

Գալուստ Նանյան, Yerkir.am
ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը ԱԺ ընտրությունների իրենց նախընտրական ծրագրերում ամրագրված` շրջակա միջավայրի մասին բաժնում նորից խոստումներ են տալիս, որ ամեն ինչից վեր են դասում հատկապես բնությունը եւ շրջակա միջավայրը:
Դեռեւս ՀՀԿ 2007-ի նախընտրական ծրագրում իշխող կուսակցությունը խոստացել էր, որ Սեւանա լճի մակարդակի նվազմանը նպաստող վտանգի վերացումից հետո երկրի բնապահպանական կարեւորագույն խնդիրներն են դարձել լճի ավազանի բնապահպանական համալիր խնդրի լուծման ծրագրի մշակումը եւ իրագործումը, Հայաստանի անտառածածկույթի հսկողության, առողջացման եւ ընդլայնման մեխանիզմների ստեղծումը եւ ծրագրերի իրականացումը, ինչպես նաեւ անապատացման դեմ պայքարի համալիր ծրագրի մշակումը եւ իրագործումը:
Այնուամենայնիվ, ՀՀԿ-ն չէր մոռացել նաեւ մայրաքաղաքի եւ մյուս խոշոր քաղաքների բնապահպանական խնդիրների լուծման ծրագրի իրագործումը:
Հինգ տարի անց արդեն փաստ է, որ կուսակցությունը խոստացածը չի իրականացրել, սակայն կրկին խոստանում է...
ՀՀԿ-ն անցած 5 տարիներին իր ձեռքից բաց չթողեց բնապահպանության նախարարի պորտֆելը եւ այսօր հպարատանում է, որ այդ տարիների ընթացքում Սեւանի մակարդակը բարձրացրել է 169 սմ-ով: Լավ է, անշուշտ, սակայն հիշեցնենք, որ Սեւանի խնդիրը միայն ջրի մակարդակի բարձրացումը չէ: Տարածաշրջանի ամենախոշոր քաղցրահամ ջրի աղբյուրը համարվող լիճն այսօր ճահճակալման խնդրի առջեւ է կագնած, ձկնային պաշարները տարեցտարի կրճատվում են` չնայած նախարարը տարին երկու անգամ արգելք է դնում որսի վրա:
Ի՞նչ է նշանակում` պահպանվող տարածքների ընդհանուր մակերեսը 2007թ. համեմատ ավելացել է 76,3 հազար հեկտարով: Դեմ չենք, ավելացել է, բայց միայն թղթի վրա: ՀՀԿ-ն հպարտանում է, որ 2007-ից հետո ստեղծվել են «Արփի լիճ» եւ «Արեւիկ» ազգային պարկերը, «Ջերմուկի ջրաբանական», «Հանքավանի ջրաբանական», «Զանգեզուր» եւ «Զիկատար» պետական արգելավայրերը:
«Արփի լիճ» ազգային պարկի ստեղծումն իրողություն է, որի արժեքը կազմեց 2 մլն 200 հազար եվրո, որը, ի դեպ, տրամադել է գերմանական Վերակառուցման եւ զարգացման բանկը, իսկ նշյալ ազգային պարկի իրականացման աշխատանքները կատարեցին Բնության համաշխարհային հիմնադրամի` Գերմանիայի եւ Հայաստանի գրասենյակները, ինչպես նաեւ Կովկասյան ծրագրային գրասենյակի ասոցիացիան, այլ ոչ թե ՀՀԿ՟ական մեծամասնություն կազմող մեր կառավարությունը:
«Արեւիկ» ազգային պարկի մասին նշենք, որ գծված են միայն սահմաները, եւ նշանակված է ՊՈԱԿ-ի տնօրեն: «Ջերմուկի ջրաբանական», «Հանքավանի ջրաբանական», «Զանգեզուր» եւ «Զիկատար» պետական արգելավայրերի առնչությամբ նշենք, որ պահպանվող այս տարածքները միայն թղթի վրա են, եւ ոչ մի քայլ չի իրականացվել դրանց ստեղծման ուղղությամբ:
Իսկ կոնկրետ ո՞ր տարածքներում է հնարավոր գտնելը հպարտորեն հայտարարվող 14,481 հա անտառ, զարմանալի է: Պարզապես ՀՀԿ-ն չպետք է հղում անի 2011-ին գերմանական GTZ կազմակերպության կողմից հեռահար զոնդավորման մեթոդով արված հետազոտություններին, որոնց արդյունքում պարզվեց, որ ՀՀ-ում առկա է 332,333 հա անտառ:
Հիշեցնենք, որ զոնդավորումը դեռեւս չի նշանակում, թե ունենք այդքան անտառ, մասնագետները նշում են, որ պետք է ուսումնասիրություններ կատարել` պարզելու ներկայիս անտառի որակական հատկանիշները: Գուցե զոնդավորման համակարգով կատարված լուսանկարներում թփուտներ են կամ կանաչ բացատներ: Էլ չենք ասում Թեղուտի անտառի մասին, որը մեր երկրի հանրապետական նախագահի, վարչապետի եւ բնապահպանության նախարարի թեթեւ ձեռքով տրվեց մասնավոր ընկերությանը`տարածքից պղինձ եւ մոլիբդեն կորզելու համար: Իսկ թե երբ է ընդլայնվել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքը, պարզ չէ: Միայն հայտնի է, որ կառավարությունը դեռ 2007թ. որոշում կայացրեց նույն այդ արգելոցի «Գիլան» տեղամասին (118 հա) արգելավայրի կարգավիճակ տալու մասին, որից հետո հասարակությունը պահանջեց, որ գործադիրը տեր կանգնի իր որոշմանը եւ չթույլատրի այդ տարածքում ռեստորանների, հյուրանոցների ու սպասարկան կենտրոնների կառուցումը:
Ինչեւէ, հասրակության, բնապահպանների եւ միջազգային կառույցների ճնշումներից հետո գործադիրը 2011թ. հունիսի 23-ին հետ կանչեց իր որոշումը եւ 118 հեկտարը վերադարձրեց արգելոցային ռեժիմի, ինչը չի նշանակում, թե «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքն ընդլայնվել է:
Իսկ թե ինչպես է ՀՀԿ-ն աջակցում ոմանց` Երեւանի կանաչ գոտիների ոչնչացման հարցում, բոլորիս է հայտնի. Դալմայի այգիներ, Մաշտոցի պուրակ, Կոմիտասի անվան այգի եւ այլն: Եվ այսօր հերթական անգամ ՀՀԿ-ն իր նախընտրական ծրագրում իբր կարեւորում է բնությունը, շրջակա միջավայրը, օդի եւ ջրի մաքրությունըՙ մոռանալով, որ անցած 5 տարիներին հենց ինքն է նպաստել դրանց խաթարմանը` երկրում ավելացնելով հանքավայրերի թիվը, մի շարք գետերի հոսքերը մտցրել խողովակների մեջ` ՀէԿ-եր կառուցել, իսկ գյուղատնտեսական նշանակության եւ վարելահողերի կարգը փոխելով` սկսել դրանք բետոնապատել:
Ապրիլ 19, 2012 at 18:10
