

ԷկոԼուր
Երեւան քաղաքի տարածքում շահագործման հանձնված հանքավայրերի զբաղեցրած տարածքը, ըստ նախարարության կողմից տրամադրված լենահատկացման ակտերի, 2,56 քմ է: Այս «ԷկոԼուր»-ին պատասխան նամակով ( N 07/24.1/4827-12, 19.11.20122.) հայտնեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Ղահրամանյանը:
Հիշեցնենք, որ «ԷկոԼուր»-ը նամակով դիմել էր Երեւանի քաղաքապետարան, Բնապահպանության եւ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություններ` Երեւանում հանքարդյունաբերության վիճակի վերաբերյալ եւ առաջարկել հասարակական լսումներ անցկացնել: Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության նամակում նշված է, որ Երեւանի տարածքում հանքավայրերի շահագործման նոր դիմումներ ներկայումս չկան: Հանքարդյունաբերող ընկերությունների գործունեության ընդլայնման եւ վերահսողության հարցերի առնչությամբ նախարարությունը հղում է անում գործող օրենսդրությանը: «Հարկ է նշել, որ ընդերքօգտագործման նպատակով հատկացված տարածքների ընդլայնումը կարող է իրականացվել միայն Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի պահանջներին համապատասխան…Երեւան քաղաքի տարածքում ընդերքօգտագործման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի եւ «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան: Իսկ ինչ վերաբերվում է երեւանցիների իրազեկվածությանը ընդերքօգտագործման գործընթացներին, ապա խնդիրը կարգավորվում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով»,- նշված է նամակում:
Հիշեցնենք, որ Բնապահպանության նախարարությունը «ԷկոԼուր»-ին ուղղված պատասխան նամակում հաստատել է, որ մայրաքաղաք Երեւանը հանքարդյունաբերության գործունեության ազդակիր համայնք է, եւ նախարարությունը դեմ չէ Երեւանում այս հարցի վերաբերյալ հասարակական լսումներ անցկացնելուն: Սակայն Երեւանի քաղաքապետարանը, որը հանդիսանում է ուղղակի շահագրգիռ կողմ, եւ որի վրա դրված է այդ լսումների կազմակերպումը, ոչ մի պատասխան չի ուղարկել:
Նոյեմբեր 23, 2012 at 19:07
