ՀՀ քաղաքացին հնարավորություն է ստանում` վերահսկելու ՀՀ խորհրդարանական ընտրությունների գործընթացները (Լուսանկարներ)

ՀՀ քաղաքացին հնարավորություն է ստանում` վերահսկելու ՀՀ խորհրդարանական ընտրությունների գործընթացները (Լուսանկարներ)

ԷկոԼուր

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հնարավորություն են ստանում` վերահսկելու ՀՀ խորհրդարանական ընտրությունների գործընթացները եւ նախընտրական փուլում, եւ ընտրությունների ընթացքում: Նման հնարավորություն ընձեռում է iDITORD.org  կայքը, որի  շնորհանդեսը տեղի ունեցքավ ապրիլի 6-ին:

iDITORD.org  կայքը ընտրությունների քաղաքացիական վերահսկողության գործիք է, որը ս.թ. մայիսի 6-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում կքարտեզագրի ընտրախախտումները` հիմնվելով քաղաքացիների եւ կազմակերպությունների հայտնած տեղեկատվության վրա: Յուրաքանչյուր ոք կարող է կայքում ահազանգ, լուսանկար, տեսանյութի հղում տեղադրել ընտրախախտումների մասին, ինչն էլ հիմք կարող է հանդիսանալ լրագրողների, ոստիկանների, դիտորդ եւ այլ շահագրգիռ կազմակերպությունների համար` ստուգելու այդ տեղեկատվությունը եւ հավաստի լինելու դեպքում որոշակի քայլեր ձեռնարկելու:

«Շատ մեծ հույսեր ունենք, որ կայքը կաշխատի, որովհետեւ հինգ օրվա ընթացքում քառասուներեք խախտում գրանցվել է: Մի քանիսն ենք մենք միայն լրատվամիջոցներից վերցրել, մեծ մասը գրանցել են քաղաքացիները, ինչը շատ ոգեւորիչ է»,- «ԷկոԼուր»-ի հետ զրույցում ասաց «Թրանսփարենսի   Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Սոնա Այվազյանը:

«Սա էլեկտրոնային տեսքով մի ընդհանուր հարթակ է, որն արտացոլում է հասարակության մեջ գտնվող տեղեկատվության տարածումը: Մյուս կողմից նաեւ սա խրախուսում է քաղաքացիական ակտիվությունը, երբ մարդն ինքն է տեր կանգնում իր ընտրական գործընթացին եւ չի թողնում, որ խախտում լինի, այսինքն, ինքը չի ուզում խաբված զգալ եւ ինչ-որ քայլեր է ձեռնարկում դրա համար»,- ասում է կայքի մոդեռատոր Լալա Ասլիկյանը:

iDITORD.org կայքը հիմնված է «ուշահիդի» նորարարական պլատֆորմի վրա, որն առաջին անգամ օգտագործվել է 2007 թ-ին Քենիայի նախագահական ընտրությունների վերահսկողության եւ իրավախախտումների ամփոփման համար: Հետագայում այն օգտագործվել է բազմաթիվ այլ երկրներում ընտրությունների գործընթացները դիտարկելու նպատակով: Ուշահիդի նշանակում է ականատես, վկա:

Հայաստանում iDITORD.org կայքը ստեղծվել է iԴԻՏՈՐԴ ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ» եւ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունների կողմից: Ֆինանսավորող կառույցներն են Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանը եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը` Ինտերնյուզ ԱՄՆ, Եվրասիա hամագործակցության hիմնադրամ եւ Քաունթերփարթ Ինթերնեշնլ - Հայաստան կազմակերպությունների միջոցով:

Ապրիլ 10, 2012 at 16:29


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր