

ԷկոԼուր
«Քաղաքական առումով, իհարկե, ես կարծում եմ, որ Ռուբեն Հայրապետյանը պատասխանատու է, եւ այս պահին նա այդ պատասխանատվությանը համարժեք քայլ է արել, հրաժարվել է մանդատից»: «ԷկոԼուր»-ի հետ զրույցում «Հարսնաքար» ռեստորանում թիկնապահների կողմից ռազմական բժիշկ Վահե Ավետյանի սպանությանը հետեւող իրադարձություններին նման գնահատական տվեց ՀԱԿ-ից ԱԺ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը: «Այն անձանց շրջանակը, ովքեր պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության, դա պետք է հիմնված լինի գործով ձեռք բերված ապացույցների, նյութերի վրա: Սա քրեաիրավական առումով: Թե հետագա գործի քննությունը ինչ ցույց կտա, կամ ինչ նոր հանգամանքներ կբացահայտվեն, այդ ընթացքում կարող ենք լրացուցիչ գնահատականներ տալ»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ հայտնի օլիգարխ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանի անվտանգության աշխատակիցների հետ բխումը տեղի էր ունեցել հունիսի 17-ին, ինչի արդյունքում ռազմական բժիշկ Վահե Ավետյանը մահացել է:
Հուլիսի 4-ին ՀԱԿ-ի պատգամավորները մասնակցեցին բողոքի ակցիայի, որն անցկացվեց ՀՀ ԱԺ-ի եւ ՀՀ դատախազության շենքերի դիմաց: Ակցիայի կազմակերպիչները` քաղաքացիական ակտիվիստները, պահանջեցին չբավարարվել Ռուբեն Հայրապետյանի` պատգամավորական մանդատից հրաժարումով (Ռ. Հայրապետյանը պաշտոնապես հրաժարվեց պատգամավորական մանդատից հուլիսի 3-ին), այլ հետաքննել այս գործի բոլոր հանգամանքները` նախկին պատգամավորին հանցագործության մեջ կասկածյալ ճանաչելով: Ելույթ ունեցողներից շատերը մեղադրանք հնչեցրին ոչ միայն օլիգարխի հասցեին, այլեւ` երկրի նախագահ Սերժ Սարգսյանի: Նույն օրը ՀԱԿ-ի ՀՅԴ-ի, «Ժառանգության» եւ «Բարգավաճ Հայաստանի» խորհրդարանական խմբակցությունները անհապաղ հանդիպում պահանջեցին իրավապահ մարմինների հետ, որոնք քննում են «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին կատարված : ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին ուղղված պատգամավորների համատեղ հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան և անմարդկային հաշվեհարդարի արդյունքում սպանվել է ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ԼՕՌ բաժանմունքի պետ, մայոր Վահե Ավետյանը: Անպատժելիության մթնոլորտի արդյունք այս դեպքը հասարակության մեջ բնականորեն առաջացրել է գերլարված իրավիճակ…»:
Հուլիս 04, 2012 at 15:17













