

ԷկոԼուր
Ամբողջ Սեւանում Ծովագյուղ համայնքը հայտնի է ձկնորսությամբ: Այժմ, երբ Սեւանում ձուկ չկա, մոտ 800 բնակիչ` հիմնականում երիտասարդներ, մեկնել են Ռուսաստան` աշխատելու: Իսկ նրանցից 400-ը իրենց հետ տարել են նաեւ երեխաներին: «Ջուր չկա, հաց չկա, ժողովուրդ չկա, ինչ ասեմ… 18 տոկոսանոց վարկ է, բայց վրադ նստում է 24 տոկոս: Ու ամբողջ գյուղացիներն այսօր վարկի տակ են, բանկից վերցնում են, էն մեկին են տալիս, էն մեկից վերցնում են, էն մեկին են տալիս: Որը վերցնում են Ռուսաստան գնալու համար, գալիս են ամբողջ փողը ծախսում են, նորից տոմսի համար վարկ են վերցնում, որ գնան նորից: Ընդհանրապես գյուղացին պետությանը չի հետաքրքրում: Պետությանը հետաքրքրում է Երեւանը, Երեւանին մոտ գտնվող շրջանները, մնացած շրջաններին ո՞վ է ուշադրություն դարձնում: Մի հատ հյուսիսային պողոտա են կառուցել, որ 2 բնակիչ չկա մեջը, դռները բոլորը փակ, բայց միլիոններ են ծախսել … Մեր հիմնական խմելու ջուրը` Այծեմնասարը, որ օգտվում էինք, Թուրքիայի երկրաշարժի հետեւանքով, մեկ էլ Վրաստանում որ երկրաշարժ եղավ, ջուրը պակասեց, երեւի ճաքերի հետեւանքով ջուրը փախավ, գյուղը ջրից շատ է խեղճանում…»,- «ԷկոԼուր»-ին պատմեցին ծովագյուղցի կանայք:
Իսկ Ծովագյուղի նախկին գյուղապետ Գեւորգ Թովմասյանն էլ ասաց. «Մենք որ եկել ենք այստեղ, այս գյուղը հիմնել ենք, Սեւանա լճի համար ենք եկել: Ուրիշ այստեղ ապրելու ի՞նչ կա: Որ ճիշտը խոսանք, 9 ամիս ձմեռ է անում: Էս Սեւանա լճի ձուկն էլ վերջացավ, ընենց անխնա բռնեցին, մեր մեղքն էլ կա, ճիշտն ասեմ, …Ուրիշ զբաղմունք չկար, աշխատանք չկար: Մենակ էս տարի արդեն 800 ջահել երիտասարդ գտնվում են դուրս. գործ չկա: Դրանցից 400-ը, երեւակայի, էլ հետ չգան… մենք 4300 բնակիչ ունենք»:
Նոյեմբեր 05, 2012 at 14:40
