Երեւանի քաղաքապետը խոստացել է լուծել Դալմայի այգիների ոռոգման խնդիրը, բայց այգիները շարունակում են չորանալ

Երեւանի քաղաքապետը խոստացել է լուծել Դալմայի այգիների ոռոգման խնդիրը, բայց այգիները շարունակում են չորանալ

ԷկոԼուր

Արձակուրդից վերադարձած ՀՀ նախագահին Դալմայի այգիների հողօգտագործողները հիշեցնում են իրենց խնդիրների մասին: Օգոստոսի 31-ին հողօգտագործողները հերթական ակցիան անցկացրեցին Բաղրամյան 26 հասցեի մոտ` ՀՀ նախագահի նստավայրի դիմաց: Նրանց պահանջները մի քանիսն են, փոխհատուցել իրենցից վերցրած այգիների համար, մնացած կանաչ հատվածի համար ապահովել պատշաճ ոռոգում, միջոցներ ձեռնարկել, որպեսզի, այգիները չկորեն Ծովակալ Իսակովի և Լենինգրադյան փողոցները կապող 2,6 կմ երկարությամբ նոր արագընթաց ավտոմայրուղու շինարարության փոշու մեջ:

«Քաղաքապետը հատուկ նշեց, որ ոռոգման գործընթացի վրա հատուկ վերահսկողություն է ինքը իրականացնելու: Մի քանի տարածքներ նշելու շարքում հատուկ նշեց նաեւ Դալմայի այգիները: Բայց մենք հաստատ գիտենք, որ Դալմայի այգիներում հսկայական տարածքներ, կանաչ ծառը բուսականությունը վրան, արդեն չորանում է. ջուր չեն տալիս»,- «ԷկոԼուր»-ի հետ զրույցում ասաց «Դալմա-Սոնա» հիմնադրամի նախագահ Ռուզաննա Ղազարյանը:

Դալմայի այգիների հողօգտագործողների խոսքերով` այգիներից մոտ 156 հեկտար սեփականաշնորհվել է, մնացել է ընդամենը 30-35 հեկտար կանաչ գոտի:

«Եկեք տեսեք, ծառերի պտուղներն էլ, չորացրած այգիներն էլ, մնացած տարածքներն էլ: Ինչպե՞ս կարելի է այդ տեսակ այգին` ծանրաբեռնված տարբեր տեսակի մրգերով, քանդել:

…Մոտավորապես 30-35 հա կանաչ տարածք կա, որն այսօր ոռոգման ջրի խնդիր ունի, այդ ոռոգման խնդրի հետ միասին փոշին` էդ արագընթաց ճանապարհի կառուցման ընթացքում, այնտեղ ջրման աշխատանքներ չի կատարվում, կատարվում է առավոտյան` շատ չնչին քանակությամբ: Ամբողջ 10 ժամ այգիներն ամբողջովին կորած են փոշու մեջ:

…Հատուկ վիճակագրական պաշտոնական տվյալներով արդեն Երեւանում փոշին 3 անգամ նորմայից ավելի է: Դա պաշտոնականը, էլ չենք ասում, թե իրականում ինչքան է: Այդ փոշու հետ միաժամանակ կանաչ տարածքը չջրելը ուղղակի հանցագործություն է»,-  բողոքում էին Դալմայի այգիների հողօգտագործողները:

Օգոստոս 31, 2012 at 18:17


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր