

ԷկոԼուր
Գեղարքունիքի մարզպետարանը եւ Սեւանի հանձնաժողովը կհամագործակցեն` ի շահ Սեւանի մաքրության պահպանման: Կողմերը նման համաձայնության են եկել հոկտեմբերի 17-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Ինչպես տեղեկացնում է մարզպետարանի պաշտոնական կայքը, հանդիպման ընթացքւմ քննարկվել են Սևանա լճի ավազանում կենցաղային աղբի կառավարման և Սևանա լճի ու Սևան թափվող գետային ավազանների մաքրության պահպանման հարցերը: ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը նշել է, որ կենցաղային աղբի կառավարման ծրագիրը իրենց կողմից մշակված և հաստատված է, սակայն այն գործողության մեջ դնելու համար որոշակի ժամանակ և մեծ միջոցներ են հարկավոր, իսկ մինչ այդ հարկավոր է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համատեղ ջանքերով նախևառաջ ապահովել շրջակա միջավայրի մաքրության պահպանումը: Այդ նպատակով առաջիկա շաբաթվա ընթացքում անհրաժեշտ է գումարել խորհրդակցություն մարզի բոլոր համայնքների ղեկավարների և շահագրգիռ մյուս կառույցների մասնակցությամբ: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն էլ հավաստիացրել է, որ մարզպետարանը պատրաստակամ է աջակցել հանձնաժողովին նրա բոլոր ձեռնարկներում` ի շահ Սևանի մաքրության պահպանման:
Հոկտեմբեր 23, 2012 at 17:29
