

ԷկոԼուր
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (EBRD) մտադիր է «Dundee Precious Metals» կանադական ընկերությանը պատկանող «Deno Gold Mining» ընկերությանը 45 միլիոն դոլլարի վարկ տրամադրել: Վարկի նպատակը շրջակա միջավայրի, սոցիալական պայմանների, առողջության եւ անվտանգության, ինչպես նաեւ գործունեության թափանցիկության վերաբերյալ ավելի բարձր չափանիշների եւ պրակտիկաների հաստատումն է: Նախագծում հիշատակված երկրների թվում, որտեղ գործում է «Deno Gold Mining» ընկերությունը, նշված է նաեւ Հայաստանը: «Հայաստանում «Deno Gold Mining» ընկերության գործողությունները պետք է կատարվեն` համաձայն Սոցիալական եւ բնապահպանական միջոցառումների պլանի, որպեսզի «Deno Gold Mining» ընկերության գործունեությունը համապատասխանեցվի EBRD-ի պահանջներին»,- նշված է նախագծում:
«ԷկոԼուր»-ը մի շարք հանդիպումներ ունեցավ Կապանում` պարզելու, թե որքանով է «Deno Gold Mining Company»-ն պատրաստ համապատասխանել EBRD-ի պահանջներին: Առաջին հանդիպումը «Deno Gold»-ի գլխավոր տնօրեն Իլյա Գարկովի հետ էր: Ցավոք, մենք չենք կարող ներկայացնել հարցազրույցի ամբողջական տեքստը, քանի որ Ի. Գարկովը թույլ չտվեց նկարահանում իրականացնել` պատճառաբանելով դա նրանով, որ ընկերությունը պետք է նախօրոք զգուշացված լիներ դրա մասին:
ԷկոԼուր. «Ինչպե՞ս եք Դուք գնահատում «Սոցիալական եւ էկոլոգիական գնահատական եւ կառավարման համակարգ» չափանիշի կատարումը»:
Ի. Գարկով. «Այս երեք տարիների` 2009-2011թթ. ընթացքում մենք հարկատուների ցուցակում 43-րդ տեղից տեղափոխվել ենք 9-րդ տեղն այն բանի հաշվին, որ 1,5 անգամ մեծացրել ենք արդյունահանման ծավալը, եւ կառավարման համակարգի արդյունավետության հաշվին: Մենք վերակառուցում ենք կատարել, ներդրել ենք նոր սարքավորումներ եւ աշխատանքների բարելավման համար նոր պրակտիկա: Մենք կողմնակից ենք տարբեր չափանիշների, բարելավում ենք արտադրողականության արդյունավետությունը, վճարում ենք բոլոր ապահովագրություններին: Կատարում ենք աշխատավարձերի վճարումներ, վճարում ենք ուղղակի եւ անուղղակի հարկեր: Ազդեցություն է թողնում նաեւ ռոյալթիի ավելացումը»:
«ԷկոԼուր»-ի նկատառում`10 տարվա ընթացքում Սյունիքում հանքարդյունաբերության ծավալները գնային համարժեքով կազմել են 152 միլիարդ դրամ: Հիմնական կշիռը ընկնում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) վրա, որի արդյունահանման ծավալը տարեկան կազմում է 12.8 միլիոն տոննա: Հարկատուների ցուցակում ԶՊՄԿ-ն զբաղեցնում է 2-րդ տեղը` 2012թ. հունվարից սեպտեմբեր ամիսներին վճարելով 14 797 753 800 դրամ (37 միլիոն դոլլար): «Deno Gold Mining Company» ընկերությունը տարեկան արդյունահանում է 600 հազար տոննա հանքաքար: Հարկատուների միեւնույն ցուցակում ընկերությունը զբաղեցնում է 9-րդ տեղը` վճարելով 4 172 727 000 դրամ (10,43 միլիոն դոլլար):
«ԷկոԼուր». «Ինչ է արվում 3-րդ չափանիշի ապահովման համար, որն է` «Շրջակա միջավայր աղտոտման կանխարգելում եւ վերացում»»:
Ի. Գարկով. «Մենք Գեղանուշի պոչամբարի եւ Շահումյանի հանքավայրի շրջաններում ներդրել ենք շրջակա միջավայրի մշտադիտարկման համակարգ: Աշխատանքներ են կատարվում` ռեաբիլիտացնելու Արծվանիկի պոչամբարի այն հատվածը, որն ընկերության կողմից օգտագործվում էր մինչեւ Գեղանուշի պոչամբարի կառուցումը: Աշխատանքներն իրականացվում են երկու փուլով: Պոչամբարը կծածկվի դատարկ ապարների շերտով, իսկ կողքին կանցկացվի ջրահեռացում, որպեսզի անձրեւները չողողեն պոչերը»:
«ԷկոԼուր»-ի նկատառում` Արծվանիկի պոչամբարը պատկանում է ԶՊՄԿ-ին: «Deno Gold»-ը օգտագործել է Արծվանիկի պոչամբարի մի մասը մինչեւ 2007 թվականը: Պոչամբարը չէր բավարարում անվտանգության պահանջներին: 2006-ին` Սյունիք գյուղի վրա պոչերի արտահոսքի համար «Deno Gold»-ը վճարեց 10 միլիոն դրամ (ավելի քան 25 հազար դոլլար): 2007 թ-ին ընկերությունը շահագործման հանձնեց Գեղանուշի նոր պոչամբարը: Մինչեւ 2012 թվականը պոչամբարի համակարգը գործում էր առանց վթարների: 2012թ-ին պոչամբարի վթար եղավ: 2012թ. նոյեմբերի տեղի ունեցած վերջին վթարի տուգանքի չափը կազմեց 2880000 դրամ (7200 դոլլար): Իսկ դեկտեմբերի 1-ին տեղի ունեցած վթարի չափը դեռ պարզ չէ:
«ԷկոԼուր». «Իսկ ի՞նչ կասեք «Բնակչության առողջություն եւ անվտանգություն» չափանիշի մասով»:
Ի.Գարկով. «Մենք ղեկավարվում ենք Բնապահպանության նախարարության կողմից հաստատված ՇՄԱԳ-ով (շրջակա միջավյրի վրա ազդեցության գնահատական): Մենք անցկացրել ենք օրենքով նախատեսված հասարակական լսումներ եւ ցանկանում ենք համապատասխանել միջազգային չափանիշներին: Բայց այն նախագծերը, որոնք քննարկվել են հասարակական լսումների ժամանակ, չեն ունեցել ուղղակի ազդեցություն շրջակա միջավայրի վրա»:
ԷկոԼուր. «Բայց ընկերության ՇՄԱԳ-ում ընթանրապես բնակչության առողջության վիճակի մասին բաժին չկա…»:
Ի. Գարկով. «Մենք նոր են ենք սկսել EBRD-ի հետ քննարկել ներքին չափանիշները, եւ ես դեռ ոչինչ չեմ կարող ասել այդ մասին»:
ԷկոԼուրի նկատառում` Հայաստանում գործում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքը, որը պարունակում է դրույթներ, որոնք պետք է պարտադիր կատարվեն, մասնավորապես` բնակչության առողջության եւ բարեկեցության վրա ազդեցություն, բնակավայրերի շրջակա միջավայրերի վրա ազդեցություն, բնական ռեսուրսների օգտագործման վրա ազդեցություն, պատմամշակութային հուշարձանների վրա ազդեցություն: Բնապահպանության նախարարությունը ընկերությանը տրամադրել է բնապահպանական փորձաքննության դրական եզրակացություն:
ԷկոԼուր. «Եթե Դուք դիմեք EBRD-ին վարկի համար, ապա Դուք պետք է չափանիշներ ներդնեք»:
Ի. Գարկով. «Մենք դեռ Հայաստանի համար վարկի խնդրանքով չենք դիմել: Ներկա դրությամբ մենք`ինքներս, կարող ենք ֆինանսավորել մեր ծրագրերը»:
ԷկոԼուր. «Իսկ ինչպե՞ս եք համատեղելու Շահումյանի հանքավայրի բաց շահագործման նախագիծը առողջությանը եւ շրջակա միջավայրին վերաբերող չափանիշների հետ: Այդ նախագիծը մնացե՞լ է ընկերության ուշադրության կենտրոնում»:
Ի.Գարկով. «Մենք սկսել ենք բաց հանքի նախագիծը քննարկել դեռ 2008 թվականից: 2012թ-ին շարունակվում են հետախուզման աշխատանքները: Արդյունքները կվերլուծվեն 2013թ-ի 2-3-րդ քարորդում: Այդ ժամանակ հնարավոր կլինի հասկանալ, թե որ տարբերակն է աշխատելու` բաց, փակ, թե խառը: Բնակչության եւ հասարակայնության հետ կանցկացվեն խորհրդակցություններ եւ բանավեճեր: Յուրաքանչյուր հարցը մանրամասնորեն կքննարկվի: Եւ կախված այն բանից, թե մենք որքանով կկարողանանք այդ հարցերին բավարարել, այդպիսի որոշում էլ կընդունվի»:
ԷկոԼուր. «Եթե ընդունվի հանքի բաց շահագործման նախագիծը, ապա թափոնների ծավալը բազմակի կավելանա: Գեղանուշի պոչամբարը չի կարողանա դրանք ամբարել: Որտե՞ղ են այդ թափոնները հավաքվելու»:
Ի. Գարկով. «Այո, Գեղանուշի պոչամբարը չի կարող բավարարել, դա հասկանալի է: Բայց մենք դեռ չենք դիտարկել այդ հարցը, եւ այն կդիտարկենք այն ժամանակ, երբ որ ստույգ որոշում ընդունենք»:
ԷկոԼուր. «Հանքավայրն ունի դատարկություններ, որոնք հանգեցնում են փլուզումների: Այդ փլուզումներն արդեն կան Շահումյանի հանքավայրի տարածքում….»:
Ի. Գարկով. «Ընդամենը մի փլուզում: Լուրերը այլ փլուզումների մասին չեն համապատասխանում իրականությանը, դա պարզապես սողանք էր: Կան տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս լուծել խնդիրը, օրինակ, շահագործված ստորգետնյա հանքը լցնել դատարկ ապարներով եւ կատարել հատուկ ամրացումներ»:
ԷկոԼուր. «Եւ դատարկությունների կամ շահագործված ստորգետնյա հանքերից ո՞ր տոկոսն է լցվել այդ ապարներով»:
Ի. Գարկով. «Ես չգիտեմ, թե ով է որոշում այդ տոկոսը: Դատարկությունները լցված են այնքանով, որքան պետք է, այսինքն` ընտրովի` ըստ անհրաժեշտության: Մենք լցնում ենք այն ժամանակ, երբ պետք է լինում լցնել»:
ԷկոԼուր. «6-րդ չափանիշ. «Բնական ռեսուրսների հաշվեկշռված կառավարում եւ կենսաբազմազանության պահպանում»»:
Ի. Գարկով. «Մենք կարող ենք վերականգնել վնասը պրոակտիվ ժամանակաշրջանում: Օրինակ` մեկ այլ տեղ անտառ ենք տնկում»:
ԷկոԼուրի նկատառում` Այս չափանիշը կասկած է հարուցում նրանով, թե այն ընդհանրապես հարմար է օգտագործելու ընդերքի` որպես սպառվող ռեսուրսի շահագործման առումով: Սկզբունքորեն հնարավոր չէ շահագործված հանքերը, թափոններով լցված պոչամբարները նախնական տեսքի բերել:
Հաջորդ թողարկումներում մենք կներկայացնենք Կապան քաղաքի հասարակայնության կարծիքն այն մասին, թե որքանով է «Deno Gold»-ի գործունեությունը համապատասխանում էկոլոգիական եւ սոցիալական պատասխանատվության չափանիշներին:
Դեկտեմբեր 03, 2012 at 11:44
