

ԷկոԼուր
Շուկայական տնտեսության էկոլոգիական հետեւանքների վերաբերյալ գնահատական է տալիս Հայ Ազգային Կոնգրեսից 2012թ. խորհրդարանական ընտրություններում պատգամավորի թեկնածու, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը: «Բոլորի մոտ ընդհանրապես տպավորություն կա, որ Հայաստանում մասնավորեցումն իրականացվել է Լեւոն տեր Պետրոսյանի ժամանակ, բայց ովքեր որ լավ ծանոթ են այդ գործընթացին, գիտեն, որ դա` փոքր սեփականություն, առեւտուր, սպասարկում, եղել է մինչեւ 1998 թ-ը: Խոշոր սեփականաշնորհումն իրականում 90 եւ ավելի տոկոսով, եւ առավել եւս բնապահպանականը 100 տոկոսով եղել է 1998 թ-ից հետո: Ես ի նկատի ունեմ բնական ռեսուրսները, մեծ ձեռնարկությունները: Ասենք Արմենիա հյուրանոցի, կամ Կոնյակի գործարանի, կամ օդանվակայանի սեփականաշնորհումները` բոլորը եղել են 98թ-ից հետո: Բնական ռեսուրսների սեփականաշնորհման հետ կապված ես շատ լավ հիշում եմ, որ երբ քննարկումներ էին գնում, միշտ խուսափում էին շտապելուց, որովհետեւ իսկապես ոչ շատ լավ փորձ կար, ոչ մեր կողմից շատ ուսումնասիրված էր: Եւ մենք ուզում էինք հասկանալ ընդհանրապես Հայաստանի տնտեսության ապագան ինչքանով է կապված լինելու նույն հանքահումքային արդյունաբերության հետ, եւ դրանից ելնելով մենք պիտի իրականացնեինք սեփականաշնորհումը: Մենք խուսափում էինք, որովհետեւ մոդելը չգիտեինք` ինչպես պետք է լինի»,- ասաց Վահագն Խաչատրյանը: «ԷկոԼուր»-ի հարցին, թե հիմա գիտեն, Վահագն Խաչատրյանը պատասխանեց. «Հիմա, իհարկե, բավականին լավ: Հիմա միանշանակ հասկանալի է, որ այն քաղաքականությունը, որը վարում է այսօր գործող իշխանությունը, կործանարար է: Չէր կարելի երբեւիցե թույլ տալ առանց հստակ նորմատիվներ սահմանելու, առանց հստակ հասկանալու նաեւ, թե ինչի է տրվում եւ ինչ արդյունքներ ենք ակնկալում եւ ընդհանրապես բնապահպանական ինչ պրոբլեմներ կառաջացնի, այդ ամենն առանց հաշվի առնելու, չէր կարելի ոչ շահագործման, ոչ սեփականաշնորհման իրավունք տալ: Կոնգրեսը իր մնացած ծրագրերի հետ միասին, որոնք վերաբերում էին տնտեսությանը, առողջապահությանը, կրթությանը, անդրադարձել է նաեւ բնապահպանական խնդիրներին, եւ բավականին ծավալուն ծրագիր է ստացվել: Քննարկել ենք տնտեսական մասը: Ամենակարեւոր երկու հանգամանք կար, մեկը` հարկման մեխանիզմը, թե ինչպես պետք է հարկվի այդ բնագավառը, կախված այն բանից, որ այդ բնագավառի զարգացումը եւ եկամուտները կախված են միջազգային կոնյուկտուրայից` միջազգային շուկայական գներից: Բոլորս վերջին 3-4 տարվա մեջ դրա լավագույն ականատեսներն ենք, ես ի նկատի ունեմ` պղնձի, մոլիբդենի, ոսկու եւ ընդհանրապես հումքի գների այս տատանումների արդյունքում առանց որեւէ տնտեսական լուրջ ներդրման կարող եք մեծ եկամուտներ ստանալ եւ հակառակը` կարող եք մեծ կորուստներ ունենալ: Այսինքն` հարկային մեխանիզմը պետք է լինի այլ, քան տնտեսական մնացած այլ ճյուղերինը` ասենք նույն գյուղատնտեսությանը, արդյունաբերությանը կամ ծառայություններինը: Եւ այդ առումով մեզ համար հստակ էր, որ այն գերշահույթները, որ ստանում են սեփականատերերը կամ շահագործողները, պետք է բյուջե մտնեն, քանի որ դրանք կապված չեն նրանց տնտեսական գործունեության հետ: Մեկը սա էր, եւ երկրորդը, իհարկե, ապագայի հետ կապված այսպիսի մոլուցք կա հիմա, հնարավորին շատ եկեք արդյունահանենք, հանենք-հանենք-հանենք: Այս խնդիրն էլ պետք է կարգավորվի: Եւ այս պետության դերը պետք է կայանա նրանում, որ նույնիսկ շուկայական կոնյուկտուրան եթե բարենպաստ էլ լինի, բայց քանակական առումով դրա հետեւից գնալը պետք է թույլ չտալ, որովհետեւ, ի վերջո, մենք այսօր չենք ապրում, մենք պիտի հեռանկարային ծրագիր ունենանք: Նույն Զանգեզուրում եթե մենք ուզում ենք ավելացնենք, ինչ նպատակ է հետապնդում: Ավելացնելով մենք այդտեղ նաեւ Զանգեզուրի ապագան ենք հարցականի տակ դնում: Նույնիսկ եթե կոնյուկտուրաները շատ լավն են, դա չի նշանակում, որ 18-ից 22 միլիոն պիտի դառնա, կամ 30: Դա նշանակում է, որ իսկապես դրանք անսպառ չեն, առավել եւս չվերականգնվող ռեսուրսներ են, այդ դեպքում մենք պետք է կարողանանք շատ զգույշ լինել: Իրականում այդ սահմանումը քվոտաների նաեւ պետության կողմից պետք է տրվի: Այստեղ եւ երկրորդ խնդիրն է առաջանում, որովհետեւ կյանքը ցույց է տալիս, որ տարիների ընթացքում նոր տեխնոլոգիաներ են գալիս, եւ ռեսուրսների շահագործման արդյունքում բնությանը հասցվող վնասներն ավելի մինիմալ են դառնում: Հիմա 20 տարի առաջվա, 10 տարի առաջվա տեխնոլոգիան էականորեն տարբերվում է ժամանակակից տեխնոլոգիաներից: Յուրահատուկ բնագավառ է. տարբերվում է տնտեսության մնացած ճյուղերից: Այդտեղ կարող եք, շատ մեծ վնաս հասցնելով, մեծ եկամուտ ստանալ եւ հետո ընդհանրապես փաստի առաջ կանգնենք: Կլինի ինչ-որ շրջան, այ վերցնենք Քաջարանը, եւ Քաջարանը չի լինի: Ոնց որ ասենք Սիսիանի շրջանում էր, ես այնտեղ եմ մեծացել: Դաստակերտ գյուղ կար, որտեղ հենց այդ լեռնամետալուրգիական համալիրի մի մասը շահագործվում էր. այդտեղ էր թեւը գալիս: Մի օր` 70-ականներին, ասացին`Դաստակերտն այլեւս չի շահագործվում, իսկ այդտեղ ավանային քաղաք էր, կար բնակչություն, կար նորմալ ինֆրաստրուկտուրա: Ասացին վերջ, եւ հիմա այնտեղ ապրում են փախստականներ:
Ռիսկը գնահատելը կայանում է նրանում, որ դա պետք է ապահովագրվի, ես ի նկատի ունեմ այն գումարները, որոնք այսօր գերշահույթ են ապահովում, այդ գումարները պետք է մի տեղ ակումուլիացվեն, որ հետագայում այդպիսի դեպքերի համար օգտագործեն: Նույնիսկ 10 միլիոն դոլլար չէին իրենք պահուստավորել, որ վարկային այդ սուղ միջոցներից պետությունն իրենց տվեց այդ 10 միլիոն դոլլարը: Իսկ 10 միլիոնը իր շրջանառության մեջ ոչինչ է, երբ որ նախորդ 4-5 տարիների մեջ նրանք գերշահույթ էին ստացել, որովհետեւ պղնձի, մոլիբդենի, ոսկու գներն այնպիսի գների էին հասել որ…
Ուրիշ խնդիր է ընդհանրապես այդ հեռանկարի հարցը, որովհետեւ ի վերջո սա ոչ միայն իշխանության խնդիր է, այլ հենց սա պետք է լինի հասարակության քննարկման առարկան: Նույն Թեղուտի պատմութունը, կարող է իսկապես լավ է, թեպետ ինձ համար, միանշանակ, անընդունելի է, երկրորդ տեսակետ չկա, դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, բայց այդ որոշումն ընդունելը պետք է իսկապես տեղի ունենար այդ ամբողջ ռեգիոնի` բոլորի մասնակցությամբ եւ պլյուս-մինուսները հաշվի առնելով: Ես համոզված եմ, որ այնտեղ այլ տարբերակ, լուծում կլիներ, որ պետք չէր Թեղուտը շահագործել:
Ըստ էության, այսօրվա Հայաստանում ուսումնասիրված, բոլորին հայտնի հանքային ռեսուրսները, գտնվում են առանձին մարդկանց հսկողության տակ: Չկա որեւէ մետաղական, կամ ոչ մետաղական հանքավայր, որ անտեր լինի:
Եւ ի վերջո, պետությունը ուժ է, եւ պետք է կարողանալ այդ ուժը ճիշտ օգտագործել, այդ ուժը հիմա օգտագործվում է այլ ուղղությամբ, որպեսզի մենք, մեր ժողովուրդն աղքատանա: Սա էլ է դրա արդյունքը: Բայց կարող ենք հակառակն էլ անել, այնպես անել, որ ժողովուրդը հարստանա, եւ ոչ թե մի խումբը հարստանա: Մեր հիմնական խնդիրը, որպես գաղափարախոսություն, հենց դրանում է կայանում: Ես ի նկատի ունեմ Կոնգրեսին, Կոնգրեսի մեջ մտնող քաղաքական ուժերին, որ մենք ուզում ենք Հայաստանում տեսնել ոչ թե մի խումբ հարուստ մարդիկ, այլ մենք ուզում ենք Հայաստանում տեսնել շատ հարուստ մարդիկ»:
Ապրիլ 27, 2012 at 15:55
