Հայաստանում մեկնարկել է ստորագրահավաք՝ հակա-SLAPP օրենքի ընդունման պահանջով

Հայաստանում մեկնարկել է ստորագրահավաք՝ հակա-SLAPP օրենքի ընդունման պահանջով

«Կանաչ խորհուրդների դաշնություն» էկոակտիվիստական շարժումը ստորագրահավաք է նախաձեռնել՝ ՀՀ կառավարությունից և Արդարադատության նախարարությունից պահանջելով Հայաստանում ընդունել հակա-SLAPP (Հանրային մասնակցության դեմ ռազմավարական հայցեր) օրենսդրություն։

Նախաձեռնողների խոսքով՝ Հայաստանում բազմաթիվ բնապահպաններ, էկոակտիվիստներ, իրավապաշտպաններ, լրագրողներ և հանրային խնդիրների՝ աղտոտված օդի ու ջրի, ապօրինի շինարարության, կոռուպցիայի մասին բարձրաձայնող քաղաքացիներ իրենց արտահայտած կարծիքների համար ենթարկվում են դատական հետապնդումների։ Որոշ ազդեցիկ ընկերություններ և պաշտոնյաներ դատական հայցերն օգտագործում են հանրային ձայնը լռեցնելու, կարծիքի ազատ արտահայտումը սահմանափակելու և հանրային նշանակության որոշումների կայացմանը քաղաքացիների մասնակցությունը նվազեցնելու համար։

«Դրանց հետևանքով մարդիկ տարիներով ներքաշվում են ծախսատար դատական գործընթացների մեջ, իսկ մյուս քաղաքացիները կարող են վախենալ բարձրաձայնել իրենց խնդիրները»,– նշված է նախաձեռնության տարածած հայտարարության մեջ։

Շարժումը պահանջում է ընդունել հանրային մասնակցության պաշտպանության օրենսդրություն, որը հնարավորություն կտա արագ դադարեցնել չարաշահող դատական գործընթացները, պաշտպանել քաղաքացիներին անհամաչափ ֆինանսական բեռից և ապահովել խոսքի ազատության գործուն երաշխիքներ։

Ստորագրահավաքի հեղինակները ՀՀ կառավարությունից և Արդարադատության նախարարությունից պահանջում են՝

  • Նախաձեռնել հակա-SLAPP օրենսդրության մշակման և ընդունման գործընթացը։

  • Հրապարակել գործընթացի հստակ ժամանակացույցը։

  • Ապահովել քաղաքացիական հասարակության, փորձագետների և տուժած քաղաքացիների մասնակցությունը օրենսդրության մշակմանը։

«Հանրային շահը պաշտպանող քաղաքացին պետք է լինի պաշտպանված օրենքով։ Միացի՛ր պահանջին և ստորագրի՛ր, որպեսզի հանրային շահի պաշտպանությունը չդառնա դատական հետապնդման պատճառ»,- կոչ են անում նախաձեռնողները։

Ստորագրահավաքին միանալու համար կարող եք անցնել հղումով։

Նոյեմբեր 21, 2026 at 01:04


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր