

ԷկոԼուր
«Ծառասպան Գեւորգ»: Այսպես անվանեց Նալբանդյան 106/1 հասցեի կանաչ բակը քանդուքարափ անող կառուցապատողին կենսաբանական գիտությունների պրոֆեսոր Էլիանորա Գաբրիելյանը, ով կատարվածի ականատեսն է եղել: «ԷկոԼուր»-ին ուղղված նրա նամակում ասված է. «Դուք չեք պատկերացնի, թե ինչ է կատարվում մեր բակում: Ոստիկանության հովանու ներքո կտրեցին բոլոր հսկա ծառերը, հրաշալի գիհիները եւ մեքենաներով տարան: Մենք արդեն չգիտենք, թե ուր զանգենք եւ ում դիմենք: Դա ուղղակի բարբարոսություն է: Մենք այդ մարդուն կարող ենք կոչել «Ծառասպան Գեւորգ»»:
Կատարվածի կապակցությամբ հայտարարությամբ են հանդես եկել «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը եւ «Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնությունը: Հայտարարության մեջ նշված է.
«Քաղաքապետարանը կրկին օրենքներ է խախտում և ոչնչացնում կանաչ բակը: Բնակիչները մնացել են մենակ` բիզնեսմենի կամայականությունների դեմ պայքարում և ստիպված են ինքնուրույն պաշտպանել օրենքը:
Երեկ Երևանի կենտրոնական բակերից մեկում՝ Նալբանդյան 106/1 հասցեում, բնակիչները կրկին դուրս էին եկել արդեն ավելի քան մեկ տարի ձգվող պայքարի՝ ընդդեմ սեփական բակի ապօրինի կառուցապատման: Կառուցապատողն իրեն թույլ էր տալիս բռնի ուժ կիրառել և հայհոյել բնակիչներին, քանի որ ձեռք էր բերել քաղաքապետարանի մի քանի փաստաթղթեր: Չնայած կատաղի պայքարին, նրանք սղոցներով կտրեցին տասնյակ կենսունակ ծառեր և ոտնահարեցին երևանցու իրավունքը: Ոստիկանությունը լուռ հետևում էր այդ ապօրինություններին:
Նշենք, որ խախտված են ՀՀ բազմաթիվ օրենքներ և որպես գործողությունների հիմք ներկայացվող բոլոր փաստաթղթերը տրված են ՀՀ օրենքների խախտումներով: Քանի որ Երևանի քաղաքապետը և ավագանին հանցավոր անգործություն են ցուցաբերում և ի վիճակի չեն պաշտպանել սեփական քաղաքացիներին, ապա Նալբանդյան 106/1 բակի բնակիչներն այսուհետ ստիպված են իրենց ուժերով պաշտպանել ՀՀ Սահմանադրությունն ու օրենքը:
Ակնհայտ է, որ Երևանի բակերի աղետալի կառուցապատումը և ՀՀ կառավարության նոր նախաձեռնությունը Երևանի փոքր կենտրոնի մասին դեռևս չեն անդրադարձել Երևանի քաղաքապետարանի գործելաոճի վրա:
Շեշտում ենք, որ Երևանի քաղաքապետը և ավագանին ընտրվում են երևանցիների կողմից և պարտավոր են ծառայել բնակչության շահերին, հաշվի նստել նրա կարծիքի հետ, այլ ոչ թե ծառայել արտերկրից ժամանած բիզնեսմենների շահերին և կիսաքրեական պահելաձևով աչքի ընկնող անձանց»:
Լուսանկարը` «Ա1+»-ի
Մայիս 31, 2012 at 19:03
