

Lragir.am
Մաշտոցի պուրակում քիչ առաջ բավական լարված իրադարձություններ են զարգացել: Պուրակում տեղադրված բուտիկների քաղաքացիական ապամոնտաժում նախաձեռնած քաղաքացիների բրիգադը՝ թե նախաձեռնող առաջին տասնյակը, թե հաջորդ օրերին միացած եւս երկու տասնյակ քաղաքացիները, ապրիլի 4-ի առավոտյան պուրակում չափագրումներ են իրականացրել, իսկ նախաձեռնող առաջին տասնյակի անդամներ՝ քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը, բլոգեր Արմեն Հովհաննիսյանը, քաղաքագետ Սարո Սարոյանը եւ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը փորձել են մտնել բուտիկներից մեկը եւ հաջողել են: Սակայն, ոստիկանները նրանց ուժով, քաշքշելով հեռացրել են բուտիկից:
Բայց, ի պատասխան ապամոնտաժողների պահանջի, որ թող ձերբակալեն իրենց, ոստիկանությունը ոչինչ չի ձեռնարկել, եւ ասել են, որ չեն ձերբակալի այնքան ժամանակ, քանի դեռ իրավիճակը իրենց համար վերահսկելի է:
Մաշտոցի պուրակում կենտրոնացված են նաեւ մեծ թվով կարմիր բերետավոր հատուկ ջոկատայիններ:
Ապամոնտաժող բրիգադը հանդես է եկել հայտարարությամբ: Բրիգադի համակարգող, քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանն ասել է, որ այսօր պուրակում տեղի ունեցածը ցույց տվեց, որ օրենքի պաշտպանության համար պայքարող մարդուն ոստիկանությունը պատժի չենթարկեց: «Դա մեր հաղթանակն է», ասել է Անդրեաս Ղուկասյանը:
Ղուկասյանը շարունակել է, որ ինչ վերաբերում է տեղի ունեցածին, ապա դա մի վկայություն է, որ եթե իշխանությունը այսպես շարունակի, ապա կստանա երկրով մեկ ավելի մեծ շարժում, որն ուղղված կլինի ոչ թե անօրինական բուտիկների, այլ համակարգի դեմ, որը չի կարողանում պաշտպանել երկրում օրենքը, որը ոստիկանությանը պարտադրում է պաշտպանել անօրինականությունը եւ այդպիսով հայտնվել հանրության աաջ տհաճ իրավիճակում: «Նրանք մեղք չունեն, նրանց հարկադրում են անել դա», ասել է Ղուկասյանը ոստիկանության մասին:
Նա հայտարարել է, որ իրենց նպատակն էր ցույց տալ, որ իր իրավունքի համար պայքարող քաղաքացին անձեռնմխելի է, եւ իրենք հասան դրան: Ղուկասյանը ասել է, որ իրենց հաջորդ գործողությունը լինի հասարակական մասնակցությամբ եւ իրենք ամբողջապես կշրջափակեն պուրակի բուտիկները, ու ոստիկանությունը կմնա հասարակության շրջափակած օղակի մեջ:
Այսօր Մաշտոցի պուրակում ապամոնտաժող խմբի անդամներից Անդրիաս Ղուկասյանին, Արմեն Հովհաննիսյանին, Սարո Սարոյանին և Տիգրան Խզմալյանին հաջողվեց մուտք գործել բուտիկներ, սակայն ոստիկանները հրմշտելով դուրս բերեցին նրանց տարածքից:
Ոստիկանության Երևանի կայազորի պետ Ռոբերտ Մելքոնյանը հիացել էր ոստիկանների աշխատանքով. «Ոստիկանները իրենց բարձրության վրա էին, գործեցին համաչափ, իրավաչափ և ոչինչ չարեցին»,- ասել է Ռոբերտ Մելքոնյանը:
Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը դիմել է ոստիկաններին. «Ձեր առջև՝ հանձինս այս երիտասարդների և ի դեմս մեզ՝ կանգնած է ՀՀ իրական վերնախավը: Մենք փաստաբաններ, արվեստագետներ, քաղաքագետներ, իրավաբաններ և այլոք, գործում ենք բացառապես օրենքի սահմաններում: Բայց դուք պետք է հիշեք՝ ձեր տերերը ապիկար են, տգետ, կրթություն չեն ստացել, մեկ անգամ էլ իրենց համար եմ ուզում ասել՝ չմոռանաք, սիրելիներս, որ մեզնից հետո կգան ուրիշները, որոնց կողոպտել եք: Եվ ես ձեզ վստահեցնում եմ, պարոնայք հրաման տվողներ, որ նրանց վարքը կլինի խիստ տարբեր: Մենք պատասխանատվություն ենք զգում մեր երկրի համար, մեր պետականության համար, որը դուք ամեն օր վաճառում եք 30 արծաթով: Մենք այդ պատասխանատվությունից ելնելով ենք այստեղ: Մենք այստեղ պաշտպանում ենք մեր պետականությունը, իսկ դուք ոչ թե բուտիկներ եք պաշտպանում, այլ կործանումը, մեր այդքան արյունով ձեռք բերված պետականությունը: Նայեք ձեր տերերին և նայեք այս երիտասարդներին և դուք կհասկանաք՝ որտեղ է Հայաստանը»,- ասել է Տիգրան Խզմալյանը՝ ոստիկաններին խորհուրդ տալով Հ1-ից բացի այլ հեռուստատեսություններ էլ նայեն, որտեղ կտեսնեն Մուբարաքին կամ Քադաֆիին ինչ օրը գցեցին:
Ապրիլ 04, 2012 at 17:12
