

yourconstitution.am կայքում հրապարակվել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը։
Նախագծում շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ դրույթների բովանդակությունը պահպանվել է։
«Շրջակա միջավայրի պահպանությունը» վերնագրով դրույթը ներառված է նախագծի 10-րդ հոդվածում և բաղկացած է մեկ կետից։ Գործող Սահմանադրության 12-րդ հոդվածում այն ներկայացված է երկու կետով։
Նոր Սահմանադրության նախագծում գործող Սահմանադրության 12-րդ հոդվածի երկրորդ կետը՝ «Յուրաքանչյուր ոք պարտավոր է հոգ տանել շրջակա միջավայրի պահպանության մասին», տեղափոխվել է 25-րդ հոդված, որը վերաբերում է «Մարդու և քաղաքացու հիմնական պարտականություններին»։
Իսկ առաջին կետի ձևակերպումը պահպանվել է անփոփոխ. «Պետությունը խթանում է շրջակա միջավայրի պահպանությունը, բարելավումը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը՝ ղեկավարվելով կայուն զարգացման սկզբունքով և հաշվի առնելով պատասխանատվությունն ապագա սերունդների առջև»։
Ինչպես գործող Սահմանադրությամբ, նոր Սահմանադրության նախագծով ևս ընդերքը և ջրային ռեսուրսները սահմանվում են որպես պետության բացառիկ սեփականություն։
Նախագծով Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերը դառնում են երկրի իրավական համակարգի մաս։ Դա նշանակում է, որ դրանք գործում են Հայաստանում՝ առանց դրանց բովանդակությունն ամեն անգամ առանձին օրենքում ամրագրելու անհրաժեշտության։
Նոյեմբեր 23, 2026 at 15:47
