Ախթալա՝ պայքար քաղաքապետի պաշտոնի՞ համար, թե՞ սեփականության բաժանում

Ախթալա՝ պայքար քաղաքապետի պաշտոնի՞ համար, թե՞ սեփականության բաժանում

ԷկոԼուր

Ախթալա քաղաքում տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունների հետ կապված միջադեպի արդյունքում արդեն ձերբակալվածներ կան: Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, օգոստոսի 30-ին ահազանգ է ստացվել, որ ոմն Բոդոլ (Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի անվտանգության բաժնի պետ Արսեն Չիչյան) հարձակվել է Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի տան վրա: Ինչպես պարզել է ոստիկանությունը Արսեն Չիչյանը  և Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչ  Էդգար Հախվերդյանը  հարձակվել են Կարեն Խաչիկյանին (քաղաքապետի եղբայր) պատկանող   Ախթալա քաղաքի Սպանդարյան  փողոցի 52-րդ շենքի 10-րդ բնակարանի    վրա, կոտրել  մուտքի դուռը`  ոչնչացնելով   ու վնասելով տան գույքը, այնուհետև  ոտքերով հարվածել ու վնասել են նշված շենքի  բակում կայանված Կարեն Խաչիկյանի եղբոր  «Մերսեդես Բենս» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով  պատճառել են առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: Փաստի առնչությամբ ՀՀ քրեական օրենսգրքի  185 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով  հարուցվել էր քրեական գործ: Ոստիկանությունը նաեւ հայտնում է, որ Կարեն Խաչիկյանը, գալով տուն, իմացել է կատարվածի մասին և   հորեղբոր որդու` Վաչագան Խաչիկյանի հետ  գնացել են Արսեն Չիչյանի` Ախթալա քաղաքի  Աբովյան փողոցի 22 շենքի թիվ 2  բնակարանը, որտեղ դիտավորյալ վնասել և մասամբ ոչնչացրել են նրանց տան գույքը, ռետինե մահակով հարվածներ հասցրել տան անդամներ Բենիկ Չիչյանին, Բավական Չիչյանին և  Նունե Խաչիկյանին:  Էդգար Հախվերդյանը կալանավորվել է, իսկ Կարեն Խաչիկյանը՝ ձերբակալվել:

Նշենք, որ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը հանքարդյունաբերական ձեռնարկություն է: Այսինքն՝ կոմբինատի հետ են կապված ոչ միայն անմիջապես աշխատողները, այլև սպասարկման ոլորտներում աշխատող նրանց ընտանիքների անդամները: Ինչպես հայտնի է, ձեռնարկության սեփականատերը գործարար Սերոբ Տեչ-Պողոսյանն է, որը մանկապղծության համար կրում է իր պատիժը:

Այն, ինչ կատարվում է Ախթալայում, հիշեցնում է ոչ միայն պարզապես իշխանության համար պայքար, այլեւ սեփականության բաժանում: Ակտիվներում է Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը, Շամլուղի պղնձի հանքավայրը:

Սեպտեմբեր 03, 2012 at 11:22


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր