

ԷկոԼուր
«Ջերմուկ-1» ՀԷԿ-ի կառուցման ընթացքում կարող է հատվել 250-ից 500 ծառ: «Հանրային լսման ժամանակ հարց առաջացավ, թե այդ ամբողջ տարածքը, որ իրենք ջրառն անցկացնում են, խողովակներն անցկացնում են, արդյոք ընկնում անտառային արգելավայրի տարածքում, իրենք այդ մասին ինֆորմացիա չունեին: Մենք հստակ ասացինք` եթե գլխամասը, կամ շինությունը, կամ անցկացվող խողովակաշարը, որեւէ մի հատվածը գտնվելու է արգելավայրի տարածքում, մենք կտրականապես դեմ ենք ՀԷԿ-ի շինարարությանը»,- «ԷկոԼուր»-ի հետ զրույցում ասաց «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ի համանախագահ Վազգեն Գալստյանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին Ջերմուկում անցկացվեցին հասարակական լսումներ «Ջերմուկ-1» փոքր ՀԷԿ-ի կառուցման նախագծի վերաբերյալ, որը ներկայացրեց «Ջերմուկ Տուրբոշին» ընկերությունը: Շինարարությունը սկսվել էր հասարակական լսումներից դեռ 2 ամիս առաջ:
Հասարակական լսումների մասնակից, Ջերմուկի բնակիչ Մակեդոն Ալեքսանյան. «Շատ դժգոհ ենք այդ լսումներից, որովհետեւ մի 13-14 մարդ կար, որոնցից 5-ը հենց կառուցապատողներն էին, մեկ հոգի` Բնապահպանության նախարարությունից, 2-ը` Ջերմուկի զարգացման կենտրոնից, Եղեգնաձորից մի հոգի եւ անտառի ներկայացուցիչներից մի 3 հոգի: Նախ ինչու եմ դժգոհ, որովհետեւ տեղեկացված չէինք: Ես նախորդ գիշերն եմ իմացել, որ լսումներ են կատարվում, մենք պատրաստ չէինք եւ դա մեր քաղաքին պատիվ չէր բերում: Մենք պետք է ուսումնասիրեինք այդ օրենսդրական ակտերը, թե որ օրենքներով են կարգավորվում եւ այլն: Եւ պարզվում է, որ կառուցապատողն այդ իրավունքը ձեռք է բերել մեկ ուրիշ կառուցապատողից, որը 7 տարի առաջ է ստացել կառավարության որոշումով այդ իրավունքը: Մինչդեռ օրենքները, որքանով որ ես ծանոթ եմ, Հողային օրենսգիրքը եւ այլն, նրանք ասում են, որ եթե այդ հողատարածքը 3 տարի նպատակային չի օգտագործվում, ուրեմն պայմանագիրը չեղյալ է հայտարարվում: …Փոքր ՀԷԿ-երը առանձնահատկություններ ունեն, որոնց ես տեղյակ չեմ, ազնվորեն ասեմ, այ հենց դրա համար եմ դժգոհ, եւ այնտեղ ոչ մեկը տեղյակ չէր, նույնիսկ չգիտեին, թե տարածքը ում է պատկանում, դրանք անտառային հողեր էին, թե համայնքային: Անտառտնտեսության աշխատակիցները եւ գլխավոր ճարտարապետը, որ ներկա էին, վիճում էին, թե դրանք ում տարածքն են: Եթե մի տարածք չգիտեն, թե ումն է, ես չգիտեմ, թե ինչ շուկա են անում, կներեք խոսքիս համար, ինչ բազար են անում այդտեղ»:
Վազգեն Գալստյան. «Քաղաքապետարանի գլխավոր հատակագծով նախատեսված է ճեմուղի անցկացնել մինչեւ այդ ջրամբարի հատվածում, ու քաղաքապետարանի հետ հուշագիրը ստորագրել են իրենք: Քաղաքապետարանն այդքան էլ հետամուտ չի եղել էկոլոգիական խնդիրներին, հուշագիրը ստորագրել են, որ ճեմուղին այդ խողովակների անցկացման հետ միասին ՀԷԿ-ի սեփականատերը պիտի կառուցի»:
Մակեդոն Ալեքսանյան. «Հասարակական լսումները եղել են ամսի 20-ին, մինչդեռ գործընթացը սկսել է երեւի 2 ամիս առաջ: Նրանց ձեռքը պետք է բռնի Բնապահպանության նախարարությունը, մի խոսքով` պատկան մարմինները»:
Լուսանկարը` Թեհմինե Ենոքյանի
Սեպտեմբեր 14, 2012 at 14:04
