

ԷկոԼուր
Ինչպես եւ ակնկալվում էր, հունիսի 14-ին կառավարությունը հավանություն տվեց Սեւանա լճից մինչեւ 320 միլիոն խմ ջուր բաց թողնելու նախագծին, որն առաջադրել էր Ջրային տնտեսության պետական կոմիտեն:
Գործադիրը հավանություն տվեց «Սևանա լճի մասին» և «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունմամբ ակնկալվում է ոռոգման ջուր մատակարարել Սևան-Հրազդան էներգետիկ-իռիգացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող ոռոգելի հողերին։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը, վարչապետ Տիգրան Սարգսյանն այս առնչությամբ նշել է, որ այսօր արտակարգ իրավիճակ է ստեղծվել ջրի սակավության պատճառով։ «Վտանգված է Արարատյան դաշտավայրի գյուղացիական համալիրը»,- հավելել է նա։ - Մեկ հեկտարի ջրի պահանջարկի հաշվարկ է իրականացվել։ Պարզվել է, որ այն ջրային պաշարը, որ մենք այս պահին ունենք, շատ արագ սպառվելու է։ Եթե ցանկանում ենք ապահովել ոռոգման ջրի նորմալ մատակարարումը, պարտադրված ենք լինելու Ազգային ժողովից թույլտվություն ստանալ և լրացուցիչ 150 մլն խորանարդ մետր ջուր վերցնել Սևանա լճից, որպեսզի գյուղատնտեսությունում խնդիր չունենանք»։
Վարչապետը Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավարությանը հանձնարարել է ստեղծված իրավիճակը քննարկել Վլադիմիր Մովսիսյանի գլխավորած Սևանի հիմնահարցերով զբաղվող հանձնաժողովի հետ, հաշվի առնել այնտեղ արված հաշվարկները, ապա նոր ձեռնարկել անհրաժեշտ քայլեր։
Հունիս 14, 2012 at 17:01
