

«ՌԱՅԴԵՆԱ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կոգանը նամակ է ուղարկել «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ին, որով պահանջում է հերքել www.ecolur.org կայքում սույն թվականի նոյեմբերի 4-ին հրապարակված «Երևանում նախատեսվում է ածխածնային և ապակյա ամրացնող նյութերի հիման վրա էպօքսիդային պրեպրեգների արտադրություն, առաջին հանրային լսումը՝ նոյեմբերի 18-ին» նյութում բնապահպանական ռիսկերի մասին տվյալները։
Հիշեցնենք, որ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ Մանանդյան փողոցի 33/27 հասցեում, նախատեսվում է իրականացնել ածխածնային և ապակյա ամրացնող նյութերի հիման վրա էպօքսիդային պրեպրեգների արտադրություն, որի նախաձեռնողը «ՌԱՅԴԵՆԱ» ՍՊԸ-ն է։ Առաջին հանրային լսումը տեղի կունենա 2026թ. նոյեմբերի 18-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ ք. Երևան, Գ. Նժդեհի փ. 26)։
Նշենք, որ նյութի հրապարկման պահին «ՌԱՅԴԵՆԱ» ՍՊԸ-ի նախագիծը համացանցում որոնման արդյունքում, այդ թվում Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում չի հայտնաբերվել, որպեսզի ուսումնեասիրվեր և հրապարկման մեջ նշվել է․ «Նմանատիպ ձեռնարկությունների վերաբերյալ համացանցում առկա տեղեկատվությունը նշում է» արտահայտությունը՝ ներկայացնելով նմանատիպ ձեռնարկություններին բնորշ՝ սանիտարապաշտպանական գոտու պահանջի, աղտոտված օդի տարածման, պայթյունավտանգության և հրդեհի, աղմուկի, դժվար կառավարելի և վտանգավոր թափոնների ռիսկերի մասին։
Ստորև ներկայացնում ենք «ՌԱՅԴԵՆԱ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կոգանի նամակն ամբողջությամբ։
«Թեմա՝ Հրապարակման մեջ տեղ գտած փաստացի անճշտությունները հերքելու պահանջ
Հրապարակում՝ «Երևանում նախատեսվում է ածխածնային և ապակե ամրացնող նյութերի հիման վրա էպօքսիդային պրեպրեգների արտադրություն, առաջին հանրային լսումը՝ նոյեմբերի 18-ին» հոդվածը, որը 2026 թվականի նոյեմբերի 4-ին տեղադրվել է EcoLur ինտերնետային կայքում՝ https://www.ecolur.org/en/news/waste/16609/ (2026 թվականի նոյեմբերի 4) (այսուհետ՝ Հրապարակում կամ Հոդված)։
Հարգելի տիկին Զարաֆյան,
«ՌԱՅԴԵՆԱ» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Ընկերություն) սույն պաշտոնական պահանջն է ներկայացնում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 8-րդ հոդվածի (այսուհետ՝ Օրենք)՝ կապված 2026 թվականի նոյեմբերի 4-ի Հրապարակման հետ, որը վերաբերում է Երևան քաղաքի Մանանդյան փողոց 33/27 հասցեում պրեպրեգների նախատեսվող արտադրությանը։
Նյութում ներկայացված են կատեգորիկ պնդումներ և եզրահանգումներ, որոնք Հոդվածի համատեքստում ընթերցողի կողմից կարող են ընկալվել որպես Ընկերության նախագծի ապացուցված բնութագրեր, թեև շարադրված եզրահանգումների կիրառելիությունը դրա փաստացի տեխնոլոգիայի և արտադրական տարածքի նկատմամբ հիմնավորված չէ, ինչը հաստատվում է ստորև ներկայացված փաստարկներով։ Տեղեկատվության նման մատուցումը կարող է էապես խեղաթյուրել Ընկերության և նախագծի վերաբերյալ հանրային ընկալումը։
Հատուկ ուշադրություն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ Հրապարակման մեջ չեն ներկայացվում որևէ ապացույցներ (այդ թվում՝ փաստաթղթեր և նյութեր), որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն կհաստատեին Հրապարակման մեջ տեղ գտած փաստացի պնդումների իսկությունը։ Մինչդեռ Օրենքի համաձայն՝ փաստացի անճշտությունները ենթակա են հերքման, եթե լրատվական գործունեություն իրականացնողը չի ապացուցում, որ այդ փաստերը համապատասխանում են իրականությանը։
Ընկերությունն ընդունում է լրագրողների՝ բնապահպանական ռիսկերը քննարկելու, ինչպես նաև բնակիչների՝ ամբողջական, օբյեկտիվ և ստուգելի տեղեկատվություն ստանալու իրավունքը։
Սույն Պահանջով Ընկերությունը վիճարկում է ոչ թե քննադատելու իրավունքը, այլ ընդհանուր ոլորտային ենթադրությունները որպես փաստ՝ կոնկրետ նախագծի արդեն իսկ հաստատված բնութագրեր ներկայացնելու հնարավորությունը։ Հանրային բնապահպանական քննարկումը պահանջում է տարբերակել ստուգելի փաստերը, գնահատականները և ազդեցության պայմանական սցենարները։
Ընկերության նախագիծը նախատեսում է հալեցվող էպօքսիդային կապակցանյութերի հիմքով պրեպրեգների (կոմպոզիտային նյութերի կիսաֆաբրիկատների) բարձր տեխնոլոգիական արտադրության ստեղծում՝ արդյունաբերության առավել բարձր տեխնոլոգիական ճյուղերում, ինչպիսիք են քաղաքացիական ավիացիան, ավտոմոբիլաշինությունը, նավաշինությունը և այլն, կիրառելու համար։
Նախագծի իրականացման նպատակով Ընկերությունը ձեռք է բերում աշխարհի առաջատար արտադրողների ամենաժամանակակից արտադրական, լաբորատոր և ինժեներական սարքավորումները, որոնք թույլ են տալիս իրականացնել պրեպրեգների պատրաստման տեխնոլոգիան՝ առանց լուծիչների և այլ վտանգավոր ցնդող նյութերի օգտագործման։
Ընկերության արտադրությունը բաղկացած է հետևյալ գործողություններից. ելակետային բաղադրիչները չափվում են ճշգրիտ բաղադրատոմսի համաձայն, մանրակրկիտ խառնվում և տաքացվում մինչև 80 °C-ից ոչ բարձր ջերմաստիճան, ինչը զգալիորեն ցածր է բաղադրիչների եռման կամ քայքայման ջերմաստիճանից։ Խառնուրդը դառնում է ավելի հոսուն՝ տաքացնելիս մեղրի նման, և սարքավորումը այն հավասարաչափ բաշխում է հատուկ տեխնիկական գործվածքի վրա։ Այս տեխնոլոգիայի բնապահպանական առավելությունը կապակցանյութի պատրաստումն ու կիրառումն է առանց լուծիչների. անհրաժեշտ հոսունությունը ձեռք է բերվում տաքացման միջոցով, ուստի լուծիչների օգտագործումը լիովին բացառվում է։
Նման տեխնոլոգիա կիրառվում է Ճապոնիայի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի առաջատար պրեպրեգ արտադրողների կողմից։ Մասնավորապես, նման տեխնոլոգիայով պատրաստված նյութերն օգտագործվում են Clean Aviation եվրոպական նախաձեռնության շրջանակներում, որի նպատակն է ստեղծել «կանաչ» ավիացիա՝ առավել էկոլոգիապես անվտանգ նյութերի և տեխնոլոգիաների կիրառմամբ։
Օրինակ՝ Synsqo պրեպրեգների առաջատար եվրոպական արտադրողի գործարանը, որը գտնվում է Մեծ Բրիտանիայի HEANOR քաղաքում, բնակելի թաղամասերից ընդամենը մոտ 100 մետր հեռավորության վրա է։ Ընդ որում, գործարանի հզորությունը ավելի քան 3 անգամ գերազանցում է Ընկերության արտադրության հզորությունը։
Ընկերության կողմից ներկայումս կիրառվող տեխնոլոգիաներն առավել էկոլոգիապես անվտանգ տեխնոլոգիաներից են, իսկ օգտագործվող ամբողջ հումքը համապատասխանում է եվրոպական REACH հավաստագրման առավել խիստ պահանջներին։ Այս ամենը Ընկերությանը հնարավորություն է տալիս ստեղծել արտադրություն, որն ունի վտանգավոր նյութերի գրեթե զրոյական արտանետումներ՝ 1-5 մարդատար ավտոմեքենաների արտանետումների հետ համադրելի մակարդակով։
Բացի այդ, Ընկերությունը ներկայումս իրականացնում է մի շարք նախապատրաստական միջոցառումներ՝ վերոնշյալ արտադրության հետագա գործարկման համար՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության, այդ թվում՝ բնապահպանության և շրջակա միջավայրի պահպանության ոլորտում օրենսդրության լիակատար և համակողմանի պահպանումը։ Մասնավորապես, Ընկերությունը պատվիրել է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) պաշտոնական փորձաքննության իրականացում, որի արդյունքները սպասվում են մոտ ժամանակներս։
- Պահանջի առարկան. Հրապարակման մեջ տեղ գտած փաստացի անճշտությունները
1.1. Սանիտարապաշտպանական գոտի և տեղադրման արգելք
Հրապարակման մեջ առկա է պնդում. «Նման արտադրություն բնակելի տների անմիջական հարևանությամբ հիմնել չի կարելի», ինչպես նաև նշվում է սանիտարապաշտպանական գոտի՝ «առնվազն 300–500 մետր (իսկ երբեմն՝ մինչև 1000 մետր)»։
Հոդվածում նշված չեն Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության կոնկրետ նորմերին հղումները, Ընկերության ամբողջական արտադրական գործընթացի տեխնիկական դասակարգումը և արտադրական տարածքի վերաբերյալ ելակետային տվյալները, որոնց հիման վրա այդ միջակայքերը կիրառելի կլինեին հենց դիտարկվող նախագծի նկատմամբ։
Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը (ՀՀՇՆ) 31-04.01-2024 նախատեսում են արտադրական գործունեության տարբեր տեսակներ և սանիտարապաշտպանական գոտիների կողմնորոշիչ չափեր։ Էպօքսիդային բաղադրիչների և ածխածնային կամ ապակե ամրացման կիրառումն ինքնին չի որոշում սանիտարական դասը։ Կիրառելի դրույթն ընտրելու համար անհրաժեշտ է հաշվի առնել վերամշակվող հումքի քանակը, կապակցանյութի պատրաստման տեխնոլոգիական գործընթացները, թաղանթի ձևավորումը, ամրացնող լցանյութի ներծծումը և այլ փաստացի գործողություններ։ Նախագծային նյութերում Ընկերության համար նշված է որոշակի դասակարգում, որի վերջնական կիրառելիությունը պետք է հիմնավորվի գործընթացի նորմատիվ հատկանիշներով, այլ ոչ միայն հումքի անվանումով։
Պահանջում ենք հրապարակել հերքում՝ այն մասին, որ 300–1000 մ սանիտարապաշտպանական միջակայքը և նշված արտադրության տեղադրման անթույլատրելիությունը ընդհանուր ոլորտային տեղեկություններ են և չեն կարող ներկայացվել որպես Ընկերության կոնկրետ նախագծի նկատմամբ արդեն իսկ սահմանված պահանջներ։ Համաձայն չլինելու դեպքում խնդրում ենք նշել Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության կոնկրետ նորմերին հղումները և փաստացի տվյալները, որոնց վրա հիմնված է հրապարակված պնդումը։
1.2. Տեխնոլոգիական գործընթացի սխալ նկարագրություն
Հրդեհային ռիսկերի վերաբերյալ բաժնում օգտագործվում է «էպօքսիդային խեժերի արտադրություն» արտահայտությունը և քննարկվում են նման արտադրության ընթացքում անվերահսկելի ռեակցիաները։
Ընկերության հայտարարված նախագիծը չի նախատեսում էպօքսիդային կամ որևէ այլ տեսակի խեժերի արտադրություն։ Դիտարկվող նախագծային տեխնոլոգիական սխեմայի համաձայն՝ Ընկերությունը ստանում է ելակետային բաղադրիչները և իրականացնում դրանց խառնումը (կապակցանյութի պատրաստումը), կապակցանյութի թաղանթի ձևավորումը և ամրացնող նյութի ներծծումը՝ hot-melt սկզբունքով։
Այս տեխնոլոգիայի կիրառման դեպքում արտադրանքի արտադրության ոչ մի փուլում լուծիչներ չեն օգտագործվում։ Այս նկարագրությունը չի բացառում, որ պատրաստի արտադրանքի արտադրության և սարքավորումների մաքրման ընթացքում հնարավոր ցնդող բաղադրիչների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցությունը ենթակա է առանձին գնահատման։
Ելակետային խեժերի արտադրության/սինթեզի բնութագրերը պրեպրեգի արտադրության վրա տարածելը, երբ նման գործողություններ չեն իրականացվում, տեխնիկապես սխալ է։
Պահանջում ենք հրապարակել հերքում՝ նշելով, որ Ընկերության նախագիծը չի նախատեսում էպօքսիդային խեժերի արտադրություն։
1.3. Շուրջօրյա աշխատանք և աղմուկ
Հրապարակման մեջ նշվում է, որ օդափոխության, չորացման և սառեցման կայանքները «աշխատում են շուրջօրյա և առաջացնում են ուժեղ արդյունաբերական աղմուկ ու թրթռումներ՝ խախտելով բնակիչների անդորրը»։
Սակայն հոդվածում ներկայացված չեն տեղեկություններ Ընկերության կոնկրետ սարքավորումների աշխատանքային ռեժիմի, դրանց աղմուկային բնութագրերի, աղբյուրների փաստացի տեղակայման և բնակելի կառուցապատման տարածքում աղմուկի հաշվարկային մակարդակների վերաբերյալ։
Քանի որ օբյեկտը նկարագրվում է որպես նախատեսվող, անհրաժեշտ է հստակ տարբերակել աշխատանքի կանխատեսվող ռեժիմը և ազդեցության արդեն իսկ հաստատված փաստը։
Առանձին օժանդակ ագրեգատների գիշերային աշխատանքի հնարավորությունը չի նշանակում ամբողջ արտադրական գծի շուրջօրյա աշխատանքային ռեժիմ և ինքնին չի վկայում բնակելի շենքերի մոտ աղմուկի նորմատիվ մակարդակի գերազանցման մասին։
Աղմուկը նվազագույնի հասցնելու նպատակով Ընկերությունը նախատեսում է բոլոր օդափոխիչ ագրեգատները տեղադրել շենքի հակառակ կողմում, ինչը (հաշվի առնելով շենքի բարձրությունը) թույլ չի տա, որ աղմուկը տարածվի դեպի բնակելի շենքերը։
Աղմուկի ազդեցության վերաբերյալ պնդում անելու համար անհրաժեշտ են աղմուկի աղբյուրների բնութագրերը, սարքավորումների շահագործման ռեժիմները, տեղակայման սխեման և ակուստիկ գնահատականը։
Պահանջում ենք հրապարակել հերքում՝ Ընկերության նկատմամբ շուրջօրյա աշխատանքի փաստացի ռեժիմի և բնակիչների անդորրը խախտելու վերաբերյալ պնդման առնչությամբ։
- Ընդհանուր ռիսկերի սխալ վերագրումը կոնկրետ նախագծին
Հոդվածում քննարկվում են ցնդող նյութերի և մանրաթելային փոշու՝ բնակելի շենքեր հասնելու հնարավոր հետևանքները, ինչպես նաև ներկայացվում են լուծիչների և վտանգավոր թափոնների օրինակներ։
Հնարավոր վնասակար ազդեցության մասին տեղեկությունն ինքնին չի նշանակում, որ տվյալ տարածքի համար այդ ազդեցությունն արդեն հաստատված է կամ անխուսափելի է։
Կոնկրետ նախագծի գնահատման համար իրականացվում են համապատասխան հաշվարկներ, որոնք նախատեսում են օգտագործվող նյութերի ցանկի և քանակի, նյութական հաշվեկշռի, դրանց վերամշակման փաստացի ջերմաստիճանների, արտանետումների հնարավոր աղբյուրների, օդափոխության և կիրառվող զտման համակարգերի պարամետրերի, ինչպես նաև ցրման հաշվարկի գնահատում։
Ընկերության կողմից կիրառվող տեխնոլոգիան չի նախատեսում լուծիչների, այդ թվում՝ ացետոնի և տոլուոլի, օգտագործումն անմիջապես արտադրական գործընթացում։
Միևնույն ժամանակ, արտադրական գործունեության ընթացքում հնարավոր ցնդող նյութերի և թափոնների բնութագրերը ենթակա են փաստաթղթային գնահատման։
Հոդվածում ացետոնը և տոլուոլը ներկայացված են որպես ընդհանուր օրինակներ։ Խնդրում ենք հստակ նշել, որ Ընկերության կողմից դրանց փաստացի օգտագործումը Հրապարակմամբ հաստատված չէ։
Եթե օգտագործվել են նմանատիպ արտադրությունների վերաբերյալ տեղեկություններ, խնդրում ենք բացահայտել դրանց բաղադրատոմսերի, արտադրության եղանակների, ջերմաստիճանների և գործողությունների համադրելիությունը դիտարկվող նախագծի տեխնոլոգիայի հետ։
Պնդացած ջերմակայուն կոմպոզիտը սովորական վերաձուլման միջոցով վերամշակելու անհնարինությունն ինքնաբերաբար չի որոշում արտադրական բոլոր մնացորդների բաղադրությունը և վտանգավորության դասը։
Չպնդացած խառնուրդները, պնդացած փորձանմուշները և աղտոտվածության տարբեր աստիճան ունեցող տարաները գնահատվում են առանձին և ենթակա են վնասազերծման մասնագիտացված կազմակերպությունների կողմից՝ համապատասխան աղբավայրերում, ՀՀ օրենսդրությանը համապատասխան, ինչը և նախատեսված է Ընկերության Նախագծով։
Խնդրում ենք նշել թափոնների կոնկրետ բնութագրերի աղբյուրները և ճշգրտել ձևակերպումները, եթե դրանք ընկալվում են որպես Ընկերության թափոնների բաղադրության և դրանց հետ վարվելու վերաբերյալ արդեն իսկ հաստատված փաստեր։
- Օրենսդրական հիմքեր և մասնագիտական պատասխանատվություն
Օրենքի 8-րդ հոդվածը նախատեսում է անձի իրավունքը՝ պահանջելու այն փաստացի անճշտությունների հերքումը, որոնք խախտում են իր իրավունքները, եթե տարածողը չի ապացուցում դրանց հավաստիությունը։ Խմբագրությունը պահանջն ստանալուց հետո մեկ շաբաթվա ընթացքում պարտավոր է դիմողին հայտնել հերքման տարածման ժամկետի մասին կամ գրավոր տեղեկացնել այն տարածելուց հրաժարվելու մասին։ Եթե խմբագրությունը հրաժարվում է տարածել հերքումը կամ պատասխանը, կամ խախտում է դրա տարածման՝ օրենքով սահմանված կարգն ու ժամկետը, Ընկերությունն իրավունք ունի Օրենքով սահմանված կարգով դիմելու դատարան՝ հերքումը տարածելու և իր պատասխանը հրապարակելու պահանջով։
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ այն անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորվել է վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դատարան դիմել վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ։
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ զրպարտության վերաբերյալ գործերով անհրաժեշտ փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունն ապացուցելու պարտականությունը, որպես ընդհանուր կանոն, կրում է պատասխանողը։
Ստուգման առարկան Ընկերությանը վերաբերող կոնկրետ փաստացի պնդումներն են։ Ընկերությունը պարտավոր չէ ապացուցել բոլոր ենթադրական բնապահպանական ռիսկերի բացակայությունը միայն այն պատճառով, որ դրանք թվարկված են հոդվածում. ստուգման առարկան Ընկերությանը վերագրվող կոնկրետ փաստացի պնդումներն են։
Ընկերությունը կատարում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգով բնապահպանական նախագծային փաստաթղթերի նախապատրաստման իր ինքնուրույն պարտավորությունները։
- Մեր պահանջները
- Հրապարակել 1.1–1.3կետերում շարադրված վիճարկվող փաստացի տեղեկությունների հերքումը նույն լրատվամիջոցում՝ «Հերքում» վերնագրով, պահպանելով Օրենքի 8-րդ հոդվածի՝ ժամկետների, տեղադրման, ձևավորման և տեսանելիության վերաբերյալ կանոնները։
Հերքումը
- պետք է հստակ նշի, թե որ տեղեկություններն են սխալ ներկայացվել Ընկերության նախագծի առնչությամբ։
- Սույն պահանջն ստանալու օրվանից մեկշաբաթյա ժամկետում գրավոր հայտնել հերքման հրապարակման ժամկետը կամ ուղարկել գրավոր մերժում։ Մերժման դեպքում խնդրում ենք ներկայացնել պատճառները՝ նշված փաստացի պնդումներից յուրաքանչյուրի առնչությամբ, և բերել դրանց հավաստիության ստուգելի հիմքերը։
- Հաստատել սույն պահանջի ստացումը։
- Հերքումը հրապարակելուց հետո պատասխան նամակով տրամադրել դրա հղումը։
- Մերժման հետևանքները
Հերքման հրապարակումից հրաժարվելու, Օրենքով սահմանված ժամկետը կամ դրա տարածման կարգը խախտելու դեպքում Ընկերությունն իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության նպատակով իրավունք ունի համապատասխան բողոքներով դիմելու Հայաստանի Հանրապետության իրավասու պետական մարմիններին և դատարան՝ Օրենքի 8-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածին համապատասխան։
Սույն նամակը հանդիսանում է Օրենքի 8-րդ հոդվածին համապատասխան հերքման պահանջ։
Սույնով Ընկերությունը տալիս է իր համաձայնությունը սույն Պահանջում պարունակվող տեղեկատվության և նյութերի հրապարակմանը՝ բացառապես համապատասխան հերքման հրապարակման դեպքում։
Հարգանքով՝
Գլխավոր տնօրեն
Դմիտրի Կոգան»։
Ներկայուռմ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարակված է նախատեսվող գործունեության և դրա բնապահպանական ռիսկերի վերաբերյալ ծանուցում։
Նախատեսվող գործունեության ռիսկերը պետք է գնահատվեն շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման գործընթացում, եթե օրենքով սահմանված կարգով Երևանի ավագանին հանրային լսման արդյունքում որոշում ընդունի այս գործունեությանը համաձայնություն տալու մասին։
Նոյեմբեր 13, 2026 at 14:57
