

ԷկոԼուր
Կովկասում քաղցրահամ ջրի միակ խոշոր ռազմավարական պաշար հանդիսացող Սեւանա լճի մակարդակը իջել է: Ինչպես տեղեկացնում է Գավառի օրհուս կենտրոնը, այն անցյալ տարվա հոկտեմբերի ցուցանիշից` 1900 մետր 19 սանտիմետրից, ցածր է 3 սանտիմետրով: Պատճառը այս տարի Սեւանից աննախադեպ քանակությամբ բաց թողնված ջուրն է: «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքի համաձայն, Սեւանից ոռոգման համար թւյլատրվում է բաց թողնել առավելագույնս 170 միլիոն խմ ջուր: Սակայն Հայաստանի օրենսդիր եւ գործադիր իշխանությունների համատեղ ջանքերով Սեւանի մասին օրենքներում շատ արագ փոփոխություն կատարվեց, եւ լճից որոշվեց ոռոգման համար բաց թողնել մինչեւ 320 միլիոն խմ ջուր: Ոչ ՀՀ կառավարությունը, ոչ Ազգային ժողովը, իրենց որոշումները կայացնելիս հաշվի չառան էկոլոգների կարծիքը, ովքեր ահազանգում էին, որ լճից այդքան ջուր վերցնելը մեծ վնաս կպատճառի Սեւանի էկոհամակարգին:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Գեղարքունիքի մարզի պաշտոնական կայքը, Սեւանի մակարդակի առավելագույն նիշը հունիս ամսին կազմել է 1900, 46 սանտիմետր: Օգոստոսի 18-ին այն իջել է տաս, սեպտեմբերի 18-ին` քսան սանտիմետրով: Նվազման գործընթացը պահպանվել է մինչեւ հոկտեմբեր ամիսը, որից հետո լճի մակարդակն առայժմ գրեթե մնում է անփոփոխ ջրի սակավ մուտքերի եւ չնչին տեղումների պատճառով:
Նոյեմբեր 06, 2012 at 10:45
