Հեղափոխությունը սկսում է էկոլոգիայից

Հեղափոխությունը սկսում է էկոլոգիայից

Սիրանույշ Պապյան, Lragir.am

 

Մեր զրուցակիցն է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ, կենսաբանական գիտությունների թեկնածու Ինգա Զարաֆյանը

Տիկին Զարաֆյան, երկար տարիներ Դուք բնապահպանական խնդիրներ եք վեր հանում: Ի՞նչ եք կարծում, Կանաչների շարժումը կարող ենք ասել, որ իր քաղաքացիական ֆունկցիաներից արդեն դուրս է եկել, ինչպես 88-ին: Այս առումով ի՞նչ հնարավոր զարգացում եք տեսնում:

88-ին մենք նույնպես եղել ենք շարժման մասնակիցներ, այն ժամանակ գիտական աշխատողներ էինք: Այն ժամանակվա և ներկայիս շարժումների միջև սկզբունքային տարբերություն կա: Բանն այն է, որ 88-ի ակտիվ շարժումը, որն ուղղված էր ատոմակայանի, Նաիրիտի փակմանը, առաջ էին տանում մարդիկ, հիմնականում` գիտաշխատողներ, ովքեր հասկանում էին խնդիրը, վտանգները: Բացի այդ, այն ժամանակ գիտական հանրությունը չափազանց ակտիվ էր, հիմա նրանց այդ ակտիվությունը չկա, քանի որ նրանց մի մասը հեռացել են Հայաստանից, մի մասը դարձել են փորձագետներ, իսկ գիտնականների հիմնական մասն ընդհանրապես ակտիվ չէ: Իրականում 88-ին կար այն հավատը, որ մենք հիմա կարող ենք հաղթել: Այդ շարժումը համընկավ Ղարաբաղյան շարժման հետ, և իրար զուգահեռ ընթացան այս շարժումները: Եվ կար այն էնտուզիազմը, որ ուզում ենք աշխարհը տանել բարեփոխման, այսինքն` նպատակը ոչ թե միայն Նաիրիտը կամ ատոմակայանը փակելն էր, այլ մենք հավատում էինք, որ կարող ենք փոխել աշխարհը: Իսկ հետո տարբեր իրադարձություններ տեղի ունեցան: Դրա համար չեմ կարծում` կանաչների շարժումը քաղաքական շարժման վերածվեց: Հիմա մենք այն նույն իրավիճակում ենք, երբ կարիք ունենք փոփոխությունների:

Ինչո՞ւ հիմա շատ ակտիվ շարժումները սկսեցին էկոլոգիայից. քանի որ մեծ թվով էկոլոգիական խնդիրներ ծագեցին, ինտնեսիվորեն սկսեցին ոչնչացնել բնական միջավայրը: 80-ականներին մեր բնական միջավայրը նման տեմպերով չէր ոչնչացվում, պարզապես մենք հասկացել էինք, որ ուզում ենք աշխարհը փոխել, իսկ հիմա մեր աչքի առաջ մեր բնական միջավայրը ոչնչացվում է, բայց սա ոչ բոլորն են հասկանում: Դրա համար էլ այս շարժումներն այժմ իրենց շուրջը շատ համախոհներ չեն հավաքում:

Այսինքն`չկա՞ խնդրի նկատմամբ համապատասխան գիտակցական փոփոխություն:

Պարզապես փոխվել է իրավիճակը: Այն ժամանակ իրավիճակն այնպիսին էր, որ մենք բոլորս փոփոխությունների մասնակից էինք և հավատում էինք, որ պետք է ապրենք բարեփոխված աշխարհում, բայց հիմա շատ քիչ են այն մարդիկ, որոնք հավատում են, որ պետք է ապրեն լավ աշխարհում: Հիմա շատերն այն մտայնությունն ունեն, որ պետք է իրավիճակը փոխել միայն իրենց համար, սա սկզբունքային տարբերություն է, և հիմա շատ քչերն են, որ ցանկություն ունեն աշխարհը փոխել: Նրանք ստանում են ահռելի տեղեկատվություն, թե ինչ է կատարվում ամբողջ աշխարհում, հասկանում են, որ շատ դժվար է փոփոխության հասնել: Շատերը ցանկանում են այս բարդ աշխարհում միայն իրենց համար փոքրիկ ծածկ ստեղծել: Նրանք չեն հասկանում ամենակարևորը, որ եթե դու ուզում ես ստեղծել փոքրիկ ծածկ քեզ համար, չես կարող, երբ շուրջբոլորը ոչնչացվում է: Սա չեն հասկանում մարդիկ, սա չի հասկանում նաև իշխանությունը: Սակայն շատ կարևոր է խրախուսել այս շարժումները, քանի որ եթե նրանք չլինեն, զարգացման հնարավորություն անգամ չէր լինի:

Որքան էլ նշում եք, որ մեծ չէ այն մարդկանց թիվը, որոնք ուզում են աշխարհը փոխել, սակայն վերջին տարիներին շատ են փոփոխությունները, օրինակ Մաշտոցի պուրակում հանրային տարածքը հանրությանը վերադարձնելը, Թռչկանի հաղթանակը և այլն:

Երբ ես ասում եմ նրանց թիվը մեծ չէ, ես հենց ի նկատի ունեմ քաղաքացիական շարժումներին, որոնք փորձում են դա իրականացնել: Ասում են, որ նրանց թիվը մեծացել է նախորդ տարիների համեմատությամբ: Իմ կարծիքով` վերջին տարիներին նրանք ավելի են ձեւավորվել և արդեն որպես շարժում են իրենց դրսևորում: Իհարկե, կա որոշակիորեն միավորվման միտում, մենք աշխատում ենք տարբեր բնապահպանական նախաձեռնությունների հետ, և հետևելով Ֆեյսբուք սոցիալական ցանցին, կարող ենք ասել, որ շարժումների որակը մի քանի անգամ բարձրացել է: Ֆեյսբուք սոցիալական ցանցում այսօր մոտավորապես 20 «կանաչ» շարժում կա: 2-3 տարի առաջ, երբ «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունն ասաց, որ Ֆեյսբուք սոցիալական ցանցում էջ է բացել, դա մեծ նորություն էր և ինչ-որ առումով` բում, քանի որ նման նախաձեռնությունը Ֆեյսբուքում մեծ նորություն էր:

Ակտիվության համար իրականում մեկ բան է պետք` մոռանալ ինքդ քեզ, նստել ցրտին կամ շոգին, և սա է այս շարժումների հիմնական գործառույթը, քանի որ մի բան է, երբ դու ինչ-որ բան ես հայտարարում, իսկ մեկ այլ բան է, երբ դու զրկանքների ես գնում: Հիմա մենք տեսնում ենք, որ կա զոհաբերությունների պատրաստակամություն:

Մենք տեսնում ենք` գերակա շահի անվան տակ շարունակում են ոչնչացվել անտառներ, այսօր Ամուլսարի, Սևանի խնդիրներն են օրակարգում: Արդյունքը ստացվում է քի՞չ է:

Մենք ունենք կառավարության մակարդալով որոշումներ, որոնք ընդունվել են 2010-2012 թթ., մենք միայն մեկ ցուցանիշ կարող ենք տեսնել, թե ինչքան հողերի կատեգորիայի փոփոխություն է արվել հանքարդյունաբերության և էներգետիկայի ոլորտի համար:

Կառավարության որոշումների վրա հասարակությունը չի՞ կարող արդյոք ազդել:

Հասարակությունը կարողացել է ազդեցություն ունենալ Շիկահողի, Սևանի, Թռչկանի, Ջրվեժ անտառապարկի, Խոսրովի արգելոցի, Արգիճի փոքր ՀԷԿ-ի, Մաշտոցի պուրակի, Վիշապների պուրակի դեպքում: Երբ մարդիկ զգում են, որ պետք է որևէ կոնկրետ խնդրի համար աջակցություն, կարող են համախմբվել և աջակցել: Օրինակ` Մաշտոցի պուրակի խնդիրը էկոլոգիական չէր, սա սկզբունքի հարց էր, մարդիկ հայտարարում էին, որ սա իրենց հանրային տարածքն է: Եվ սա մաքուր քաղաքական սկզբունքի հարց էր: Եվ երբ հայտարարում էին, որ քաղաքականությամբ չեն զբաղվում, սակայն դա արդեն քաղաքականություն էր: Ես կարծում եմ, որ ակտիվիստները չէին ուզում գործ ունենալ առկա քաղաքական ուժերի հետ, և դա իրենց իրավունքն է: Քաղաքական ուժ ի վերջո կդառնան նրանք, թե ոչ, բարդ հարց է, քանի որ քաղաքական ուժ ձևավորելու համար լրացուցիչ պայմաններ և պահանջներ են անհրաժեշտ: Դեռևս ես չեմ տեսնում այդ լրացուցիչ պայմանները: Երբ այդ համապատասխան պայմանները ստեղծվեն, արդեն ի հայտ կգան և լիդերներ, և այն գաղափարախոսթյունը, որը կկարողանա շատերին միավորել որպես քաղաքական ուժ: Եթե վերցնենք Հարսնաքարի դեպքը, ապա տեսնում ենք, որ կարիք կա միավորելու այդ քաղաքացիական նախաձեռնությունները, ինչը եւ կատարվում է:

Քաջարան գյուղի խնդիրն էլ ոչ այնքան բնապահպանական է, այն քաղաքական խնդիր է:

Ի՞նչ պայմանների մասին է խոսքը:

Հարցն այն է, որ կանաչների գաղափախոսությունը մեզ մոտ դեռ չի միավորում բոլոր շարժումներին: Ուրեմն, քաղաքական ուժ դառնալու համար այլ բաղադրիչներ են հարկավոր, որոնք կմիավորեն շատ մարդկանց: Անկախություն ձեռք բերած հասարակությունն այսօր չի զգում դա, ավելին` հիասթափվում են, լքում երկիրը: Նոր հարթակ է պետք դրա համար, այլապես Հայաստանի մարդկային հրաշալի պոտենցիալն ենք կորցնում: Հեղափոխությունը միայն մասսան չի անում, մասսային ուժեղ լիդերներ են պետք: Պետք է գոնե մեկ անգամ իշխանությանը կարողանալ ցույց տալ, որ ինքը անպատժելի չէ, որ նա խոցելի է:

Հուլիս 16, 2012 at 16:34


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր