2007թ. ՀՀԿ-ն ոչ ոքի չզիջեց բնապահպանության նախարարի պաշտոնը

2007թ. ՀՀԿ-ն ոչ ոքի չզիջեց բնապահպանության նախարարի պաշտոնը

ԷկոԼուր

«ԷկոԼուր»-ը ներկայացնում է «Քաղաքական կուսակցությունների էկոլոգիական ծրագրերի մոնիտորինգ» շարքի առաջին թողարկումը: Նյութը նվիրված է ՀՀԿ-ի ծրագրի` էկոլոգիային առնչվող բաժնին: 2007թ. ընտրություններում տարած հաղթանակից հետո Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ոչ մեկի չզիջեց բնապահպանության նախարարի պաշտոնը` իր վրա քաղաքական պատասխանատվություն վերցնելով շրջակա միջավայրի եւ բնական պաշարների պաշտպանության համար: Դրա հետ մեկտեղ ՀՀԿ-ի ծրագրի բնապահպանական մասը շատ հակիրճ է: Այն իր մեջ ներառում է ընդամենը 4 առաջնահերթություն, որոնցից մեկը «Երևանի եւ մյուս խոշոր քաղաքների բնապահպանական խնդիրների լուծման ծրագրի իրագործումն» է: Մեզ` Երեւանի բնակիչներիս համար դա նշանակում է, որ պահպանվում են քաղաքի կանաչ գոտիները, հանարային տարածքների վիճակը բարելավվել է, որ մենք հեշտ ենք շնչում, որ մեր երեխաները խաղում են հանրային այգիներում եւ կանաչ բակերում, որ Երեւանի բնական ջրային էկոհամակարգերը պահպանվում են եւ ծառայում են մեր մայրաքաղաքի կիսանապատային կլիման մեղմացնելուն:

Ներկայացնելով կարճ ժամանակագրություն` մենք բնապահպանության նախարարին պատասխանատվության ենք կանչում, որը նա կիսում է Երեւանի քաղաքապետի հետ:

Կարճ ժամանակագրություն` Մաշտոցի այգի` կանաչ գոտին հատկացվել է բուտիկների համար, Ուսանողական այգի` կանաչ գոտում կառուցվեցին կապիտալ շինություններ, Կոմիտասի անվան այգի` «Նեմո» դելֆինարիումի անօրինական կառուցում, Դալմայի այգիների միջով անցնող արագընթաց մայրուղու կառուցման նախագիծ, Սուրենյանց փողոցի այգու տարածքում ռեստորանի շինարարություն, Նալբանդյան 106/1 հասցեում բազմահարկ շինության անօրինական կառուցում, շինարարական աշխատանքների համար ծառահատում Տերյան 62 հասցեում, շինարարական աշխատանքների համար ծառահատում Իսահակյան 28 հասցեում, անօրինական շինարարություն Մալացիա-Սեբաստիա համայնքում (ճշգրիտ հասցեն նշված չէ, ուղարկել են լուսանկարներ), անօրինական ծառահատում Կոմիտաս 60 հասցեում (տեսչությունը չկարողացավ լիակատար ստուգումներ անցկացնել ՀՀ ԱԺ-ում Հանրապետական կուսակցության պագամավոր Սամվել Ալեքսանյանի կնոջը պատկանող տարածքում):  

Նշենք, որ միայն Ուսանողական այգում իրականացվող անօրինական կառուցապատման դեմ հավաքվեց 20 000 ստորագրություն: Չնայած դրան, շինարարությունը չդադարեցվեց: Մաշտոցի այգում չեն դադարում քաղաքացիական անհնազանդության ակցիաները, որոնք շարունակվում են ավելի քան 2 ամիս:

Այս ֆոնին կարելի է ամրագրել նաեւ դրական արդյունք, որտեղ «մեղավոր է» քաղաքացիական հասարակությունը, այլ ոչ պատասխանատու չինովնիկները: Դա վիշապների պուրակն է, որի համար պայքարը տեւեց մի քանի ամիս, եւ, ի վերջո, բազմահարկ շենքի համար սկսված շինարարությունը դադարեցվեց: Հաջորդ թողարկման մեջ կներկայացնենք Երեւանի ջրային էկոհամակարգը:

Ապրիլ 11, 2012 at 16:02


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր