

ԷկոԼուր
Արդյոք քաղաքացիական նախաձեռնությունները զերծ կմնան քաղաքական կուսակցություններից, թե կան ներքին պատճառներ, որոնք բաժանում են ակտիվիզմը եւ քաղաքականությունը:
Դատողություններ են անում Թեղուտ էկոկրթական ճամբարի մասնակիցները` ակտիվիսներ Գոռ Հակոբյանը, Հրայր Սավզյանը, Արթուր Գրիգորյանը եւ լրագրող Ժաննա Սարգսյանը:
Ժաննա Սարգսյան.
-Որքանո՞վ էր ՀԱԿ-ի գործողություններն ավելի վնասելու ձեզ, քան մյուս կուսակցություններինը, որ դուք հակաՀԱԿ-ական քայլեր ձեռնարկեցիք:
Գոռ Հակոբյան.
-Ի սկզբանե այն հարցն է դրվել, որ քաղաքացիական նախաձեռնության գործունեությունն իր բնույթով քաղաքական է: Ու այս գործընթացները, որ կատարվում են, քաղաքական գործընթացներ են: Հարցն այն է, թե մարդն ինչպես է պատկերացնում քաղաքականությունը: Եթե մարդիկ կարծում են, որ քաղաքականությունը մենակ կուսակցությունների մենաշնորհն է, ապա մենք ջարդում ենք այդ կարծրատիպերը եւ ասում ենք, որ քաղաքականությունը յուրաքանչյուր քաղաքացու պարտականությունն ու իր միջոցն է, թե ինքն ինչպես է իրացնում իր իրավունքները, կամ իր շահերի պաշտպանությունը: Մենք այդ թեզն ենք դրել եւ ասել ենք` այո, այս քաղաքացիական նախաձեռնությունը, կամ որեւէ տեսակի նախաձեռնություն իր բնույթով քաղաքական է, որովհետեւ այդպես է ճիշտ, բայց միշտ նշել ենք, որ սա ապակուսակցական է: Սկզբնական փուլում որոշ ուժեր փորձել են մտնել, ասել ենք` չէ, գնացեք: Ոզում եք, եկեք այստեղ որպես շարքային, որպես մասնակից, որպես քաղաքացի, որպես ակտիվիստ, խնդիր չկա, ով ուզում է, եկեք, բայց այն իմաստով, որ դուք գաք քաղաքական իմաստով, կուսակցական իմաստով պրոցեսը տանեք, ինքը համապատասխան արձագանք է ստանալու:
ՀԱԿ-ը եւ Ժառանգութունը, ի տարբերություն այլ կուսակցությունների, որ այդքան քաղաքացիական պրոցեսների մեջ խառնված չեն, դեռեւս կապեր ունեն իրենց քաղաքացիական մասսայի հետ…
Հրայր Սավզյան.
- Քաղաքական գիտելիքների, քաղաքական կրթության պակաս կա ակտիվիստների մոտ, ընդհանրապես հասարակության մոտ: Ակտիվիստները շատ մեծ կասկածանքով են վերաբերվում ընդհանրապես քաղաքական ճանապարհով լուծումներին` էկոլոգիական լուծումներին, ինչ ես համարում եմ բացասական երեւույթ: Սա պիտի հաղթահարվի: Իրականում ես տեսնում եմ, որ լուծումը պետք է քաղաքական ճանապարհով գա ու շատ-շատ լավ կլինի, որ ստացվի նոր քաղաքական ուժ, որովհետեւ ես ներկա ուժերի մեջ չեմ տեսնում այդպիսին…
Արթուր Գրիգորյան.
- Եթե մենք հարցը դիտարկում ենք նորմալ քաղաքական իրավիճակի պայմաններում, այդ դեպքում, այո, համագործակցությունը քաղաքական ուժերի եւ հասարակական կազմակերպությունների միջեւ եւ միգուցե, ինչու չէ, հասարակական կազմակերպությունների կողմից այդ քաղաքական ուժերին սատարելը նորմալ կարող է լինել: Բայց այս պահի դրությամբ մեր քաղաքական դաշտը նման չէ քաղաքական դաշտի: Սա քաղաքական դաշտ չէ, սա մի իրավիճակ է, երբ որ քաղաքական միավորները սպոնտան, առանց ինչ-որ կոնկրետ իդեալոգիայի … դու չես կարող վերցնել մեկին, ասես` սա իդեալոգիա ունի, գնամ նրա հետեւից: Լիբերալիզմ, սոցիալիզմ, պահպանողական` ամեն ինչ խառնվել է իրար: Հանրապետականն իրեն հորջորջում է Նժդեհական, բայց կատարում է այնպիսի գործողություններ, որոնք բնորոշ են նեոլիբեռալիզմին…Մի խոսքով, այստեղ իդեալոգիական որեւէ բան չկա: Մենք մեր գործն ենք անում, քաղաքական ուժերի հետ կփորձենք համագործակցել, կփորձենք նրանց ռեսուրսն օգտագործել:
Օգոստոս 03, 2012 at 17:03
