

ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարարությունը հաստատում է, որ մայրաքաղաք Երեւանը ճանաչվել է հանքարդյունաբերության գործունեության ազդակիր համայնք: Այս մասին նշված է «ԷկոԼուր»-ին ուղղված «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Անդրանիկ Գեւորգյանի 07.11.2012թ. ԱԳ 33/ 492 նամակում:
Հիշեցնենք, որ «ԷկոԼուր»-ը հարցում էր ուղարկել նախարարություն Սարի թաղի գիպսատար կավերի հանքավայրը շահագործող «Գաջեգործ» եւ Ջրվեժի գիպսատար կավերի եւ բազալիտի հանքավայրը շահագործել նախապատրաստվող «Գաջ» ընկերությունների գործունեության վերաբերյալ:
Նամակում նշված է. ««Գաջեգործ» ՓԲԸ-ի կողմից 19.06.2012. ՀՀ բնապահպանության նախարարություն` շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության է ներկայացվել Երեւանի Սարի Թաղի գիպսատար կավերի հանքավայրի Հարավ-արեւելյան տեղամասի նախագիծը: Որպես ազդակիր համայնք է ճանաչվել Երեւան քաղաքը եւ նախատեսվող գործունեության մասին քաղաքապետարանը ծանուցվել է 02.07.2012թ ԱԳ-33296 գրությամբ: Ս. թ. հուլիսի 17-ին, ժամը 12.00-ին «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով սահմանված կարգով ք. Երեւան Գաջեգործների 74 հասցեում վերոնշյալ նախագծի վերաբերյալ տեղի են ունեցել հասարակական լսումներ, որոնց մասին հայտարարությունը հրապարակվել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի 04.07.2012թ թիվ 125 /5454/ համարում եւ տեղադրվել ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում: Լսումների արդյունքում կազմվել է արձանագրություն, որով հավանություն է տրվել նախագծին:
Նախագծի վերաբերյալ Երեւանի քաղաքապետարանի կարծիքը, ինչպես նաեւ լիազորված անձի մասնագիտական եզրակացությունը դրական է:
Ինչ վերաբերում է «Գաջ» ՓԲԸ-ի կողմից 28.08.2012թ. փորձաքննության ներկայացված Ջրվեժի գիպսատար կավերի եւ բազալտների (2-րդ հանքամարմին) հանքավայրի ընդլայնման նախագծին, դրա մասին 15.10.2012թ. ԱԳ -33/450 եւ ԱԳ -33/451 գրություններով ծանուցվել են ինչպես ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժի գյուղապետարանը, այնպես էլ Երեւանի քաղաքապետարանը: Ս.թ. նոյեմբերի 2-ին, ժամը 12.00-ին Ջրվեժի գյուղապետարանում նախատեսվում են հասարակական լսումներ, որոնց մասին հայտարարությունը հրապարակվել է «Հայաստանի Հանրապետություն օրաթերթի 23.10 2012թ թիվ 193 /5522/ համարում եւ տեղադրվել ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում:
Ինչ վերաբերում է Ջրվեժի հանքավայրի նախագծի վերաբերյալ Երեւան քաղաքում հասարակական լսումներ կազմակերպելուն, դա հնարավոր է, առավելեւս որ Երեւանի քաղաքապետարանը, ինչպես նշվել է վերեւում, նախատեսվող գործունեության մասին արդեն ծանուցվել է:
Միաժամանակ հայտնում եմ, որ ինչպես հանքավայրերի ուսումնասիրությունների, այնպես էլ շահագործման լիցենզիաները /թույլտվությունները/ տրամադրում է բացառապես ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը»:
Նշենք, որ նախարարությունը «ԷկոԼուր»-ին չի տրամադրել հասարակական լսումների արձանագրությունները, ինչի մասին նշված էր «ԷկոԼուր»-ի հարցման մեջ: Նաեւ նամակում չկա տեղեկատվություն, թե Սարի թաղի եւ Ջրվեժի շահագործվող հանքավայրերը փոշու ինչպիսի ծանրաբեռնվածություն են առաջացնում շրջակա միջավայրի համար:
Նոյեմբեր 12, 2012 at 13:53
