

ԷկոԼուր
«Ժառանգություն» կուսակցությունը շարունակելու է խիստ գնահատական տալ ՀՀ կառավարության վարած բնապահպանական քաղաքականությանը: «Մենք պիտի գտնենք այն երկաթե զսպաշապիկները, որ հագցնենք այս կառավարության վրա, որ ձեռքերն աջ ու ձախ չկարողանա տանել եւ քեֆի տվածը չանի»,- «ԷկոԼուր»-ի հետ զրույցում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության անդամ, 2007թ-ից ԱԺ պատգամավոր, 2012թ. խորհրդարանական ընտրություններում պատգամավորի թեկնածու Անահիտ Բախշյանը: «Բոլոր այն դեպքերում, երբ քաղաքացիական ինչ-որ նախաձեռնություն է եղել Երեւանում` հատկապես էկոլոգիական խնդրի հետ կապված, ես իմ հնարավորությունների սահմաններում այնտեղ եմ եղել: Մասնավորապես, Վիշապի պուրակի հետ կապված, համատեղ իմ գործընկերների հետ` Զառայի, Ստյոպայի հետ, հնարավորինս ամեն բան արվեց, որպեսզի կանխվեր: Եւ Վիշապի պուրակը մնաց որպես պուրակ: Վերջերս Մոնումենտի Զվարթնոց կինոթատրոնի մոտի բնակիչներից դիմում ստացա, որ Զվարթնոց կինոթատրոնի բակում ուզում են ինչ-որ նոր խանութ սարքեն: Այդ դիմումի հիման վրա ահազանգեցինք, քաղաքապետարան դիմում գրեցինք: Եւ ապացուցվեց, որ այն մարդը, ով ուզում էր այդ տարածքը սեփականաշնորհել, ինքը օրենքների խախտումներով էր դա արել, եւ քաղաքապետարանը չեղյալ հայտարարեց սեփականության այդ որոշումը ու բակը մնաց ժողովրդին: Այնուհետեւ Շենգավիթ համայնքի Շարուրի փողոցի մի խումբ բնակիչներից դիմում ստացա, որ ձեթ օճառի գործարանը ահավոր հոտեր է հանում, եւ մարդիկ խեղդվում են: Թե էկոլոգիական տեսչություն, թե բնապահպանության նախարարություն դիմեցինք, գործարանը երկու ամսով փակվեց, ստիպեցին այնտեղ որոշ ֆիլտրեր դնել»,- պատմեց Անահիտ Բախշյանը` ընդծելով, որ ամեն կերպ աջակցել են նաեւ Մաշտոցի պուրակում տեղադրված բուտիկների դեմ պայքարող քաղաքացիական նախաձեռնությանը. «Հնարավորինս այդ քաղաքացիական նախաձեռնությանը փորձել ենք օգտակար լինել` այն փաստաթղթերը հայտնաբերելով, որոնք հիմքում են ընկած: Եւ բացահայտել ենք, թե դրանք ում են պատկանում, որ թվականից, քանի տարով: Այդ բոլոր փաստաթղթերը ստացել ենք եւ տրամադրել քաղաքացիական նախաձեռնությանը»:
«ԷկոԼուր»-ի այն հարցին, թե ինչ հույս կա, որ մենք կարող ենք փոխել մեր կառավարության քաղաքականությունը, տիկին Բախշյանը պատասխանեց. «Մեծ հույս կա, որովհետեւ ինչ էլ ուզում է լինի, կառավարության մեջ էլ նստած են մարդիկ, ովքեր ունեն կրթություն, բնության նկատմամբ հարգանք, փոքր երեւի, բայց ունեն, որովհետեւ իրենց երեխաները դեռ ապրում են այստեղ եւ, հուսամ, չեն փախչելու այստեղից: Հետեւաբար, հասկանալու են, որ բնությանը տված ամեն մի փոքր սխալն անդրադառնալու է իրենց թոռների վրա: Եւ իրենք դա հասկանալու են, կարծեմ, հասկացել են արդեն»:
Ապրիլ 27, 2012 at 13:04
