

ԷկոԼուր
Հայաստանում տիրող «թաց երաշտ»-ի պայմաններում ՀՀ կառավարությունը որոշեց Սեւանա լճից ջրի բացթողումները հասցնել 239.2 մլն խորանարդ մետրի: Որոշումն ընդունվեց օգոստոսի 2-ին: Ինչպես միշտ նպատակը նույնն է` Սևան-Հրազդան էներգետիկ-իրիգացիոն համակարգից սնվող հողատարածքների անխափան ոռոգումն ապահովելը:
Մինչեւ օգոստոսի 4-ն ընկած ժամանակահատվածում նախատեսված էր բաց թողնել 204.0 միլիոն խորանարդ մետր ջուր: Կառավարության նոր որոշմամբ օգոստոսի 4-ից մինչեւ օգոստոսի 18-ը բաց կթողնվի եւս 35.2 միլիոն խորանարդ մետր ջուր: Թե որքան ջուր բաց կթողնեն օգոստոսի 18-ից հետո, դեռ պարզ չէ:
Հիշեցնենք, որ հունիսի 22-ի ԱԺ արտահերթ նիստում մի անգամից երկու ընթերցմամբ Ազգային ժողովն ընդունեց «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին եւ «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքները, որոնց համաձայն, Սեւանից հնարավոր է բաց թողնել 320 միլիոն խմ ջուր:
Նշենք, որ ՀՀ ԳԱԱ-ին առընթեր Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը Ջրային պետական կոմիտեին փորձագիտական եզրակացություն է տվել Սևանա լճից 280 մլն խորանարդ մետր ջուր բաց թողնելու վերաբերյալ:
Օգոստոս 03, 2012 at 16:47
