«Deno Gold Mining»-ում այդքան էլ հանգիստ չէ

«Deno Gold Mining»-ում այդքան էլ հանգիստ չէ

ԷկոԼուր

Կապանի մեր աղբյուրները անհանգստություն են հայտնում այն կապակցությամբ, որ «Deno Gold Mining» ընկերությունում աշխատանքից հեռացնում են աշխատողներին: Նրանք կարծում են, որ դա կապված է նրա հետ, որ ընկերությունը պետք է անցնի Շահումյանի հանքավայրի բաց շահագործման, եւ հնարավոր է, նման կերպ փորձում է ազդել հասարակական կարծիքի վրա: Այժմ, ինչպես հայտնում են մեր աղբյուրները, աշխատանքից հեռացնում են աշխատողներին, ինչի արդյունքում նույնիսկ միջադեպ է եղել ընկերության մենեջերի հետ ընկերության վարչական գծով տնօրեն Հրաչ Ջաբրայանի ներկայությամբ: Ընկերությունը հերքում է զանգվածային ազատումների մասին փաստերը: Ստորեւ ներկայացնում ենք այս թեմայի վերաբերյալ մամուլի կարճ տեսությունը: «Առավոտ» թերթը գրում է (հոդված` «Դինո գոլդում տեղի ունեցող կրճատումները հանգեցրել են բախումների», հեղինակ` Մերի Սողոմոնյան,  http://www.aravot.am/2012/10/26/124286/), որ ««Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերությունում վերջերս տեղի ուենցող կրճատումները կամ աշխատողներին տարբեր պատճառներով աշխատանքից ազատելու հոսքը մեծ լարվածություն է առաջացրել Կապանի բնակչության ու  կոմբինատի աշխատողների շրջանում … «Եթե սենց շարունակվի` դժգոհության ալիք կբարձրանա, ինչպես նախկինում է եղել (ի նկատի ունեն 2009-2010թվականները)», – նշում են մեզ դիմած բնակիչները, ովքեր չցանկացան ներկայանալ…»: Եւ ապա. «Կոմբինատի արդեն նախկին աշխատակից Սասուն Հայրապետյանը 4 օր առաջ է ազատվել գործից: Մեզ հետ ունեցած զրույցում նշեց, որ Դինո գոլդի  անազնիվ արարքը նաեւ իր  վրա է կիրառվել, երբ աշխատանքից ազատել են առանց հիմնավորման…«…20 օր առաջ էլ հանքում աշխատող եղբորս են աշխատանքից ազատել: Երեք եղբայրներով էստեղ էինք աշխատում, երրորդ եղբորս մեկ տարի առաջ էին կրճատել, բայց դատարանով վերականգնվել է, եւ արդեն 15 օր է անցել է նորից աշխատանքի կոմբինատում: Հենց դատարանով վերականգնվեց, սկսեցին ինձ ու եղբորս անհիմն պատճառներով ազատել աշխատանքից…»,- նշեց «Դինո գոլդից» ազատված Սասուն Հայրապետյանը»»: «Առավոտը» նաեւ հրապարակել է «Deno Gold Mining»-ի դիրքրոշումը (հոդված` ««Դինո գոլդ»-ից պարզաբանում են, որ կրճատումներ չկան», http://www.aravot.am/2012/10/28/124645/). ««Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերության վարչական գծով տնօրեն Հրաչ Ջաբրայանը «Aravot.am»-ի հետ ունեցած զրույցում նշեց, որ  պաշտոնական կրճատումներ ընկերությունում չեն եղել, եւ դրա վերաբերյալ տարածված կարծիքներն իրականությունը չեն ներկայացնում, իսկ ինչ վերաբերում է վերջին ամիսներին աշխատողների ազատման դեպքերին, ապա նրանք լուրջ հիմքերով են ազատվել` գողության, աշխատանքի ժամերին քնած լինելու, ծուլության եւ այլն:… Իսկ մեր այն հարցին, թե արդյոք մարդկանց աշխատանքից ազատելու այդ քայլերը միտվա՞ծ չեն հենց այդ թիվը կրճատելուն, պարոն Ջաբրայանը պատասխանեց, որ աշխատողների թվին կրճատելուն զուգահեռ նոր աշխատողներ են ընդունվում եւ ընկերության աշխատողների ընդհանուր թիվն ի վերջո նույնն է մնում:  «Եթե այդպես լիներ, մենք այդ 100 հոգուն վաղուց կրճատած կլինեինք: Այս պահին մոտ 1204 աշխատող ունենք: Վերջին մեկ ամսվա ընթացքում 30 հոգի աշխատանքից դուրս է եկել եւ  12 նոր աշխատող ենք ընդունել աշխատանքի…»: ….Նաեւ մեր հարցին ի պատասխան անդրադարձավ ընկերությունում վերջին օրերին աշխատանքից ազատված Սասուն Հայրապետյանի եւ տնօրինության միջեւ եղած բախումներին, նրա եւ  եղբորը  գործից անհիմն ազատելու վերջինիս պնդումներին: Ջաբրայանի խոսքով` Սասուն Հայրապետյանի եղբայրն աշխատանքից ազատվել է, որովհետեւ հաստիքը փակվել է, իսկ Սասուն Հայրապետյանին աշխատանքից ազատել են 3 լուրջ պատճառներով, որոնք նա չցանկացավ հրապարակել, նշելով, որ  այդտեղ կան նաեւ  իրենց նախկին աշխատակցի անձնականին  վերաբերող հարցեր»:

Այս հարցին անդրադարձել է նաեւ «168 ժամ» թերթը: Մարինե Մարտիրոսյանի «Դինո գոլդը» «մո՞ւռ» էր հանել եղբայրներից» (http://168.am/2012/10/29/139655.html) հոդվածում նշված է. «…Ընկերության զանգվածային կրճատումների կապակցությամբ 168.am-ը փորձեց որոշ մանրամասներ ճշտել այնտեղ տեղի ունեցող խմորումների մասին: Ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գայանե Թադևոսյանը մեր ոչ բոլոր հարցերի պատասխաններն ուներ, հետևաբար, անընդհատ հորդորում էր գրավոր ուղարկել հարցերը: Հարցին, թե ի՞նչ հիմնավորմամբ են աշխատանքից ազատել ավելի քան 60 աշխատակցի, ինչի մասին, ի  դեպ, խոսում են Կապանում, Գ. Թադևոսյանը պատասխանեց, որ նման բան չկա, որ իրենք նախորդ ամսվա ընթացքում ազատել են 30 աշխատակցի…»:

Մեր կողմից հիշեցնենք, որ 2010-2011թթ. ընկերությունն ակտիվորեն քննարկեց հանքի բաց շահագործման նախագիծը,  հայտարարեց, որ դա այն տարբերակն է, որի դեպքում ընկերությունը կկարողանա ակտիվ աշխատել եւ պահպանել աշխատատեղերը: Սակայն նախագիծն տեղական հասարակայնության կողմից բացասական կարծիքի արժանացավ:

Նոյեմբեր 02, 2012 at 10:46


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր