COP17-ն ավարտվեց, հարցերը՝ ոչ․ քաղաքացիական հասարակության մտահոգություններն ու Հայաստանի բնապահպանական օրակարգը

COP17-ն ավարտվեց, հարցերը՝ ոչ․ քաղաքացիական հասարակության մտահոգություններն ու Հայաստանի բնապահպանական օրակարգը

Երևանում անցկացված ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) արդյունքները պետք է գնահատել ո՛չ միայն ընդունված որոշումներով ու ֆինանսավորման հայտարարություններով, այլև դրանց իրականացմամբ, քաղաքացիների մասնակցության իրական ազդեցությամբ և Հայաստանի բնապահպանական քաղաքականության մեջ արձանագրվող փոփոխություններով։ Այս հարցերն էին նոյեմբերի 11-ին կազմակերպված «Ի՞նչ էր COP17-ը․ հայացք ներսից և դրսից» պանելային քննարկման առանցքում։

Քննարկման բանախոսներն էին իրավապաշտպան, բնապահպան Օլեգ Դուլգարյանը, Հանրային ռադիոյի «Էկոսֆերա» հաղորդաշարի հեղինակ և վարող Նունե Ավետիսյանը, «Ինֆոքոմ» լրատվականի խմբագիր Քրիստինե Աղալարյանը և բնապահպան Աննա Շահնազարյանը։

Խոսնակների գնահատականները տարբեր էին․ մի կողմից ընդգծվեց միջազգային բանակցային հարթակների անհրաժեշտությունը, մյուս կողմից՝ քննադատվեցին համաժողովի ներկայացուցչական բաղադրիչի գերակշռությունը, հանրային մասնակցության անհավասար պայմանները և ընդունված որոշումների գործնական ազդեցությունը։

Նունե Ավետիսյանը միակողմանի համարեց COP17-ը ցուցադրական միջոցառում որակելը։ Նրա դիտարկմամբ՝ նման համաժողովները, անկախ իրենց հանդիսավոր և ներկայացուցչական բաղադրիչից, մնում են միջազգային բնապահպանական քաղաքականության ձևավորման հարթակներ։ «Ուզենք, թե չուզենք՝ COP-երն այն հարթակն են, որտեղ ընդունվում են մեծ կամ փոքր որոշումներ, որոնք անդրադառնում են երկրների բնապահպանական քաղաքականության վրա»,- նշեց Ն․ Ավետիսյանը։

Որպես դրական զարգացում՝ խոսնակն առանձնացրեց բնապահպանական ֆինանսավորման վերաբերյալ հայտարարությունները և «Երևանյան ուղու» նախաձեռնությունը՝ միաժամանակ շեշտելով, որ հայտարարված ֆինանսավորումն ինքնին չի նշանակում ծրագրերի իրականացում։

Այս տարբերակումը քննարկման առանցքային հարցերից մեկն էր․ համաժողովի արդյունքը գնահատելիս անհրաժեշտ է հասկանալ ոչ միայն, թե ինչ է հայտարարվել, այլև՝ ինչ միջոցներ են փաստացի հատկացվել, ինչ ծրագրեր են սկսվել և ինչ փոփոխություն են դրանք ապահովում։

COP-ի պարտավորությունները չեն կատարվում հիմնականում քաղաքական կամքի բացակայության պատճառով, իսկ ստեղծված բնապահպանական ֆոնդերը կարող են դատարկ մնալ՝ իրական աջակցություն չցուցաբերելով տեղերում:

Ավետիսյանը համեմատություն անցկացրեց COP16-ի և COP17-ի միջև՝ հիշատակելով Կալիում քվորումի բացակայության պատճառով անավարտ մնացած որոշումները։

Նշենք, որ COP16-ի աշխատանքներն ընդհատվել, ապա շարունակվել են Հռոմում և ավարտվել 2025 թ․ փետրվարի 27-ին՝ կենսաբազմազանության ֆինանսավորման, պլանավորման, մշտադիտարկման, հաշվետվության ու առաջընթացի գնահատման վերաբերյալ համաձայնություններով։

Համաժողովի շուքը և բնապահպանական խնդիրների տեսանելիությունը

Օլեգ Դուլգարյանի գնահատմամբ՝ հյուրընկալող պետությունների՝ կազմակերպչական կարողություններն ու միջազգային հեղինակությունը ցուցադրելու ձգտումը չպետք է ստվերի այն խնդիրները, որոնց լուծման նպատակով անցկացվում են համաժողովները։

«COP-ը շատ նման է մի միջոցառման, որի ընթացքում մենք ավելի շատ ցույց ենք տալիս բուն COP-ի իրականացման գործընթացը, քան այն խնդիրները, որոնք առկա են մեր միջազգային օրակարգերում»,- նշեց բանախոսը՝ քննադատելով նաև միջոցառումներին ինքնանպատակ մասնակցությունը․ համաժողովին ներկա լինելը դեռևս չի նշանակում՝ ազդեցություն ունենալ օրակարգի վրա, քննադատական դիրքորոշում ներկայացնել կամ ունենալ որոշումների կայացմանը մասնակցելու հնարավորություն։ Դուլգարյանի խոսքով՝ խնդիրներ բարձրաձայնելու փորձերը երբեմն հանդիպել են խոչընդոտների։

Քաղաքացիները՝ «տաբուրետկային»/աթոռակին, ազդեցիկ դերակատարները՝ «գահին»

Համաժողովի մի շարք միջոցառումների խոսնակ Աննա Շահնազարյանը կարևորեց պետությունների համագործակցությունը և միջազգային քաղաքական հարթակների դերը։ Միաժամանակ, նա մատնանշեց քաղաքացիների, հասարակական կազմակերպությունների, խոշոր բիզնեսի ու ֆինանսական կառույցների հնարավորությունների անհավասարությունը։

«Երբ ահռելի անհավասար, ասիմետրիկ ռեսուրսներ ունեցող դերակատարները հավաքվում են նույն սեղանի շուրջ, ստացվում է, որ ինչ-որ մեկը նստում է փոքրիկ «տաբուրետկայի» վրա․ դա մենք ենք՝ որպես քաղաքացիներ, իսկ մյուսները նստում են գահի վրա»,- նշեց բնապահպանը։

Այս համատեքստում ընդգծվեց նաև, որ ի տարբերություն անկախ հասարակական կազմակերպությունների՝ խոշոր բիզնեսի ներկայացուցիչներն ու լոբբիստները շատ ավելի լայն հնարավորություններ են ունենում՝ ազդելու օրակարգի և բանակցային գործընթացների վրա:

Շահնազարյանի փոխանցմամբ՝ համաժողովի քաղաքական նշանակությունը գնահատված չէր։ Որոշ դեպքերում դա հետին պլան էր մղվում՝ տեղը զիջելով կազմակերպությունների ներկայացմանը, ֆինանսավորման հնարավորությունների որոնմանն ու գործարար կապերի հաստատմանը։

«Քաղաքացիների համար պիտի որ դա լիներ շատ կարևոր քաղաքական միջոցառում, բայց միտում կար այն ցուցադրական և ավելի առևտրային միջոցառման վերածելու»,- ասաց Աննա Շահնազարյանը։

Որպես հանրային մասնակցության անհավասարության օրինակ՝ Շահնազարյանը փոխանցեց "Friends of the Earth International" կազմակերպության ներկայացուցիչների դժգոհությունը։ Նրա խոսքով՝ կազմակերպության և գործընկերների՝ Կապույտ գոտում միջոցառումներ անցկացնելու բազմաթիվ հայտեր չէին հաստատվել, մինչդեռ ֆինանսական կառույցների միջոցառումները լայն ներկայացվածություն ունեին։

Բնապահպանի առաջարկը, սակայն, միջազգային հարթակներից հրաժարվելը չէր։ «Մենք պետք է ձգտենք ո՛չ թե վերացնելու COP-երը, այլ վերափոխելու և դարձնելու դրանք ավելի քաղաքական միջոցառումներ»,- ընդգծեց Շահնազարյանը։

Լուսաբանում․ ի՞նչ իմացավ հանրությունը որոշումների մասին

Քրիստինե Աղալարյանը քննարկմանն անդրադարձավ համաժողովին դրսից հետևած լրագրողի դիրքից։ Նա նշեց, որ չի կարող ամբողջ միջոցառումը միանշանակ «շոու» որակել, սակայն քննադատեց հանրությանը ներկայացված տեղեկատվության բնույթը՝ անվանելով այն «90 տոկոսով շոու»։

Աղալարյանի դիտարկմամբ՝ հայկական ԶԼՄ-ներում առավել տեսանելի էին պաշտոնական հանդիպումները, ողջույններն ու ձեռքսեղմումները, մինչդեռ ընդունված որոշումների բովանդակությունը, դրանց նշանակությունն ու էկոլոգիական ռիսկերի խորքային վերլուծությունը բավարար չափով չէին լուսաբանվում։ Որպես պատճառ՝ խոսնակը նշեց հայաստանյան լրագրողների՝ COP լուսաբանելու փորձի բացակայությունը։

Աղալարյանը նաև խոսեց COP17-ի ժամանակ քննակված փաստաթղթերի թափանցիկության ու հասանելիության մասին՝ ներկայացնելով «Երևանյան ուղու» ամբողջական փաստաթուղթը գտնելու իր փորձառությունը։ «Ես երեկ ուզում էի «Երևանյան ուղին» կարդալ, թե իրականում ինչ է իրենից ներկայացնում և ինչ կարևոր կետեր են Հայաստանի համար ընդգծված։ Ես չգտա «Երևանյան ուղու» ամբողջական փաստաթուղթը։ Գտա ինչ-որ հատվածներ, որոնք շոշափվել և քննարկվել են COP-ի օրերին»,- նշեց Աղալարյանը՝ նշելով, որ, ի տաբերություն հայաստանյան ԶԼՄ-ների, արտասահմանյան հրապարակումներն այդ օրերին անդրադառնում էին կոնկրետ բնապահպանական խնդիրների, տնտեսական գործունեության հետևանքների և ֆինանսական պարտավորությունների։ Արտերկրի լրագրողները հետևողականորեն անդրադառնում էին նախորդ COP-երին ամրագրված ծրագրերի ու խոստումների կատարմանը։

Աննա Շահնազարյանի դիտարկմամբ՝ լրատվամիջոցները պաշտոնական բարձրագոչ հայտարարություններին պետք է արձագանքեին՝ նախապես ուսումնասիրելով ՄԱԿ-ի քարտուղարության զեկույցը, որտեղ նշված էր թիրախների չկատարման մասին։ Նա նշեց, որ որևէ լրատվամիջոց չվերլուծեց Հայաստանի զեկույցը, որում պետք է ամփոփված լինեն Կունմին-Մոնրեալի թիրախների ուղղությամբ նախորդ չորս տարվա ընթացքում իրականացված գործողությունները։  

Ամուլսարն ու բնապահպանական անտեսվող խնդիրները՝ ազգային քաղաքականության փորձաքար

Օլեգ Դուլգարյանը համաժողովի պաշտոնական բնապահպանական օրակարգը հակադրեց Հայաստանում ընթացող գործընթացներին։ Նա հիշատակեց COP-ից անմիջապես առաջ Ամուլսարի բացման մասին հայտարարությունը և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման գործընթացներում համայնքների ազդեցությանը վերաբերող օրենսդրական փոփոխությունների նախագիծը։

Բացի Ամուլսարից՝ որպես պաշտոնական զեկույցներում հաճախ ստվերվող և չլուծված խնդիրներ՝ մատնանշվեցին նաև Սևանա լճի «ծաղկման» վտանգն ու Գեղարքունիքում կեղտաջրերի մաքրման կայանների կառուցման բազմամյա խոստումների չկատարումը, ինչպես նաև՝ Արարատյան դաշտի ձկնաբուծարաններում փակ շրջանառու համակարգերի ներդրման ձախողումը, ինչը հանգեցնում է արտեզյան ջրերի աղետալիսպառման: Ընդգծվեց նաև այն փաստը, որ բնապահպանության ոլորտին նախորդ տարի պետական բյուջեից  հատկացվել է չնչին մասը՝ ընդամենը մոտ 0.4%։ Նշվեց նաև տնտեսական ցանկացած ներդումային առաջարկի առաջ «կանաչ լույս վառելու»՝ ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ ընդհուպ մինչև Ամուլսարի շահագործման համար 150 մլն դոլարի վարկային երաշխավորություն ստանձնելու պատրաստակամություն։

Քաղաքացիական հասարակության անելիքները․ նոր գործիքակազմ

Ստեղծված իրավիճակում բնապահպանական քաղաքականության վրա ազդելու համար քննարկման մասնակիցներն առաջարկեցին գործուն քայլեր: Մասնավորապես, առաջարկվեց հրաժարվել միջոցառումներին պասիվ և ֆորմալ մասնակցությունից՝ թարմացնելով պայքարի գործիքակազմը և անցնելով գործադիր իշխանության վրա կոշտ ճնշում գործադրելու մեթոդների։ Կարևորվեց նաև այլընտրանքային, անկախ վերլուծական զեկույցների պատրաստումը՝ չհիմնվելով միայն պաշտոնական դեկլարատիվ տվյալների վրա: Շեշտվեց միջազգային ադվոկացիայի ուժեղացման դերը՝ տեղական համայնքների մեկուսացումը ճեղքելու և որոշում կայացնողների վրա միջազգային հարթակներից ճնշում գործադրելու նպատակով: Եվ, որ ամենակարևորն է, ամբողջական բոյկոտի փոխարեն ակտիվորեն օգտագործել բոլոր հասանելի հարթակներն ու իրավական լծակները՝ խնդիրները հետևողականորեն բարձրաձայնելու համար:

Համաժողովից հետո․ իրականացում և հաշվետվողականություն

Քննարկման ընթացքում բանախոսների հնչեցրած տարբեր դիրքորոշումները մատնանշում են COP17-ի հետագա գնահատման մի քանի ուղղություն՝ ընդունված որոշումների իրականացում, ֆինանսավորման խոստումների կատարում, փաստաթղթերի հասանելիություն և քաղաքացիների մասնակցության իրական ազդեցություն։

Ավետիսյանի հարցադրումը վերաբերում էր նրան, թե որքանով միջոցները կհասնեն բնապահպանական խնդիրների լուծմանը։ Շահնազարյանը շեշտադրեց որոշումների կայացման քաղաքական բնույթն ու դերակատարների անհավասար հնարավորությունները։ Դուլգարյանը միջազգային օրակարգը համեմատեց Հայաստանի ներքին որոշումների հետ, իսկ Աղալարյանը բարձրացրեց այդ ամենի մասին հանրությանը բովանդակային տեղեկություն տրամադրելու խնդիրը։

Գլխավոր լուսանկարը՝ «Քաղաքացու ձայնը» մեդիա հարթակի



Նոյեմբեր 13, 2026 at 14:10


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր