջազգային պարտավորությունները։

Ամուլսարը միակ հեգնական դրվագը չէր այս տարվա COP17-ի համատեքստում։ Երկշաբաթյա բուռն քննարկումներից հետո ընդունվեց «Երևանյան ուղին» (Yerevan Pathway)՝ երկրների համար բնության պահպանությանն ուղղված գործողություններն արագացնելու վերաբերյալ առաջարկությունների մի շրջանակ, որը, սակայն, չի նախատեսում պարտադիր կատարման ենթակա պարտավորություններ։ Հետևաբար, դժվար է պատկերացնել, թե ինչպես են ժամանակին իրագործվելու 2030 թվականի թիրախները, որոնք նախատեսում են կենսաբազմազանության պահպանության համար տարեկան 200 միլիարդ ԱՄՆ դոլարի ֆինանսական միջոցների մոբիլիզացում և վնասակար սուբսիդիաների ծավալի 500 միլիարդ դոլարով կրճատում։

Համաժողովի հիասթափեցնող կողմերից էին նաև ուղեկցող միջոցառումները, որոնց մեծ մասը կենտրոնացած էր կենսաբազմազանության պահպանության կեղծ լուծումների՝ բնությանը հասցված վնասի փոխհատուցման (offsets), ածխածնային վարկերի և այլ մեխանիզմների վրա։ Այս մոտեցումները բնությունը դիտարկում են որպես առքուվաճառքի ենթակա ակտիվ, որի արժեքը որոշվում է գործարքի շահութաբերությամբ։ Այդ պատճառով մեր շահերի պաշտպանության աշխատանքներն ուղղված էին նաև էկոլոգիական ցանցերի (հիմնված Չեռնոգորիայի փորձի ուսումնասիրության վրա) և «արգելված գոտիների» (no-go areas) պաշտպանությանը, որոնք բնությունը զերծ են պահում շրջակա միջավայրի համար վնասակար տնտեսական գործունեությունից։

Ժամանակը ցույց կտա՝ արդյո՞ք այս տարվա համաձայնությունները կկատարվեն, և բնության պահպանությունը կդառնա՞ արդյոք առաջնահերթություն՝ կառավարությունների և միջազգային ֆինանսական հաստատությունների համար։ Այդուհանդերձ, նախորդ նմանատիպ միջոցառումների փորձը վկայում է, որ մեծ խոստումներին հաճախ հաջորդում է չնչին առաջընթաց։

Առանց հավաքական գործողությունների և հանրային ֆինանսական միջոցների մոբիլիզացման՝ երկարատև քննարկումներն ու պաշտոնական համաձայնագրերը որևէ էական փոփոխության չեն հանգեցնի։ Մենք շարունակելու ենք հետևողականորեն հանդես գալ բնության պահպանության և վերականգնման հավակնոտ, բայց իրատեսական միջոցառումների իրականացման օգտին, քանի դեռ վտանգված են եզակի կենսամիջավայրերն ու տեսակները։

COP17-ի ընթացքում մեր բարձրաձայնած խնդիրների և ներկայացրած առանձին դեպքերի մասին ավելին կարող եք կարդալ մեր կայքէջում՝ bankwatch.org/cop17։

Լուսանկարը՝ CEE Bankwatch Network-ի

Նոյեմբեր 05, 2026 at 13:01


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր