

Կանաչ տնտեսությանն անցման և կլիմայի փոփոխության մեղմմանն ուղղված վերափոխումները պետք է իրականացվեն՝ առանց հասարակության որևէ շերտի անտեսելու և մարդու իրավունքների սկզբունքները պահպանելով։ Այս գաղափարի շուրջ էին միավորվել «Արդար անցում՝ հանուն մարդու իրավունքների, դիմակայունության, ներառականության, արժեքի և արդարության» ծրագրի ամփոփիչ միջոցառման մասնակիցները։
2025 թվականի օգոստոսին մեկնարկած ծրագիրն իրականացվել է Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի և ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի համագործակցությամբ, Շվեդական ինստիտուտի ֆինանսավորմամբ։ Նախաձեռնության գլխավոր նպատակը կանաչ անցման գործընթացում մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցումների խթանումն է։
Ամփոփիչ հանդիպմանը Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի մասնակիցները ներկայացրին մեկ տարվա ընթացքում կատարած աշխատանքները՝ անցկացված դասընթացները, հետազոտությունները, հրապարակված գիտական հոդվածներն ու ոլորտային այլ նախաձեռնությունները։ Ծրագրի առանցքում արդար կանաչ անցման հայեցակարգն է, ըստ որի՝ բնապահպանական և տնտեսական բարեփոխումները պետք է ապահովեն բոլոր խմբերի ներառական մասնակցությունն ու հաշվի առնեն նրանց իրավունքներն ու կարիքները։
Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի ծրագրերի պատասխանատու Մելինե Ավագյանը հույս հայտնեց, որ ծրագրի ամփոփումը նոր գործողությունների և հնարավորությունների սկիզբ կդառնա։ Նրա դիտարկմամբ՝ թեև կանաչ անցումը նոր գործընթաց չէ, դրա իրականացման ընթացքում ներառականության ու մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցումները դեռևս բավարար չափով չեն կիրառվում, և ծրագիրը նպատակ ուներ այդ սկզբունքներն առավել հասանելի դարձնել տարբեր ոլորտների մասնագետներին, հետազոտողներին և որոշում կայացնողներին։ Մելինե Ավագյանը կարևորեց նաև ակադեմիական շրջանակների ներգրավվածությունը՝ կանաչ քաղաքականություններում մարդու իրավունքների սկզբունքների համակարգված ներդրման գործում։

Նոյեմբեր 25, 2026 at 18:10
